Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես քահանան ողջակիզվեց Գյումրիում՝ կայսր Նիկոլայ I-ի կողմից հիմնարկված եկեղեցում

Սեպտեմբեր 18,2024 13:30

Գյումրու մերձակայքում՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող բարձրադիր բլրի գրեթե կենտրոնում վեր է հառնում մի վեհաշուք եկեղեցի, որը, շրջապատված լինելով Ալեքսանդրապոլ ամրոցի հինավուրց պարիսպներով ու շինություններով, կարծես «թաքնվում է» հետաքրքասեր հայացքներից եւ միայն քաղաքի որոշ հատվածներից են ընդամենը նշմարվում նրա՝ ճերմակավուն զանգակատունն ու արեւի տակ փայլող խաչը։ Շուրջ 200-ամյա ուղղափառ այդ եկեղեցին 19-րդ դարում Գյումրիում կառուցված առաջին քարաշեն քրիստոնեական տաճարն է։

Հեռավոր 1836 թվականին կայսր Նիկոլայ I-ինի կողմից հաստատվում է Գյումրիում ուղղափառ եկեղեցու կառուցման նախագիծը: Իսկ արդեն 1837թ.-ին կայսրն անձամբ է այցելում Գյումրի ու իր ձեռքով դնում է եկեղեցու առաջին հիմնաքարը:

Գյումրի այցի մասին Նիկոլայ 1-ինը հիշում է. «Ես դրեցի ուղղափառ տաճարի առաջին քարը, որը պետք է կառուցվի ի պատիվ Սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու եւ Գյումրին վերանվանեցի Ալեքսանդրապոլ»։

 

Նիկոլայ I-ի հրովարտակը եկեղեցու հիմնադրման մասին

Պահպանվել է նաեւ Նիկոլայ 1-ին կայսեր հրովարտակը եկեղեցու հիմնարկման մասին, որտեղ գրված է. «Քրիստոսի ծննդից հետո՝ 1837թ. հոկտեմբերի 4-ի օրը, կայսր Նիկոլայ 1-ինը հիմնեց այս տաճարը Սուրբ նահատակ կայսրուհի Ալեքսանդրայի անունով»։ Ամենեւին էլ պատահական չէր, որ Նիկոլայ 1-ին կայսրն անձամբ է այցելում ռուսական ընդլայնված կայսրության ծայրամասում ծվարած Գյումրի բնակավայրը՝ Ալեքսանդրապոլ ամրոցի կառուցումն իր աչքերով տեսնելու եւ ուղղափառ տաճարի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու համար:

19-րդ դարի 30-ական թթ. սկզբներին ռուսական կայսրությունում կյանքի էր կոչվում ամրոցների կառուցման, այսպես ասած՝ մեգածրագիր: Ռուսական կայսրության սահմաններին՝ ռազմավարական տեսանկյունից մեծ կարեւորություն ունեցող հատվածներում ժամանակի ռազմական ինժեներիայի բարձր արհեստավարժությամբ 10 ամրոցներ են կառուցվում: Դրանցից մեկը Գյումրիում կառուցվող Ալեքսանդրապոլ ամրոցն էր, որը գտնվում էր անմիջապես ռուս-թուրքական սահմանին:

Գյումրու ամրոցն անկյունաքարային նշանակություն ուներ կայսրության հարավ-արեւմտյան սահմանների պաշտպանության համար, ինչպես նաեւ հնարավոր պատերազմի դեպքում դիտարկվում էր որպես պլացդարմ Թուրքիայի վրա հարձակվելու համար: Բնականաբար, ռազմական նման օբյեկտի կառուցումը կարեւորվում էր ցարի մակարդակով։ Իսկ ուղղափառ վեհաշուք տաճարի առկայությունը հենց ամրոցում միայն ընդգծում էր ռազմական այդ կառույցի նշանակությունը:

Տաճարի նախագիծը մշակվել է ինժեներ-գնդապետ Ռուդենկովի կողմից. նախագծի համաձայն՝ այն կարող էր տեղավորել միաժամանակ 800 հավատացյալի: Ըստ ռուսական որոշ աղբյուրների՝ եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ա. Շտաուբերտի տիպային նախագծով:

