Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը սահմանամերձ Խաչիկ գյուղում կկայանա Գաթայի ամենամյա փառատոնը: «Ուրախ ենք, որ Գաթայի փառատոնի օրը համընկնում է Անկախության տոնի հետ: Մենք միշտ ասում ենք, որ Հայաստանը սկսվում է սահմաններից: Հետեւաբար, հարգելի հայրենակիցներ, դուք ունեք շատ լավ հնարավորություն այս անգամ եւս գալ Խաչիկի Գաթայի փառատոնին, որը ցավոք, երկու տարի չի իրականացվել: Կարող եք դրանով նպաստել համայնքի զարգացմանը եւ բացահայտել ձեզ համար Հայաստանը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Արենի փառատոն» հիմնադրամի համահիմնադիր-տնօրեն Նունե Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ ամենամեծ գաթան է թխվում, որը գրանցվել է Դյուզազնագրքում:
«Արփա» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանն էլ նշեց, որ իրենց հիմնադրամը, Արենի համայնքապետարանի, Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ եւ «Արենի փառատոն» հիմնադրամի հետ համատեղ ձեռնամուխ է եղել Գաթայի փառատոնի իրականացմանը: Հավելեց, որ այս տարի պատրաստվելու է ամենամեծ գաթան՝ 4 մետր տրամագծով, ինչը գերազանցելու է նախորդ ռեկորդը: «Գաթայի մեջ լինելու են թաքնված մետաղադրամներ, եւ բոլոր այցելուները կարող են իրենց հետ տանել իրենց հաջողության մետաղադրամները: Գաթայի փառատոնը կսկսվի ժամը 12-ին, կուղեկցվի տեղական պարի խմբերի կատարումներով, կլինեն երգիչներ, ելույթ կունենա նաեւ «Գաթա» բենդը, իսկ ժամը 16-ին կկտրվի ամենամեծ գաթան, միջոցառումը կշարունակվի մինչեւ 19:30»: Արուս Ներսիսյանը հավելեց, որ ի թիվս այլ միջոցառումների՝ նախատեսված են նաեւ վարպետաց դասեր:
Կարդացեք նաև
Արենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանի խոսքով, համայնքապետարանը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում նման փառատոները:
«Այս տարի մենք համայնքի բոլոր 9 բնակավայրերում ունենք տարբեր փառատոներ, գյուղին նվիրված տոներ, միջոցառումներ՝ սկսած ամռան ամիսներից մինչեւ հոկտեմբերի վերջ: Գիտեմ, որ ծանր ժամանակներ են, եւ այդ տոնակատարությունները կարող է ինչ-որ առումով լավ չընկալվեն, բայց սահմանին կանգնած մարդը, իրավունք ունի գոնե մեկ օր ուրախանալու, լիցքաթափվելու եւ հյուրեր ընդունելու: Գաթայի փառատոնը յուրահատուկ փառատոն է, քաղցր փառատոն է, բնակիչները անակնկալներ են պատրաստել մեր հյուրերի համար» ,-ասաց Գեւորգ Սիմոնյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