Սեպտեմբերի 17-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի փոքր դահլիճում տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմի նահատակներից 26 քաջամարտիկների նվիրված հուշ-երեկոն, որի ընթացքում ներկայացվեց նաև Արցախյան ազատամարտի մասնակից Նվեր Թևանյանի «Մերօրյա հերոսները» գիրքը, որում ամփոփված են քաջամարտիկների կենսագրությունները և մարտական ուղին։ Հեղինակի եղբայրը՝ Դավիթ Թևանյանը, իր մահկանացուն և՛ս կնքել է Արցախյան ազատամարտի այս քաջամարտիկների հետ, նրանց կողքին։
Տերունական աղոթքից հետո քաջամարտիկների սխրագործությունը և անմահ հիշատակը օրհնաբանությամբ արժևորեց Արցախի թեմի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը։ Ելույթներ ունեցան ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը, ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի նախագահ Վոլոդյա Գասպարյանը, հանձնաժողովի անդամ, մշակութային գործիչ Ռուբեն Հովհաննիսյանը։ Հնչեցին քաջ հայորդիներին և Արցախյան ազատամարտին նվիրված Ն․ Թևանյանի բանաստեղծությունները, հայրենասիրական երգեր՝ Սոս Սաիյանի կատարմամբ։
Հուշ-երեկոյին ներկա էին նահատակված քաջամարտիկների ծնողները, ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը, Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ Աշոտ Դանիելյանը, Նելա Գրիգորյանը, Գոհար Բարսեղյանը, Էլյանորա Ավանեսյանը։ ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի անդամներ, հյուրեր։ Հուշ-երեկոն կազմակերպել էր ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովը։
ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողով
Կարդացեք նաև