Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հանրային քննարկման է ներկայացվել բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի լրամշակված նախագիծը

Սեպտեմբեր 18,2024 13:22

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:

Այն միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը: 

Ոլորտները կարգավորող օրենսդրության արդի վիճակը և փոփոխման անհրաժեշտությունը

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտները կարգավորող գործող օրենքները ընդունվել են շուրջ երկու տասնամյակ առաջ, և դրանց ընդունման պահից ի վեր բարձրագույն կրթության և գիտության համակարգերում իրականացվել են կարևոր կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ, այդ թվում՝ միջազգային կրթական և գիտական լայն համագործակցային ձևաչափերին անդամակցության արդյունքում, որոնց իրականացման ամբողջականությունն ու արդյունավետությունն անհնար է ապահովել օրենսդրական կարգավորումների բացակայության կամ անբավարարության պայմաններում։

Միևնույն ժամանակ գիտության ոլորտում 2021 թվականից իրականացվող պետական քաղաքականությունը և ֆինանսավորման կտրուկ ավելացումը առաջ են բերել նաև օրենսդրական մակարդակի փոփոխությունների կարիք ինչպես ավելացվող ֆինանսավորման առավել արդյունավետ կառավարման տեսանկյունից, այնպես էլ դրա առավել թիրախային ուղղորդման իմաստով:

Բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական փոփոխությունները միտված են ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանը և որակի պետական հսկողության բարձր չափանիշների սահմանմանը, ինչը կնպաստի մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացմանը: Միևնույն ժամանակ վերանայվում են ոլորտի ֆինանսավորման մեխանիզմները և ուսանողներին տրամադրվող պետական աջակցության տրամաբանությունը:

Օրենքի նախագծով նաև ստեղծվելու են իրավական հիմքեր պետական բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ ինտեգրման համար` ապահովելով նոր ստեղծվող բուհերում կառավարման մասնակցային մեխանիզմներ: 

Օրենքի նախագծի հիմնական նպատակները և ակնկալվող արդյունքները

Այսպիսով, նոր օրենքի նախագիծը նպատակ ունի վերացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտին առնչվող առանցքային օրենսդրական բացերն ու անհամապատասխանությունները, ինչպես նաև ապահովել ոլորտների համաչափ և համընթաց զարգացմանն ուղղված քաղաքականության ձևավորման և իրականացման հետևյալ հիմքերն ու պայմանները.

  • աջակցություն բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մրցունակ և դիմակայուն համակարգերի ձևավորմանը, կրթության որակի շարունակական բարելավմանը և ժամանակի պահանջներին համահունչ կրթության կազմակերպմանը.
  • բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ներգրավված դերակատարների ակադեմիական ազատությունների և ինքնավարության երաշխավորում.
  • ակադեմիական քաղաքի կառուցման և զարգացման իրագործում.
  • բուհական և գիտական համակարգում շարժունության ապահովում, այդ թվում նաև ժամանակակից և համադրելի ընթացակարգերի սահմանմամբ.
  • լավագույն կրթության, կրթական փորձառության, հետազոտական և փորձարարական առավել մրցունակ պայմանների երաշխավորում և վերահսկողություն, ինչպես նաև նոր գիտելիքի ստացմանը նպաստող միջավայրի ձևավորում.
  • աշխատանքի շուկայում ռելևանտության, նորարարական պոտենցիալի մաքսիմալ դրսևորման և տնտեսական առավելագույն ազդեցությանը նպաստում.
  • հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման մեխանիզմների ներդրում և սերնդափոխության արդյունավետ գործիքակազմի կիրառում.
  • բարձրագույն կրթության ու գիտության համակարգի՝ միջազգային բարձր չափանիշների համապատասխանության ապահովում,
  • բարձրագույն կրթության և գիտության ոլորտի հաստատությունների մրցունակության բարձրացում, դրանց արդյունավետ փոխգործակցություն և վերջիններիս հանդեպ միասնական մոտեցումների և սկզբունքների կիրառում,
  • բուհ-հետազոտություն-տնտեսություն բնականոն կապի ամրապնդմանն աջակցություն,
  • բուհերի ինքնակառավարման՝ սահմանադրական պահանջից բխող հետագա զարգացման ապահովման նպատակով նրանց ինքնավարության, ակադեմիական ազատությունների, հաշվետվողականության և ֆինանսավորման անհրաժեշտ լիարժեք մեխանիզմների ներդրմանն աջակցություն։

Օրենքի նախագծով սահմանված հիմնական փոփոխությունները՝

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով սահմանվում են՝

  • բարձրագույն կրթության և գիտության համակարգի բարեփոխման արդյունքում նոր իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ ակադեմիական քաղաքին և գիտական փորձաքննությանը վերաբերող հարաբերությունները.
  • Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությանը վերաբերող կարգավորումները.
  • դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ, բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության և աստիճանական ինտեգրման, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու իրավական հիմքեր ստեղծելուն՝ ապահովելու որակյալ բարձրագույն կրթություն և հետազոտական արդյունքներ.
  • բուհերի և գիտական կազմակերպությունների պետական աջակցության նոր մեխանիզմներ, ներառյալ՝ ինստիտուցիոնալ (բազային) և մրցակցային ֆինանսավորումը.
  • բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը՝ բակալավրի, մագիստրոսի և դոկտորի (PhD) որակավորումների շնորհմամբ.
  • բարձրագույն կրթական ծրագրերի՝ լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևով.
  • բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարման բարելավված մոդելների ներդրում՝ ներառելով էթիկայի կոմիտեի ձևավորում.
  • իրավական հիմքեր՝ երկու և ավելի բուհերի (այդ թվում նաև՝ միջազգային) համատեղ կրթական ծրագրերի իրականացման և միջազգային կրթական միջավայրի զարգացման համար.
  • բուհերի լիցենզավորման և հավատարմագրման նոր պահանջներ՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան.
  • ուսանողների իրավունքների և պարտականությունների շրջանակ, ուսանողական ինքնակառավարման մարմինների իրավասություններ:

 Ի գիտություն օրենքի նախագծի շահառուների

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7684 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (էլ. հասցե՝ [email protected]):

Նախագծի վերաբերյալ հանրային լսումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրներ 22, Երևան)։

Տեղեկացնում ենք նաև, որ հաջորդիվ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կհրապարակվեն հավելյալ իրազեկող բնույթի տեղեկատվական նյութեր՝ օրենքի շահառու խմբերից յուրաքանչյուրի (ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ, բուհեր և գիտական կազմակերպություններ) ոլորտներում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30