Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպրեսիայի ժամանակ բացում եմ քարտեզը, նայում եմ քարտեզին, հարեւանությանը եւ որոշակի հանգստություն եմ ապրում. ԱԽ քարտուղար

Սեպտեմբեր 18,2024 16:35

«Եթե անվտանգության ոլորտում մի շարք հաջողություններ ունենք, տնտեսության ոլորտում դեռեւս մեծ հաջողություններ չունենք, շարունակում ենք մեծ ծավալի ջանքեր ներդնել, որ կարողանանք հաջողություններ ունենալ»,- «Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ»,- պանելային քննարկման ժամանակ այսօր ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը

Անվտանգության ոլորտում հաջողություններից մեկը, ըստ Արմեն Գրիգորյանի, մեր ռազմատեխնիկական համագործակցությունն է. «Նախկինում 96 տոկոսից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել ենք ՌԴ հետ, այսօր այդ թիվը իջել է 10 տոկոսից էլ ցածր թվի: Ինչը վերջին չորս տարվա քաղաքականության հաջողությունն է: Այսօր ունենք մի քանի կարեւոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ Հնդկաստանը, Ֆրանսիան: Ու փնտրում ենք նոր գործընկերներ, որ այդ ուղղությամբ տարվող մեր աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն: Նաեւ նպատակ ունենք, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 30 տոկոսը լինի ՀՀ ներսում, ռազմարդյունաբերական ոլորտը սպասարկի ՀՀ կարիքը»:

Արմեն Գրիգորյանը խոսեց նաեւ ՀՀ անվտանգության, արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից՝ բազմազանեցումից. «Դրա հիմնական նպատակն է, որ այն խնդիրները, որոնք ունեցել ենք 2020 թվականի պատերազմի ընթացքում ու հետո, կարողանանք կառավարելի դարձնել, ավելացնել ՀՀ կարողությունները: Մենք՝ որպես կառավարություն, բազմիցս խոսել ենք ՀՀ անվտանգության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին. դիվերսիֆիկացիան բազմազանեցումը մեր հիմնական առաջնահերթությունն է:

Փնտրում ենք նոր գործընկեր նաեւ տնտեսական հարցերով, որովհետեւ տնտեսության բազմազանեցումը նույնպես կարեւոր է: Ռազմականացումը միայն մեր տարածաշրջանում տեղի չի ունենում, այժմ Եվրոպայում էլ է ռազմականացումը ինտենսիվ տեղի ունենում, սա գլոբալ խնդիր է: ՀՀ-ն գլոբալ տրենդին համահունչ է: Ի դեպ, մեր կարողությունները ձեռք ենք բերում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

ՀՀ ռազմավարական առաջնահերթություններն են ինքնիշխանության ամրապնդումը, տարածքային ամբողջականության պաշտպանությունը եւ ժողովրդավարության ամրապնդումը»:

Նրա խոսքով, բարդ տարածաշրջանում բարդ քաղաքականություն վարելու անհրաժեշտություն ունենք. «Երբ մեր խնդիրները շատ մեծ դեպրեսիայի են ենթարկում ինձ, բացում եմ քարտեզը, նայում եմ քարտեզին, հարեւանությանը եւ որոշակի հանգստություն եմ ապրում: Որովհետեւ այսպիսի տարածաշրջանում այդչափ խնդիրներ պետք է լինեն: Մեր քաղաքականությունն էլ պետք է միտված լինեն այդ խնդիրները լուծելուն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30