Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի կողմից որեւէ ժամանակ առաջարկ չի եղել, որ պետք է գնալ բանակցությունների ու քննարկել ինքնավարության հնարավորությունները». Արտակ Բեգլարյան

Սեպտեմբեր 18,2024 14:25

«Արցախի անվտանգության խորհրդի նիստերում, այդ թվում՝ Արցախի նախագահի կողմից երբեւէ նմանատիպ գաղափար ու առաջարկ չի քննարկվել, թե Հայաստանի իշխանությունները ինչ առաջարկ ունեն, ինչ են մտածում, երբ ասում են՝ նշաձողը իջեցրեք։ Հստակ որեւէ բան չի ասվել, որ՝ եկեք իջեցնենք, քննարկենք, օրինակ՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն եւ այլն»,- այս մասին Genesis Armenia ուղեղային կենտրոնի կազմակերպած «Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար» խորագրով համաժողովի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար, «Արցախ միության» նախագահ Արտակ Բեգլարյանը։

One year without Artsakh. Statistics and strategic perspective

Նա նշեց, որ այդպիսի առաջարկ չի եղել, որ պետք է ինքնավարության հարց քննարկել։ «Ավելին, միջազգային որեւէ միջնորդ մեզ հետ բանակցություններում նմանատիպ հարց չի քննարկել։ Երբ իրենք ասել են՝ պետք է նշաձողն իջեցնեք, եւ մենք կոնկրետացումներ ենք ուզել՝ եւ շրջափակումից առաջ, եւ շրջափակման ժամանակ, իրենք ուղիղ ասել են, որ Ադրբեջանի կազմում ուղղակի մշակութային ինքնավարություն, դուք կունենաք ձեր հայերեն դպրոցները, ձեր համայնքը դուք կղեկավարեք, բայց որպես առանձին միավոր՝ ինքնավարություն չեք ունենա։ 2023 օգոստոսի 16-ի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ձախողված նիստից հետո մի քանի օր ֆրանսիական կողմը փորձում էր բանաձեւի նախագիծ օրակարգ մտցնել, եւ այդ ժամանակ ֆրանսիական կողմից էլ մենք ուղիղ մեսիջները ստացել ենք, որ եւ ամերիկյան կողմը, եւ ռուսական կողմը դրան դեմ են։ Մենք ամերիկյան բարձրաստիճան դիվանագետի հետ օգոստոսի վերջին «զումով» բանակցություն ունեցանք՝ նախագահի գլխավորությամբ։ Այդ բանակցությունների ժամանակ իրենք էլ հստակ ասացին, որ բանաձեւը համարում են հակակառուցողական։ Եվ իրենք ուղիղ ասում էին՝ մենք երաշխավորում ենք, Ադրբեջանի հետ գնացեք բանակցությունների, ձեր մշակութային իրավունքները պաշտպանված կլինեն, անվտանգային հարցեր չեք ունենա։ Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ ես տեղյակ չեմ, որ որեւէ ժամանակ առաջարկ է եղել, որ պետք է գնալ բանակցությունների ու քննարկել ինքնավարության հնարավորությունները»,- ասաց նա։

Բեգլարյանը հավելեց. «Մենք նշաձողը չենք բարձրացրել, ուղղակի մեզ հետ բանակցություններ էլ չեն եղել»։

Ըստ նրա՝ միշտ իրենց ասում էին, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարությունը, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմներով։ «Մենք էլ ասում էինք՝ լավ, հարց չկա, եթե մեր դաշտ եք գցում, դուք պատասխանատվությունից խուսափում եք, ուրեմն միջազգային մեխանիզմը մեզ համար կարեւոր է, որպեսզի մենք երաշխիքներ ունենանք։ Սոֆիայի մասով առաջարկը եղավ Արեւմուտքից, կարծեմ հունիսի 21-ին պետք է Սոֆիայի հանդիպումը տեղի ունենար, մենք ասում էինք՝ դե ասեք, միջազգային մեխանիզմը որն է։ Ադրբեջանն ասում էր՝ ոչ մի միջազգային մեխանիզմ, մենք արդեն զիջում ենք անում, որ Սոֆիայում ենք հանդիպում, ոչ թե Բաքվում կամ Եվլախում։ Մենք էլ ասում էինք՝ միջնորդները պետք է ներկա լինեն հանդիպմանը, Ադրբեջանը պնդում էր, որ՝ ոչ, դա պետք է լինի երկկողմ հանդիպում։ Մեր պնդումն այն էր, որ առանց միջնորդների մենք չենք կարող բանակցել՝ ատրճանակը մեր գլխին դրած, այն էլ շրջափակման պայմաններում։ Մենք պնդեցինք, արդյունքում՝ Ադրբեջանը չեղարկեց։ Հայաստանի իշխանությունները մեզ մեղադրում էին, որ մենք բանակցությունների չենք գնում, մենք համաձայնեցինք, որ նույնիսկ Բրատիսլավայում երկկողմ հանդիպում կարող ենք ունենալ, արեւմտյան միջնորդներն ասում էին՝ կողքի սենյակում կլինենք, դուք դուրս կգաք եւ հնարավորինս կանենք, որ այդ պայմանավորվածությունները կատարվեն։

Օգոստոսի մեկին պետք է Բրատիսլավայում հանդիպում լիներ, բայց հուլիսի 29-ին Վագիֆ Խաչատրյանին առեւանգում են, իմ կարծիքով, հատուկ վիժեցնելու համար։ Մենք չենք չեղարկում Բրատիսլավայի հանդիպումը, մեր ներկայացուցիչների տոմսերը գնված էին, որ պետք է հուլիսի 31-ին մեկնեին, բայց հուլիսի 31-ին ադրբեջանական կողմը ամերիկյան կողմի միջոցով փոխանցում է, որ՝ ես չեմ գալիս հանդիպման։ Հիմա հարց եմ տալիս՝ ո՞վ է մերժողը եղել, մենք, թե՞ իրենք»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Նա նշեց, որ Արցախում շրջափակում էր, ցեղասպանության ռիսկ կար, ինչի մասին նաեւ Հայաստանի իշխանություններն են ասել։ «Մինչեւ 2023 թվականի մարտի վերջ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարել է, որ ցեղասպանության մեծ ռիսկ կա Արցախում։ Ցեղասպանության ռիսկի պայմաններում ժողովրդին չեն տանում ցեղասպան ռեժիմի հպատակության ներքո։ Դրանից հետո ինքն ասում էր՝ էթնիկ զտման ռիսկ կա, այդ պայմաններում ինչպե՞ս ես դու հրում ցեղասպանության կամ էթնիկ զտման ռիսկ տակ գտնվող ժողովրդին, ասում՝ գնա, ատրճանակի քողի ներքո բանակցիր, հպատակվիր, ենթարկվիր, թե հետո ճակատագիրդ ինչ կլինի, ոչ մեկը չի երաշխավորում»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30