Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ընթացքում կրկին բանավեճ տեղի ունեցավ ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի և նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի միջև։
Հրայր Թովմասյանը կասկածի տակ դրեց առերեսման իրականացման հետ կապված հարցերը և այս տեսանկյունից պնդեց՝ ցանկացած եղանակով պարոն Թովմասյանի, Վոլոդյա Մարտիրոսյանի ցուցմունքների՝ որևէ եղանակով օգտագործումը, մեղադրական դատավարության հիմքում դնելը կհամարվի ՀՀ Սահմանադրության, քրեական դատավարության և Եվրոպական կոնվենցիայի խախտում։
Նա հայտարարեց՝ սույն մեղադրանքով խախտված են ինչպես սովորական տրամաբանական ապացուցման կանոնները, այնպես էլ խախտված են դատարանում ապացուցման կանոնները։
Այստեղ նախագահող դատավորն ընդհատեց Հրայր Թովմասյանին ու ասաց․ «Դուք Ձեր ճառում նաև ուսումնասիրում էիք դատական պրակտիկան, դատական պրակտիկայում եղե՞լ է երկրորդ քրեական գործը, որի շրջանակներում ամբաստանյալը 27 ժամ ճառով է հանդես գալիս»։
Կարդացեք նաև
Հրայր Թովմասյանն ասաց՝ Դուք նշեցիք, որ սա իրոք առանձնահատուկ է, և փորձեց շարունակել՝ համաշխարհային պատմության մեջ չի եղել, և այս խոսքերն ասելիս դատավորն ընդմիջեց Հրայր Թովմասյանին ու ասաց․ «Համաշխարհային պատմության մեջ չի եղել, որ ամբաստանյալը 27 ժամ ճառով հանդես գա»։ Հրայր Թովմասյանն էլ ասաց՝ համաշխարհային պատմության մեջ նաև չի եղել, որ ՍԴ նախագահ իրավաբանական գիտությունների դոկտոր․․․։ Նախագահող դատավորը կրկին թույլ չտվեց շարունակել ու ասաց․ «Լավ, եկեք այսօր ամփոփենք Ձեր ճառը»։ Հրայր Թովմասյանը վրդովվեց․ «Ի՞նչ է նշանակում այսօր ամփոփել»։ Դատավորն ասաց՝ կարող եք նույն հանգամանքի վերաբերյալ անընդմեջ խոսել, բայց պետք է նայենք ողջամտությանը։
Հրայր Թովմասյանն ասաց՝ առարկում է դատավորի գործողություններին։ Նախագահող դատավորն ասաց՝ դա կանի վերջին նիստից առաջ ու խնդրեց շարունակել։
Հրայր Թովմասյանը հայտարարեց․ «Սույն մեղադրական եզրակացության մեջ ապահովված չեն ապացուցման տրամաբանական կանոնները»։ Նա նաև նշեց, թե ինչ մասերից է կազմված ապացուցումը և փորձեց հիմնավորել, որ ապացուցման կանոնները պահպանված չեն, նախագահող դատավորը կրկին ընդհատեց Հրայր Թովմասյանին․ «Դուք Ձեր ճառի շրջանակում տարբեր անձանց՝ նաև դատարանին ծանոթ կարող եք գիտական վերլուծությունները մեջբերել․ դա թույլատրելի վարքագիծ չէ»։
Հրայր Թովմասյանը վրդովվեց ու ասաց․ «Ես ավարտում եմ իմ ճառը, արձանագրում, որ թույլ չեք տվել ինձ լիարժեք իրականացնել իմ ճառը։ Այլևս ասելիք չունեմ, գտնում եմ՝ այս դատարանը կողմնակալ է։ Աշխարհում չկա մի դեպք, երբ վաղեմության ժամկետն անցած գործով 7 ժամ մարդուն պարտադրեն ցուցմունք տալ, ելույթ ունենալ, և անգամ ընդմիջում չունենք։ Աշխարհում չկա որևէ այլ դեպք, որ տասնյակ այլ գործեր հետաձգվեն այս գործը շարունակելու համար։ Ինձ հայտնի չեն Ձեր վարքագծի դրդապատճառները, ինձ հայտնի կդառնա այս դատական ակտից հետո։ Դատարանը իր գործողություններով միջամտել, խոչընդոտել ու թույլ չի տվել, որ ամբողջությամբ իրականացնեմ իմ պաշտպանական ճառը։ Ես դեռ պիտի անդրադառնայի գործում վկաների ցուցմունքներին, դրանից հետո տրված ցուցմունքներին։ Արձանագրում եմ, որ այս ամբողջը չեմ անում, քանի որ դատարանը չի ստեղծում պայմաններ, ավելին՝ խոչընդոտում է այդ իրավունքն իրականացնելուն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