Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ցույց տվեց Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը

Սեպտեմբեր 18,2024 14:00

«Կստանա՞ Ալեն Սիմոնյանն արժանի ընդդիմություն». «Առավոտի» զրուցակիցն է հասարակական գործիչ Իգոր Զարգարյանը

– Արդեն մեկ տարի է՝ Արցախը հանձնված եւ հայաթափված է։ ՀՀ գործող իշխանությունն Արցախի էջը փակված է համարում. ասում են՝ Արցախի եւ արցախահայերի վերադարձի մասին խոսելը վտանգում է ՀՀ անվտանգությունը, այդ մասին խոսողները «նոր թոկ են ուզում գցել ՀՀ-ի վզին», նաեւ հայտարարում են, որ արցախցիներն են լուծարել Արցախի հանրապետությունը։ Ինչպե՞ս եք այս ամենին վերաբերվում. ի վերջո, գոյություն ունի՞ Արցախի հանրապետություն, թե՝ ոչ, այդ մարդիկ իրավունք ունե՞ն իրենց բնակավայրեր վերադառնալու, ի՞նչ հնարավորություններ կան։

– Բնականաբար՝ ունեն եւ այդ իրավունքը ոչ թե այսօր է առաջանում, այլ ի ծնե է. մարդիկ դարերով ապրել են այդ հողի վրա։ Ուստի, իրավունքի հարցը վիճարկելն անգամ, մանկամտության է նմանվում։

– Բայց փաստացի, արցախցիներն այսօր չունեն այդ հնարավորությունը։

– Հնարավորությունն ու իրավունքը տարբեր են։ Հնարավորություն չունեն այսօր, բայց ոչ թե ընդմիշտ։ Իսկ իրավունքը՝ կա եւ կլինի։

Ինչ վերաբերում է գործող իշխանությունների կողմից առաջ մղվող թեզերին, ես չեմ հասկանում, օրինակ, ի՞նչ ասել է՝ արցախցիները լուծարեցին։ Վաղը չէ մյուս օրը, օրինակ, տավուշցիները ինչ-որ մի բան կորոշեն, կամ՝ գյումրեցիները… եթե սա  փաստարկ է, ուրեմն, այս իշխանությունը չի հասկանում իր դերը եւ, ընդհանրապես, չի հասկանում, որ ինքն իշխանություն է հայկական պետության։ Արցախի լուծարման հետ կապված շատ հարցեր կան, որոնք պատասխաններ են պահանջում. օրինակ՝ քննարկվե՞լ է այդ որոշումը Հայաստանի հետ, ինչպե՞ս են Հայաստանում դա ընդունել եւ այլն։ Նաեւ՝ հարցերի հարցն է մնում՝ Արցախը, արցախցիները 9 ամիս շրջափակման մեջ էին՝ ի՞նչ արեց Հայաստանը, որպեսզի օգնի այդ մարդկանց՝ ծայրագույն իրավիճակից դուրս գալու համար։ Անկախ ամեն ինչից՝ արցախցիները հայեր են. ինչո՞վ ՀՀ-ն թիկունք եղավ նրանց։ Առհասարակ, հիմա խնդիրն այդ հարթության մեջ դնելով ներկայացնել՝ արցախցիները տվեցին, իրենք են մեղավեր, նշանակում է՝ նոր բաժանարար գծեր տանել։ Խնդիրը պետք է դիտարկել այն հարթությունում, որ հայերս ենք ունեցել այդ կորուստները։ Մենք երկրից դուրս ունենք թշնամիներ, ովքեր աշխատում են՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով, բայց երբ երկրի ներսում են նման բաժանումներ անում՝ արցախցի, հայաստանցի, երեւանցի, գյումրեցի… չկան նման հասկացություններ, կան հայեր։ Ես բնիկ երեւանցի եմ ու չեմ կարծում, որ այն երեւանցիները, ովքեր կարող են թքել փողոցում կամ սիգարետի տուփը գցել փողոցում, լավ երեւանցի են կամ լավ հայ. նրանք ավելի վատ կերպարներ են, քան մեր թշնամին։ Հիմնական խնդիրն այստեղ է, մշակույթ պետք է փոխվի։ Նաեւ մի շերտ ունեք, որը լավագույն դեպքում անտարբեր է, վատագույն դեպքում՝ ընդդեմ է՝ եւ պետականությանը, եւ հայությանը. սա պետք է կանգնեցնել։

