Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածքը անապատացվում է». Արարատյան դաշտի աղետ․ գնահատում և առաջարկություններ

Սեպտեմբեր 18,2024 17:50

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման հետևանքներն են՝

  • Արտեզյան ճնշումային շերտի կրճատում 2 անգամ
  • Գրունտային ջրերի մակարդակի իջեցում մինչև 17 մետրով
  • Այղր լճի չորացում
  • Մեծամոր գետի ելքի կրճատում 10-12 անգամ
  • 2016թ․դրությամբ Արտեզյան ավազանի ջրային պաշարների կրճատում 170 միլիոն խմ-ով
  • Արարատյան արտեզյան ավազանում Ջրային օրենսգրքով սահմանված ջրօգտագործման առաջնահերթությունների չպահպանում
  • Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ջրային ռեսուրսի գերօգտագործան արդյունքում աղետների նկատմամբ խոցելիության բարձրացում

Արարատյան արտեզյան ավազանի վիճակն Էկոլուրի հետ զրույցում ներկայացրեց փորձագետ, հիդրոլոգ Բենյամին Զաքարյանը, որը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության երկու ծրագրի շրջանակում որպես հիդրոլոգ շուրջ 10 տարվա ընթացքում վերլուծել և գնահատել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանը։

Առաջինը «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրն է, որն իրականացվել է 2012-2015 թվականներին։ Պատրաստվել է «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» հաշվետվությունը։ Կատարվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի հորերի և ջրառի գույքագրում։ Գնահատվել է՝ ինչքան ջրառ է իրականացվում և ինչ նպատակներով։ «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ջրատար շերտերը երկու տիպի են՝ արտեզյան և գրունտային։ Արտեզյանը ճնշումային է, որը կազմված է երկու հիմնական ջրատար շերտից։ Վերջին 30-40 տարվա ընթացքում ճնշումային շերտը տարածքով կրճատվել է մոտ 2 անգամ։ Իջել է նաև գրունտային ջրերի մակարդակը, նվազել՝ արտեզյան ավազանի ճնշումը։ Կենտրոնական մասում՝ Մասիսի տարածաշրջանում, տարբերությունը հասնում է մինչև 5-6 մետր, Արարատի տարածաշրջանում՝ 16-17 մետր։ Սա շատ մեծ վնաս է, տասնամյակներ են պետք, որպեսզի ճնշումներն ու մակարդակները վերականգնվեն։ Վնասների չափերը գնահատելու համար ասեմ, որ Այղր լիճը (Ակնալիճ), որը սնվում է առաջին ճնշումային ջրատար շերտից, արդեն սկսում է չորանալ, քանի որ սնուցում գրեթե չի ստանում։ Այղր լճի հարակից հորերից, որոնց հորիզոնները նույնպես իջել են, սնուցվում է ատոմակայանը։ Մեծամոր գետի ելքը, որը սկիզբ է առնում Այղր լճից, կրճատվել է 10-12 անգամ վերջին 30 տարվա ընթացքում։ Ըստ Մեծամոր-Տարոնիկ դիտակետի հիդրոլոգիական դիտարկումների՝ եթե նախկինում տարվա միջին ելքը 17 խմ էր, հիմա իջել է 0․8-1 խմ», – ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Բենյամին Զաքարյանը։

Մյուսը «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրն է։ «2016-2021 թվականների ընթացքում ուսումնասիրել ենք Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանի ջրային հաշվեկշիռը,  մոդելավորել ենք ստորերկրյա ջրավազանը և գնահատել ջրային պաշարները՝ հաշվեկշռային մեթոդով։ Համեմատել ենք շահագործվող պաշարները 1984 թվականին գնահատված պաշարների քանակի հետ։ Այդ ժամանակ շահագործվող պաշարները գնահատվել են շուրջ 1 միլիարդ 90 միլիոն խմ։ Մեր գնահատմամբ՝ 2016 թվականին այդ պաշարները կազմել են շուրջ 920 միլիոն խմ, այսինքն, դրանք կրճատվել են շուրջ 170 միլիոն խմ-ով», – ասաց Բենյամին Զաքարյանը։

