«Փաստինֆո». Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Սոցապ․ նախարարության շենքի մոտ։ Շուշիի բնակիչ Յուրի Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակնկալում են հանդիպում՝ նախարարի հետ՝ լուծելու հուզող կարևոր հարցեր։
«ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ յուրաքանչյուր անդամին տրվում էր 40+10 բնակարանային աջակցություն։ Մայիս ամսվանից մի ստվար զանգված զրկվել են այդ ծրագրից։ Մինչև հուլիս ամիսը դիմել են սոցապ․ նախարարության տարբեր ստորաբաժանումներ, որտեղից պարզաբանել են, թե իբրև ծրագրի խափանում է, այդպես լինում է։ Հուլիսի 1-ին բոլորին պարզաբանել են, որ նրանք հանդիսանում են 10,000,000-ի ծրագրի շահառու, ուստի՝ զրկված են աջակցությունից, ինչն աբսուրդի ժանրից է»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ ցուցակում հիմնականում ընդգրկված են մի քանի անգամ տեղահանված քաղաքացիներ՝ Բաքվից, Ֆիզուլիից և այլն, թե ինչ սկզբունքով են ընտրել՝ չգիտեն։ Մեկ ամիս իրենց դիմումները քննարկելուց հետո շաբլոն պատասխան է տրվել, «ցրել» են։
«Մեզ ասել են, որ ՀՀ կառավարությանը ցուցակ է ներկայացվել, մենք ընդգրկվել ենք այդ ցուցակում, մինչդեռ, 2020թ․ պատերազմից հետո մեր հայրենակիցների մի մասը՝ Շուշիից և այլն, մշտական բնակություն էին հաստատել ՀՀ-ում և 2022թ կառավարության որոշման համաձայն՝ նրանք հանդիսացել են բնակարանային 10 մլն դրամի շահառուներ, բայց այն քաղաքացիները, որոնք շարունակել են ապրել Ստեփանակերտում, արդեն իսկ Արցախի կառավարության կողմից ստացել էին բնակարաններ, այդ պահի դրությամբ՝ խնդիրը լուծված էր, իրենք չէին կարող երկու ծրագրի շահառու լինել, տեղյակ չէին այդ որոշման մասին»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ կան տարեցներ, երեխաներ ունեցող անձինք, որոնց համար խնդիր է բնակարան վարձելը։