Լրահոս
Օրվա լրահոսը

2386 խաչքար, 400 միջնադարյան գերեզման, 385 եկեղեցի, 60 վանական համալիր. ի՞նչ նյութական արժեքներ են կորցրել արցախցիները

Սեպտեմբեր 18,2024 12:24

«Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար» խորագրով քննարկման ժամանակ պատմաբան, Genesis Armenia ուղեղային կենտրոնի հումանիտար հետազոտությունների ղեկավար Արմեն Սարգսյանը ներկայացրեց Արցախի հայաթափումից հետո նյութական կորուստների վիճակագրությունը։

Կորուստները հետեւյալն են՝ 12 քաղաք, 241 գյուղ, 11 450 բնակարան, 13 550 տուն, 15 գործարան, 60 ֆաբրիկա, 200 մշակույթի տուն, 25 թանգարան, 115 գրադարան, 4 համալսարան, 7 քոլեջ, 232 դպրոց, 232 մարզադահլիճ, 11 սպորտդպրոց, 4 մարզադաշտ, 2386 խաչքար, 400 միջնադարյան գերեզման, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 37 ՀԷԿ, 48 հանքեր, 5 ջրանցք, 11 հիվանդանոց, 3500 հա անտառ։ Մասնագետն ասաց, որ հուշարձանների թիվը դեռ ամբողջական չէ, քանի որ նոր հուշարձաններ էին բացահայտվում Արցախում։

Արմեն Սարգսյանն ասաց, որ Արցախի բռնի հայաթափումից հետո առաջին անգամ է ներկայացվում նյութական կորուստների վիճակագրությունը։ «Հեռու ենք այն մտքից, որ այսօրվա զեկույցն ամբողջովին արտացոլում է Արցախի նյութական կորուստների վիճակագրությունը։ Բայց սա սկիզբն է եւ առաջին սկիզբն է, որ մենք վստահ ենք, որ հետագայում տարբեր կազմակերպություններ ու օղակներ կսկսեն ավելի խորությամբ վերլուծել մեր կորուստների վիճակագրությունը։ Սա պետք է մեզ միջազգային հարթակներում հանդես գալու համար, որովհետեւ միջազգային հարթակներում շատ է կարեւորվում, թե ինչ ենք կորցրել, եւ ինչ ոճրագործություններ է կատարել Ադրբեջանը։ Ընդհուպ մինչեւ Քարինտակ գյուղը իրենք ոչնչացրել են։ Եվ այս կորուստների հաշվարկումը ավելի շատ նաեւ քաղաքական է»,- ասաց նա։

«Առաջին հայացքից թվում է, որ եթե այս զեկույցը կա, ապա մենք հաշտվել ենք, որ Արցախն արդեն կորցրել ենք եւ սկսել ենք մտածել նյութական կորուստների մասին, թե ինչ ենք կորցրել։ Բայց ոչ, այս զեկույցին պետք է հաջորդեն նոր ուսումնասիրություններ, որպեսզի մանրամասն իմանանք Արցախում մեր կորուստները, որ երբ վերադառնանք Արցախ` կարողանանք համեմատել եւ ազերի ոճրագործություններն անմիջապես կոնկրետ թվերով ներկայացնենք։ Մեր նպատակը վերադարձն է»,- հավելեց նա։

Արմեն Սարգսյանը նաեւ հավելեց, որ այս նյութական արժեքները շատ դժվար է հաշվարկել ֆինանսների մասով, որովհետեւ Արցախը, լինելով պատմական Հայաստանի հնագույն նահանգներից մեկը, իր մեջ պարունակում է հոգեւոր շատ մեծ արժեքներ։ Արցախի բնակարանների մոտ 30 տոկոսը 18-րդ դարի բնակարաններ են, ինչպե՞ս պետք է դրա արժեքը հաշվարկել։ Նրա խոսքով՝ Արցախի գենը մեր ազգի յուրահատուկ գեներից է, որը մաքուր է մնացել, եւ թշնամին երբեւիցե չի կարողացել ամբողջական գրավել Արցախը։

Նշվեց, որ մինչեւ 2020 թվականը Արցախի բնակչության թիվը կազմում էր 147 հազար, իսկ մինչեւ 2023 թվականի բռնի տեղահանումը՝ 107 հազար։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30