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանը նաև ենթարկվում է կլիմայի փոփոխության ազդեցությանը։ Փորձագետի խոսքով՝ վերջին 30 տարվա ընթացքում կլիմայի փոփոխության արդյունքում Արարատյան դաշտի ավազանում ջրային ռեսուրսները կրճատվել են 10-15 տոկոսով։ «Ըստ կլիմայական կանխատեսումների՝ մինչև 2100 թվականը Արարատյան դաշտի ավազանում ջրային պաշարները կկրճատվեն 30-40 տոկոսով միջին սցենարով, իսկ վատագույն սցենարով՝ 50-60 տոկոսով։ Տարածքը անապատացվում է․ ջուրը պետք է օգտագործել այնքան, որ չխաթարվի ջրային ռեսուրսների՝ գետերի, լճերի, ստորերկրյա ջրավազանների էկոլոգիական վիճակը», – նշեց Բենյամին Զաքարյանը։

Ըստ նրա՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանում ամենամեծ ջրառը բաժին է հասնում ձկնաբուծությանը։ 2016 թվականին Արարատյան դաշտի ջրօգտագործումը կազմել է 2․089․92 միլիոն խմ, որից 840․48 միլիոն խմ միայն ձկնաբուծության նպատակով, որից 809․1 միլիոն խմ ստորերկրյա ջրօգտագործումից։

«Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանը  ռազմավարական նշանակություն ունի։ Որպես փորձագետ՝ ասեմ, որ արտեզյան ջրերի օգտագործմամբ ցանկալի չէ և ճիշտ չէ ձկնաբուծություն զարգացնել։ Ըստ Ջրային օրենսգրքի՝ կան ջրօգտագործման առաջնահերթություններ։ Առաջինը՝ խմելու, երկրորդը՝ ոռոգման, հետո մնացածը։ Առաջին երկուսը, եթե չապահովեցիր, իրավունք չկա անցնելու մյուսներին, իսկ մենք Արարատյան դաշտում ունենք խմելու և ոռոգման խնդիրներ, ինչը ձկնաբուծության հետևանքներից է։ 32 բնակավայր զրկվել է խմելու ջրի հասանելիությունից», – նշեց Բենյամին Զաքարյանը։

Արարատյան դաշտում ստեղծված վիճակը մեղմելու համար մշակվեց պետական քաղաքականություն․ կոնսերվացվեցին խորքային հորեր, տեղադրվեցին ջրաչափեր, որոշում կայացվեց ձկնաբուծարաններում ներդնել ջրի փակ շրջանառու համակարգ։ Բենյամին Զաքարյանի խոսքով․ «Այժմ ձկնաբուծարաններում օգտագործվող ստորերկրյա արտեզյան պաշարներից վերցված ջուրը  դրենաժային համակարգով լցվում է գետեր։ Տարեկան մոտ 600-700 միլիոն խմ ջուր Արարատյան դաշտից ուղարկում ենք դեպի Արաքս»։

Իրավիճակը մեղմելու համար Բենյամին Զաքարյանն իր առաջարկություններն ունի․

–  Ձկնաբուծարաններից Հրազդան գետ հեռացվող ջրաքանակից ինքնահոս եղանակով հնարավոր է 95 միլիոն խմ լրացուցիչ ջրառ կատարել և Մասիս, Մխչյան, Հովտաշատ, Արևաբույր ու Արաքսավան համայնքների հողատարածքներում լրացուցիչ ոռոգել մոտ 1500 հեկտար հողատարածք։

–  Ձկնաբուծարաններից Մեծամոր գետ հեռացվող ջրաքանակից ինքնահոս եղանակով հնարավոր է 25 միլիոն խմ լրացուցիչ ջրառ կատարել Ռանչպար-Սիս-Նորոմարգ – ՀՀ սահման ընկած տարածքում և ոռոգել մոտ 700 հեկտար հողատարածք։

