Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես գիտությունը մոտեցնել հասարակությանը. «Գիտության շաբաթը» 7 սարերի հետեւում չէ

Սեպտեմբեր 18,2024 13:56

Հոկտեմբերի 1-6-ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը՝ «Գիտուժի» նախաձեռնությամբ` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԳԱԱ-ի ու Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Այն խորհրդանշելու է գիտության և հասարակության միջեւ կապը ու անցկացվելու է «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագրի ներքո:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը, «Գիտության շաբաթի» ընթացքում կկայանան ապակենտրոնացված միջոցառումներ՝ Հայաստանի մարզերի ու Երեւանի դպրոցներում, մանկապարտեզներում, բուհերում, իսկ Երեւանի Ազատության հրապարակում 6 օր շարունակ տեղի կունենա Գիտության փառատոն։ Վերջինս բաժանված է 3 թեմատիկ մասերի՝ «Գիտությունն ամենուրեք է», «Մասնագիտական կողմնորոշում» եւ «Գիտական ֆանտաստիկա»:

Նա տեղեկացրեց, որ մշակել ու ներկայացրել են իրենց միջոցառումների ծրագիրը, թիրախավորել են շուրջ 100 դպրոց ու մանկապարտեզ: Տարրական, միջին եւ ավագ դպրոցների համար առանձին փաթեթներ են ստեղծվել, իսկ համալսարանների համար միջոցառումները միջգիտակարգային են: Ապակենտրոնացված միջոցառումների ընթացքում մանկապարտեզների ու դպրոցների սաները հնարավորություն կունենան մասնակից դառնալու գիտափորձերի ու խմբային նախագծերի, բուհերի ուսանողների համար կկազմակերպվեն դասախոսություններ ու սեմինարներ։

«Գիտության շաբաթի» կենտրոնական միջոցառումը, Լիլիթ Մարգարյանի խոսքով, Գիտության փառատոնն է: «Հայաստանում հասարակությունը շատ քիչ է պատկերացնում՝ ինչ է գիտությունը, ինչու է այն անհրաժեշտ, ինչ խնդիրներ է լուծում գիտնականը: Դրա համար Գիտության փառատոնի առաջին բաժինը, որ կայանալու է հոկտեմբերի 1-2-ը, անվանել ենք՝ «Գիտությունն ամենուրեք է»: Փորձում ենք ցույց տալ, որ այն գիտելիքը, որը մեզ հիմա սովորական մի բան է թվում, ժամանակին գիտնականներն են հայտնաբերել, բացատրել կամ ստեղծել:

Երբ ասում ենք գիտություն, հասկանում ենք՝ տպագրություն, այսինքն, երբ գիտնականը գիտություն է ստեղծում, գիտական հոդված է տպագրվում ազդեցության գործակից ունեցող ամսագրերում: Պետք է գիտակցել, որ Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ խնդիրների լուծումը գիտության եւ տեխնոլոգիայի դաշտում է: Եվ եթե մենք ունենք գիտնականներ, որոնց հոդվածները տպագրվում են նման ամսագրերում, իրենք ուժեղ են, ուրեմն պետությունը, պատկան մարմինները պետք է նրանց առաջարկեն, թե որ խնդիրների լուծման վրա աշխատեն, պետք է պետական պատվեր տան: Ցավոք, մեզանում այդ հարցը բաց է մնացել: Ու երբ խոսում ենք գիտությունից, ասում են՝ գիտությանն ուղղված հատկացումներն ավելացել են, բայց այդ հատկացումների մեծ մասն ուղղված է հիմնականում ֆունդամենտալ գիտությանը: Շատ կարեւոր է ունենալ համակարգ, որը ուժեղ գիտնականի պոտենցիալը կարողանա օգտագործել Հայաստանի Հանրապետության մարտահրավերների համար, դրա համար պետք է հանրային պահանջ ձեւավորվի: «Գիտուժ» նախաձեռնությունը հենց այդ խնդիրը լուծելու համար է ստեղծվել: «Գիտուժի» առաքելությունն է հզորացնել Հայաստանը գիտության եւ տեխնոլոգիաների միջոցով։ Իսկ գիտության հանրահռչակման համազգային միասնական հարթակ ստեղծելն այս առաքելությանը հասնելու կարեւոր քայլերից մեկն է»,-ասաց մեր զրուցակիցը:

Լիլիթ Մարգարյանի ձեւակերպմամբ, եթե մեզ չզինենք տեխնոլոգիաներով եւ գիտելիքով, մրցունակ չենք լինի եւ չենք կարողանա դիմակայել տարածաշրջանի մարտահրավերներին, դրա համար օր առաջ պետք է մտածել այդ ուղղությամբ եւ գործել: «Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը ու տեսել, թե տարբեր երկրներ ինչպես են «խոսում» իրենց հասարակությունների հետ գիտության թեմայով: Նրանցից շատերը Գիտության շաբաթ են իրականացնում ինստիտուցիոնալ մակարդակով, օրինակ՝ Ավստրիան 1996թ-ից է իրականացնում, Անգլիան՝ 1994-ից: Գիտության շաբաթ են իրականացնում Շվեդիան, Իռլանդիան, Կատալոնիան, անգամ աֆրիկյան երկրները: Մենք էլ պետք է բերենք այդ գիտակցությունը, որ մեզանում էլ սա նորմ դառնա, ու գաղափարը պղպջակի մեջ չմնա ու մեռնի»,-նշեց «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգողը:

«Գիտության փառատոնի շրջանակում հոկտեմբերի 3-4-ը մասնագիտական կողմնորոշում ենք իրականացնելու, ծանոթացնելու ենք, թե օրինակ ֆիզիկոսը կամ քիմիկոսն ինչ խնդիր են լուծում, մաթեմատիկոս դառնալու դեպքում արհեստական բանականությամբ ինչ խնդիր կարող ես լուծել: Երեխաները պետք է տեսնեն, որ գիտությունը շատ սիրուն բան է, դժվար չէ… Հիմնականում երիտասարդ գիտնականներն են այդ ամենը ներկայացնելու, տաղավարներ են լինելու, փորձեր, խաղեր, քննարկումներ, ինստալյացիաներ: Գիտության փառատոնի երրորդ բաժինը գիտաֆանտաստիկան է: Անպայման պետք է ճանապարհ գտնել Հայաստանում գիտաֆանտաստիկան զարգացելու համար»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Լիլիթ Մարգարյանը տեղեկացրեց, որ «Գիտության շաբաթ» միջոցառումը դրական արձագանքների է արժանացել, գիտական ինստիտուտներն առաջարկել են իրենց օգնությունը, ոգեւորված են մրցունակ համալսարանները, դպրոցականներն ու նրանց ուսուցիչները, գործընկեր կառույցներն ու կազմակերպությունները:

Նրանից տեղեկացանք, որ միջոցառման շրջանակներում մի քանի հետաքրքիր մրցույթներ են իրականացվելու: Դրանց թվում են՝ «Աստղային հորիզոն» գիտաֆանտաստիկա ժանրի կարճ պատմվածքների, «ԳիտաCon» կոմիքսների մրցույթները եւ «Գիտության շաբաթը` իմ աչքերով» նկարազարդումների մրցույթը: Դրանք մրցանակներ են ենթադրում:

Լիլիթ Մարգարյանը կրկին հիշեցրեց, որ «Գիտության շաբաթը» հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձեւաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաեւ խթանել քննադատական մտքի եւ գիտելիքահեն դիսկուրսի զարգացումը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Լիլիթ Մարգարյանի եւ «Գիտության շաբաթի» ֆեյսբուքյան էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30