Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Գռզո Պլազա» ՍՊԸ-ի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին

Սեպտեմբեր 18,2024 13:40

Հակակոռուպցիոն դատարանում ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ «Գռզո Պլազա» ՍՊ ընկերության, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին առաջին դատական նախնական նիստը չկայացավ:

Հիշեցնենք, «Գռզո Պլազա»-ն Արամի փողոց 3 հասցեում շինությունն է՝ «Սիլ պլազա» բիզնես կենտրոնը, եւ գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է դրա սեփականաշնորհման օրինականությունը։

Դատախազությունը նաեւ վարչական դատարանից էր պահանջել զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանին և ընտանիքի անդամներին պատկանող ընկերության՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք էր դրել «Սիլ պլազայի» վրա։ Տեղի ունեցող իրավական գործընթացի համար հիմք է հանդիսացել «Հետքի» նախորդ տարի հրապարակած հետաքննությունը, որտեղ մանրամասներ են ներկայացրել «Սիլ պլազայի» սեփականաշնորհման պատմությունից, որը տեղի էր ունեցել 25 տարի առաջ։

«Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ «$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով» վերտառությամբ հրապարակման առնչությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում հոկտեմբերի 28-ին հայց է հարուցվել վարչական դատարան։ Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է՝ «Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչել և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչել»։

Դատական նիստի քարտուղարն այսօր նախագահող դատավոր Ռուդոլֆ Ավագյանին զեկուցեց, որ կողմերը պատշաճ ծանուցված են սույն դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին, սակայն չեն ներկայացել: Միաժամանակ տեղեկացրեց, որ հայցվորի ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանի կողմից դատարան է ստացվել սույն դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն:

Նախագահող դատավոր Ռուդոլֆ Ավագյանը արձանագրեց, որ դատարան է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ, պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Սոնա Հովսեփյանի գրությունը, համաձայն որի՝ վերջինս խնդրել է դատական նիստը հետաձգել եւ նշանակել մեկ այլ հերթի՝ նկատի ունենալով, որ նույն օրը վարչական դատարանում նշանակված երկու վարչական նիստերում լիազորված է մասնակցելու որպես հայցվոր կողմի ներկայացուցիչ եւ նշված գործերով դատական ծանուցագրերը ստացել է մինչեւ սույն գործով ծանուցագիր ստանալը:

Դատարանը հաշվի առնելով ներկայացված միջնորդությունը, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ սույն գործով առաջին նախնական դատական նիստն է, եւ պատասխանող կողմի ներկայացուցիչը նույնպես դատական նիստին չի ներկայացել, որոշեց բավարարել հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ դատական նիստը հետաձգել, նշանակել մեկ այլ հերթի՝ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների հետ լրացուցիչ դատական նիստի օրը եւ ժամը լրացուցիչ պայմանավորվելով, որպեսզի անհարկի դատական նիստը կրկին չհետաձգվի այդ հիմքով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30