–  Կոլեկտորադրենաժային ցանցից, հիմնականում Հրազդան-Արաքսյան կոլեկտորից, ինքնահոս և պոմպերով հնարավոր է կատարել 230 միլիոն խմ ջրառ և օգտագործել Արաքսավան-Նոյակերտ համայնքների, Հրազդան-Արաքսյան կոլեկտորի և Երևան-Արարատ ավտոմայրուղու մինչև ընկած հողատարածքների ոռոգման նպատակով։

«Մնացած ջուրը պետք է հետ մղել դեպի Արաքսի հնահուն, այնտեղ շատ տեղեր կան լցվելու։ Ձմռանը կարելի է հետ մղել հորերի մեջ, գրունտային ջրերը սնուցելու», – նշեց Բենյամին Զաքարյանը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է բոլոր ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, խստացնել ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, ներդնել կաթիլային ոռոգման համակարգեր։ «Ձկնաբուծարանների գոնե կեսը պետք է փակվի, իսկ պետությունն այլընտրանք տա բիզնեսին», – նշեց նա։

Ջրային պաշարների նվազումը ստիպում է մարդկանց ավելի խորը հորատել հորերը։ Տեղի բնակիչներն Էկոլուրի հետ զրույցում նշել էին, որ խմելու ջուրը հորատում են 180 մետր խորությունից։

Կան նաև ջրային ռեսուրսների կառավարման և օգտագործման անդրսահմանային խնդիրներ։ «Արաքս-Ախուրյան գետավազանի մակերևութային ջրերի մասին է խոսքը։ Մենք պետք է ավելի արդյունավետ օգտագործենք Արաքսի ջուրը․ ոչ ոռոգման սեզոնին ջրանցքներով ջուրը հնարավոր է ուղղել դեպի Արաքսի հնահուն և կուտակել Արարատյան դաշտի տարածքում և  ջրամբարներում։ Արաքս գետը տարեկան միջինում բերում է մոտ 2․5 միլիարդ խմ ջուր Հայաստան-Թուրքիա սահմանի հատվածում։ Էկոլոգիական հոսքը որ հանենք, Հայաստանի և Թուրքիայի օգտագործելի ջրային ռեսուրսի մասնաբաժինը կկազմի յուրաքանչյուրը 1․1 միլիարդ խմ։ Տարիներ շարունակ Արաքս գետի և դրա վտակների վրա Թուրքիայի տարածքում բազմաթիվ ջրամբարներ են կառուցվել և շարունակում են կառուցվել։ Դրանով պայմանավորված՝ ներկայիս գետային հոսքը, որն առանց այդ էլ պակասում է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, ավելի կկրճատվի, և արդյունքում կնվազի նաև մեզ հասանելիք օգտագործելի ջրի մասնաբաժինը։ Այնպես որ, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք կրճատելու ջրային համակարգից կորուստները, կուտակելու հասանելի ջրային ռեսուրսները և վերականգնելու Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանը», – ասաց հիդրոլոգ Բենյամին Զաքարյանը։

Նա նաև շեշտեց՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ջրային ռեսուրսի գերօգտագործումը բարձրացնում է աղետների նկատմամբ խոցելիությունը։

«Ջրային ռեսուրսների գերօգտագործման հետևանքով ունենք ստորերկրյա ջրավազանի մակարդակի իջեցում, ճնշումների իջեցում, հողածածկույթի նստեցում։ Երկրաշարժի դեպքում՝ սա կարող է ուժգնության 2-3 բալի արհեստական ավելացման պատճառ դառնալ։ Քանի որ ստորերկրյա ջրավազանից ջրի գերօգտագործումից ապարների միջև տարածքը դատարկվում է, և դրանից այդ հատվածներում երկրակեղևն անկայուն է դառնում, տեղեր կան՝ հողը նստում է», – ասաց փորձագետը։

Հոդվածը պատրաստվել է «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում:

Էկոլուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30