Այս նամակն ուղարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին
Պատճենները՝
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին,
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար ԳնելՍանոսյանին,
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին,
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին
Հարգելի տիկին Անդրեասյան, հայտնի է, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է Լոնդոնի Բրիտանական թանգարանից բերված Հայոց մայրության, պտղաբերության Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի մասունքների ցուցադրությունը:
Մասունքների մուտքը Հայաստան էլ ավելի մեծ շուքով նշելու նպատակով մենք՝ «Հանուն Հայրենիքի» ՀԿ-ն, «Արորդիների Ուխտի» քրմական դասը, «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը եւ նամակին կից ստորագրություններով հանդես եկող անհատ անձինք, որպես Հայաստանի Հանրապետությունում պահպանված Հայոց Հին հավատքի եւ հայ ազգային բնապաշտական հավատամքի կրող-ժառանգորդներ, դիմում ենք Ձեզ ապահովելու «Զվարթնոց» օդանավակայանում Մայր Անահիտի դիմավորման հանդիսավոր արարողությանը մեր պատվիրակության մասնակցությունը:
Կարդացեք նաև
Մենք կարեւորում ենք, որպեսզի Մայր Աստվածուհու արձանի մասունքները մեկական անգամ ցուցադրվեն Գառնիի մայր տաճարում եւ Մեծամորի թանգարանում, որտեղ կկատարվեն Մայր Անահիտին նվիրված ծիսական արարողություններ եւ Հայ ցեղի պահապան աստվածների փառաբանումներ:
Ցանկալի կլիներ նաեւ մրցույթ հայտարարել արձանի ամբողջական տեսքի վերականգնման համար, հետագայում Անահիտ աստվածուհուն նվիրված Մեծամորի հուշարձանային համալիրում տեղադրելու նպատակով:
Ներսես Ներսիսյան
(«Հանուն Հայրենիքի» ՀԿ-ի նախագահ)
«Արորդիների Ուխտի» մեհենական խորհրդի նախագահ, քուրմ Գագիկ
Գեւորգ Հովսեփյան («Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ)
100-ից ավելի ստորագրություն
«Առավոտ» օրաթերթ
17.09.2024