Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող գային, տեսնեին, օրինակ, Մամիկոն Ասլանյանի պահվածքը, ցուցմունքները»․ մեղադրողը՝ Հրայր Թովմասյանի գործի մասին

Սեպտեմբեր 18,2024 14:38

«Փորձում են ներկայացնել, թե իբր այս դատաքննությունը չի լուսաբանվել լրատվամիջոցներում, որովհետև այդ ընթացքում երկիրն այլ մարտահրավերներ ուներ, Հրայր Թովմասյանն ասում էր՝ չէի ուզում, որ հանրությունն ինձ վրա կենտրոնանար։ Ոչ, այդպես չէ ախր, էս դատական նիստերը տեսաձայնագրառվում են»,- դատարանի դահլիճում ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ընթացքում վրդովված հայտարարեց Հրայր Թովմասյանի գործով մեղադրողը՝ դատախազ Արսեն Մարգարյանը։

Նա հիշեցրեց՝ առաջին նիստին եկել, լուսանկարվել է Հրայր Թովմասյանը, այդ թվում նաև այդ՝ ամբաստանյալի աթոռին ու շարունակեց․ «Նիստը կարճ տևեց, հաջորդ նիստին, երբ լրատվամիջոցները եկել են, դատարանն այդ հարցը բարձրացրել է, մի անձ է առարկություն ներկայացրել՝ Հրայր Թովմասյանը՝ հիմնավորելով այն, որ ինքը չի ցանկանում, որ հանրությունն իրեն տեսնի ամբաստանյալի աթոռին։ Ես էլ տեղից ռեպլիկ արեցի՝ ասացի նախորդ նիստին արդեն նստել եք։ Պետք չէ հերոսանալ։ Թող գային, ես ուրախ կլինի։ Թող գային, տեսնեին, օրինակ, Մամիկոն Ասլանյանի պահվածքը, ցուցմունքները»։

Այնուհետև դատախազն ասաց՝ զարմացած է, որ այդ ապացույցները դատարանի դահլիճում չեն վերլուծվել․ «Մամիկոն Ասլանյանը ոչ մի փոխկապակցված միտք դատարանում չկարողացավ ասել։ Տրամագծորեն նախաքննության ու դատաքննության ընթացքում հակառակ բաներն է ասել։ Այդ թվում՝ Նորայր Փանոսյանին առերես պնդել է կալանքի վայրում, որ նա հաճախ եկել է, հանդիպել իրեն այդ տարածքում, որը պետք է վարձակալեին, այդ ընթացքում վերանորոգման աշխատանքներ էին կատարվում ու իրեն ասել է, որ Հրայր Թովմասյանն առնչություն ունի այս տարածքի հետ։ Մի հատ չլսեցինք, որ սա հրապարակվի դատարանում։ Ոչ մի ապացույց չվերլուծվեց։ Մամիկոն Ասլանյանի ցուցմունքը հրապարակվել է, որտեղ կա, որ մինչև 2014-ի հոկտեմբեր, նոյեմբեր վարձավճարն արդեն տված է եղել։ Մի ցուցմունքում Մամիկոն Ասլանյանն ասում է՝ ինձ զանգել, խնդրել էր Նորայր Փանոսյանը, թե չէ ի՞նչ շահագրգռվածություն ունեի, որ այդ բոլոր գումարները տված լինեի։ Եկել է այստեղ, դրա մասին չի նշում»։

Դատախազը վստահեցրեց, որ նոտարների ցուցմունքներն էլ են հիմնավորվում, որ Հրայր Թովմասյանը նախարար աշխատած ժամանակ աշխատել է նոտարների հետ շփվել տեսչության պետի միջոցով․ «Դրա համար էլ ոչ մի նոտար չի գա ասի, պարոն Թովմասյանը ինձ ասաց այդ տարածքը 800000-ով պիտի վարձակալեք, Նորայր Փանոսյանը պետք է գնար, վարձավճարների հետ կապված պայմանավորվեր»։

Շարունակելով վերլուծել Մամիկոն Ասլանյանի ցուցմունքը՝ ասաց․ «Հարցում ենք Մամիկոն Ասլանյանին՝ նախաքննական ցուցմունքում հակառակն էիք պնդում, դատաքննության ժամանակ՝ հակառակը, պարզաբանեք, նա պատասխանել է՝ ես նույն բանն եմ ասել, ուղղակի հիմա ավելի բացված եմ ասում։ Հասկանալով, որ մանևրելու տեղ չունի, ասում է՝ քննիչը թելադրեց, գրեցի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30