Սբ. Ալեքսանդրա եկեղեցու շինարարությունը վստահվել է հայ քարտաշ-որմնադիր վարպետներին: Վարպետ-շինարարներից հիշատակվում է միայն ուստա Գինոսի անունը, որը եղել է ուստաբաշի: Պատահական չէ, որ հենց հայ շինարարներին է պատվիրվել տաճարի կառուցումը՝ նրանց արհեստավարժությունը հայտնի էր տարածաշրջանում հազարամյակներով: Մյուս կողմից՝ շինարարության մեջ այդ տարածաշրջանից արդյունահանվող տուֆի օգտագործման վարպետությանը լավագույնս տիրապետում էին հայ արհեստավորները։

Տաճարի շինարարությունը տեւել է 5 տարի: Եկեղեցին օծվել է 1842թ.-ին:

Սբ Ալեքսանդրա տաճարը հիմնականում ծառայել է ռուս ուղղափառ զինվորականությանը: Հազարավոր զինվորներ այս եկեղեցում են օրհնություն ստացել ռազմական գործողություններից առաջ: Պահպանվել են նաեւ եկեղեցու պատմական լուսանկարները, որոնք արվել են 1870-80-ականներին Գյումրի այցելած լուսանկարիչներ Նիկիտինի ու Երմակովի կողմից:

Հիշատակման է արժանի այն փաստը, որ Սբ Ալեքսանդրա տաճարում է գտնվել Նիկոլայ 1-ինի նվիրած Հայր Աստծո սրբապատկերը (4.5?2.5), որի հեղինակն է Կ. Բրյուլովը։ Ինչպես նաեւ այստեղ է պահվել անհայտ անձի կողմից նվիրաբերված արժեքավոր պաստառ/դրոշ՝ «Արդահանի գրավումը. 1877թ. մայիսի 2» գրառմամբ:

Ցարի կողմից հիմնարկված ուղղափառ եկեղեցուն 20-րդ դարասկզբին ողբերգական ճակատագիր էր սպասվում: Օգտվելով 1917թ.-ին Ռուսական կայսրության անկման փաստից՝ թուրքական բանակը 1918-ի գարնանը ներխուժում է Հարավային Կովկաս, իսկ մայիսի 13-ին թուրքերը գրավում են Գյումրին։

Ալեքսանդրապոլի ամրոց է ներխուժում թուրքական մինչեւ 160 հոգանոց ջոկատը։ Բերդի կայազորի հիմնական ուժերն այդ ժամանակ գտնվում էին Ալեքսանդրապոլից դուրս։ Բերդում կային զինվորների 2 դասակ, կայազորի սպաների կանայք եւ երեխաներ, որոնք դուրս են գալիս բերդի պահեստային դարպասներով եւ թաքնվում Ախուրյան գետի կիրճում։ Տեսնելով եկեղեցին՝ թուրքերը որոշում են պղծել ու թալանել ուղղափառ հավատքի այդ սրբավայրը։ Սակայն գնդի քահանա Մատվեյ Միրոնովին հաջողվում է փակել եկեղեցու պատուհաններն ու ծանր դռների բոլոր փեղկերը։ Տաճարի դռները բացելու թուրքերի փորձերը՝ նույնիսկ փոքր հրետանու կիրառմամբ, անհաջողության են մատնվում: Եկեղեցի ներխուժելու ու թալանելու ձախողված փորձերից գազազած թուրք զինվորները հրկիզում են եկեղեցին։ Այն ամբողջությամբ այրվում է, խիզախ քահանա Մատվեյ Միրոնովը նույնպես ողջ-ողջ հրկիզվում է եկեղեցու ներսում։

1920թ.-ին Հայաստանում հաստատվում են սովետական կարգեր, սկսվում են հալածանքներ ռուս ուղղափառ եկեղեցու նկատմամբ եւս։ Ուստի այդ տարիներին ավելորդ էր ակնկալել եկեղեցու վերակառուցումը։ Շուրջ 90 տարի եկեղեցին մնում է խոնարհված:

Սբ. Ալեքսանդրա եկեղեցին 2022թ.-ին

2008 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հովանավորությամբ սկսվում են եկեղեցու վերականգնողական աշխատանքները, իսկ 2009 թվականի մայիսի 8-ին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլի օրհնությամբ եկեղեցին օծվում է Մարկոս եպս. Եգորեւսկու կողմից։ Եկեղեցու վերականգնման ժամանակ վերանորոգվում է նաեւ 1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմում զոհված գեներալ Ֆ.Ա. Գուբսկոյի հուշակոթողը, որը նախկինում գտնվում էր եկեղեցու բակում:

Այդ օրվանից ի վեր Սուրբ Ալեքսանդրա եկեղեցին հոգեւոր լիարժեք կյանք է վարում՝ անխոնջ ծառայելով իր հավատացյալ հոտին։

Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30