Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կողմից են մարդու իրավունքները և ճշմարտությունը». ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ Ադրբեջանի բանտերում. BBC-ի անդրադարձը

Սեպտեմբեր 18,2024 13:36

Ի՞նչ է սպասվում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներին ու նախարարներին. ո՞վ է նրանց պաշտպանում, և ինչո՞ւ են նրանց ազատ արձակման հույսերը կապվում Բաքվում կայանալիք COP կլիմայական համաժողովի հետ: Լրագրող Լիլիթ Շախվերդյանը BBC-ի ռուսական ծառայության համար զրուցել է նրանց հարազատների ու փաստաբանների հետ։

BBC-ն կապ է հաստատել երկու ձերբակալված նախկին պաշտոնյաների ընտանիքի անդամների հետ։ Երկուսի հարազատներն էլ հայտնել են, որ հեռախոսային կապի մեջ են բանտարկյալների հետ, սակայն չեն կարող ինքնուրույն զանգեր կատարել։ Նրանք խոսել են անանունության պայմանով։

«Մենք շատ քիչ բան գիտենք նրա վիճակի մասին: Չգիտեմ, թե երբ նա կկարողանա նորից զանգահարել՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ այլ միջնորդների միջոցով։ Շփվում ենք, բայց նա չի պատմում իր վիճակից, միայն ասում է, որ ամեն ինչ լավ է։ Սովորաբար ես եմ նրան ընտանեկան նորություններ պատմում»,- ասել է զրուցակիցներից մեկը։

Դատավարությունների մասին նա իմանում է միայն ադրբեջանական լրատվամիջոցներից։

Մեկ այլ բանտարկյալի որդին BBC-ի հետ զրույցում պատմել է. «Ժամանակ առ ժամանակ զանգում է մեզ՝ ասելով, որ իր առողջությունը լավ է։ Չի եղել, որ նա երկար ժամանակ կապի դուրս չգա»։

Բանտարկյալների ընտանիքները հասկանում են, որ մոտ ապագայում կարող են չտեսնել իրենց հարազատներին։

Նա ընդգծել է, որ իրենց ընտանիքին Հայաստանի կառավարությունից գրեթե ոչ մի աջակցություն չի եղել:

Ղարաբաղի հայերի նախկին ղեկավարների հարազատները փորձում են մանրամասներ չբացահայտել նրանց պահման պայմանների մասին, որպեսզի չվատացնեն նրանց առանց այն էլ խոցելի վիճակը։ Սակայն Ռուբեն Վարդանյանի իրավաբանների միջազգային թիմն այլ մարտավարություն է ընտրել:

Այս տարվա հունիսին կոչ է ուղարկվել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին՝ դատապարտելու Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքն ու խոշտանգումները։

Նամակում նշվում է, որ Վարդանյանի՝ 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարելուց հետո, նրան ուղարկել են պատժախուց՝ զրկելով սննդից ու խմելու ջրից։

Փաստաբաններն ասում են, որ մեկուսացման պայմաններում խցի լույսերը շուրջօրյա չեն անջատվել, Վարդանյանին ստիպել են երկար ժամանակ կանգնել, նրան զրկել են զուգարանի թղթից, լվացվելու և հագուստը փոխելու հնարավորությունից:

BBC-ի հետ զրույցում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան Ջարեդ Գենսերը վստահություն են հայտնել, որ նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովը կարող է ևս մեկ անգամ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ռազմագերիների խնդրի վրա։

Գենսերն ընդգծել է, որ այս հարցում կարևոր դեր է խաղում միջազգային հանրությունը. «Մեր կողմից են մարդու իրավունքները և ճշմարտությունը: Միջազգային դատարաններում կան բազմաթիվ դերակատարներ, որոնք խորապես մտահոգված են այն ամենով, ինչ կատարվում է Ադրբեջանում։ Ալիևը կարող է փորձել փախչել կամ թաքնվել այս ճշմարտությունից, բայց դա կհանգեցնի նրա համար հսկայական իմիջային հետևանքների, որոնք միայն կավելանան COP29-ի մոտենալուն զուգահեռ»:

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը ներկայացնում է հայ ռազմագերիների ընտանիքները միջազգային ատյաններում, կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շրջանակում պետք է քննարկվի բոլոր ձերբակալված հայերի ազատ արձակումը։ Բայց Հայաստանի իշխանությունների ջանքերը նրան անբավարար են թվում։

«Ճնշումը պետք է լինի միջազգային հանրության կողմից։ Հայաստանն ինքնուրույն ի վիճակի չէ անհրաժեշտ ճնշում գործադրել: Եթե նա մնա պասիվ դիրքերում և չդիմի միջազգային հանրությանն աջակցության համար, ապա անհրաժեշտ ճնշումը պարզապես չի լինի»,- ասել է Սահակյանը։

Վարդանյանի շահերի ներկայացուցիչ Ջարեդ Գենսերը պաշտոնական Երևանի ջանքերը գնահատել է որպես «լիակատար ձախողում»։ Նա պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շրջանակում անգամ գերիների ազատ արձակման հարցը չի բարձրացվում։

Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան BBC-ի հարցման, հայտարարել է, որ հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և ԼՂՀ նախկին ղեկավարների վերադարձը «առաջնահերթություն է համարվում և մշտապես գտնվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում»։

Սակայն Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները վկայում են, որ գոնե Վարդանյանը չպետք է հույսը դնի Երևանի վրա։ Սեպտեմբերի սկզբին կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը Վարդանյանի ճակատագրի պատասխանատվությունը փաստացի գցեց Ռուսաստանի վրա։

«Ինչպե՞ս եղավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ է նրան խորհուրդ տվել գնալ այս քայլին, ո՞վ է ուղարկել Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ պայմաններով, ի՞նչ խոստումներ են տվել», – ասել էր ՀՀ վարչապետը՝ ի պատասխան Վարդանյանի հետագա ճակատագրի մասին լրագրողների հարցին։

Այս ակնարկները նման են Ադրբեջանի պետական լրատվամիջոցների հռետորաբանությանը, որտեղ Վարդանյանին անվանում են «Ղարաբաղ ուղարկված Կրեմլի գործակալ»։ Երկու երկրների ղեկավարների դիրքորոշումն այս հարցում այնքան նման է, որ անկախ լրագրողներն ուղղակիորեն հավասարեցնում են դրանք։

Ղարաբաղի հայերի առաջնորդների դատավարությունների ելքը դեռ պարզ չէ. ձգձգումները կարող են լինել ինչպես ի շահ բանտարկյալների, այնպես էլ` ի վնաս:

Սակայն բանտարկյալների հարազատները փորձում են հույսը չկորցնել։

Թարգմանությունը՝ 168.am-ի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30