«Չի բացառվում, որ սեպտեմբերի վերջին համապատասխան գործողությունների առջեւ կանգնած լինենք, եւ այս առումով հակառուսական տրամադրություններ գեներացնելու անհրաժեշտություն կա: Թատերական բեմականացման ժամանակաշրջանը, որ մենք բարի գործընկերոջ դեր կատարենք, արդեն անցավ: Համապատասխան օղակներից այս իշխանություններին հրահանգները եկել են, որ անցնում ենք ծրագրի հաջորդ փուլի իրականացմանը»,- «Հայելի» ակումբում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ արված հայտարարություններին:
«Հաշվի առնելով, որ ԱՄՆ Հելսինկյան հանձնախմբի ներկայացուցչի եւ ԵԱՀԿ-ում իրենց դեսպանի վերջերս հնչեցրած խոսքերը, որ սադրանք եւ պայթեցում կլինի գազատարի վրա, չի բացառվում, որ որոշակի գործողություններ փորձեն անել նաեւ մեր ԱԷԿ-ի հետ կապված եւ բնականաբար սահմաններին, հատկապես Սյունիքում, Նախիջեւանի կողմից եւ բուն Ադրբեջանի հարավային հատվածների կողմից»,-հավելեց արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Նրա խոսքով. «Բոլոր ջանքերը պետք է գործադրել ձախողելու, ինչպես Ջերմուկի գործողությունների ժամանակ ձախողվեց այդ ծրագիրը, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ է ձախողվել, այս անգամ եւս չպետք է թույլ տալ, որ իրականություն դառնա այդ ծրագիրը՝ ուղղված մեր երկիրը բզկտելու ու փոշիացնելու քայլերին…Պետք է մտքից հանել, որ ՆԱՏՕ-ն կամ ինչ-որ մեկը մեզ կգա փրկելու: Պետությունը, որը սեփական ուժերով անգամ ջանք չի գործադրում իրեն պաշտպանելու, ոչ մեկը նրան չի փրկի»:
Ձյունիկ Աղաջանյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որակեց կիսաճշմարտությունների քարոզչություն. «Երբ բնական երեւույթները փաստելով փորձում են անտրամաբանական եզրակացությունների բերել, դա կիսաճշմարտությունների քարոզչություն է: Այս առումով այդ անձը (Փաշինյանը) շատ մեծ հմտությունների է տիրապետում եւ դա իր համար եղել է մշտական գործիք: Նա ասում է բաներ, բայց անում է դրա հակառակը: Պարտությունը հաղթանակ, դավաճանությունը՝ հայրենասիրություն է ներկայացվում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