Թերեւս ճշմարտություն կա տարբեր տեղերից մեզ ուղղված նախատինքի մեջ, երբ ասում են, որ դուք՝ հայերով, չեք պահել ու պաշտպանել ձեր հողն ու ժողովրդին, ուստի ուրիշներից ի՞նչ եք ակնկալում։ Սա ամենամեծ փաստարկն է ու կապ չունի, թե ի՞նչ են ասում հիմա ՀՀ իշխանությունները։ Սա անվիճելի է. դու ոչինչ չես արել, ուրիշից ակնկալիք մի ունեցիր։

Բնականաբար, Հայաստանի համար վտանգ էր ներկայացնելու Արցախին սատար կանգնելը, բայց եթե որեւէ մեկը կարծում է, որ Արցախը հանձնելով այդ վտանգը վերանում է՝ ոչ։ Հիմա ականատեսն եք դրա. որքան շատ ես տալիս, հետո՝ ավելին կտաս։ Այնպես որ, ՀՀ իշխանությունների կողմից առաջ տարվող թեզերը զուտ թշնամու ցանկությունների ուղիղ պրոյեկտումն է ու անընդունելի է։ Առհասարակ,  տարածաշրջանում հիմա  Հայաստանը թույլ օղակն է եւ բոլորը փորձելու են մեր հաշվին իրենց շահերն առաջ տանել։

– ՀՀ իշխանությունը մեղադրում է Արցախի իշխանությանը, Արցախի իշխանությունը՝ ՀՀ իշխանությանը, ընդդիմությունը՝ իշխանությանը. արդյունքում, հայտնվել ենք փակ շղթայի մեջ ու այդ շղթայում Արցախի հարցը փոշիանում է։

– Դա բացատրելի է. պարտված կողմի հոգեբանությունն է, մեղավոր գտնես ու ամենն իր վրա բարդես։ Բոլոր կողմերն էլ պարտված են, դրա համար էլ մեկը մյուսի վրա են գցում ու սա ի վերջո, անդունդ է տանելու։ Հայտնի մուլտֆիլմ կա, որտեղ շվիի նվագակցությամբ առնետները գնում են խորտակվելու… Բոլորն են մեղավոր, բոլորս էլ մեղավոր ենք՝ սկսած Լոս Անջելեսից, վերջացրած Երեւանով, Արցախով, որովհետեւ բոլորս էլ արել ենք մի բան, որ պարտությունը գա եւ շատ արագ։

Հավատացեք, եթե հաղթանակ լիներ, նույն արագությամբ հաղթանակը կսեփականաշնորհվեր։

– Ալեն Սիմոնյանը շնորհակալ է գործող ընդդիմությանը, ասում է՝ այս ընդդիմությունն իրենց երազանքների ընդդիմությունն է։ Ստացվում է՝ ճի՞շտ են այն մարդիկ, ովքեր համարում են, որ գործող ընդդիմությունն է երկարացնում Նիկոլ Փաշինյանի իշխանության կյանքը։

– Ալեն Սիմոնյանն իրավունք ունի այդպես ասելու, քանի որ լուրջ հակադրություն չի տեսնում ու իրենց իշխանությունը կարողանում է իր ծրագիրն առաջ տանել։ Այս պարագայում, անկեղծ ասած, վիճելու բան չկա, փաստ է։ Բայց, հուսով եմ, Ալեն Սիմոնյանը կստանա արժանի ընդդիմություն։

– Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանն ինչպե՞ս եք վերաբերվում. գարնանը սպասելիքները մեծ էին, հրապարակ դուրս եկած բազմությունը մեծ էր, արդյունքում՝ անպատասխան հարցերն են շատացել։

– Սրբազանին վաղուց եմ ճանաչում. տարբեր առիթներով, տարբեր ծրագրեր ենք քննարկել, իրականացրել ու ոչ մի խնդիր չի եղել իր հետ կապված՝ թե որպես հոգեւոր առաջնորդի, թե որպես մարդու, ում սիրտը ցավում էր Տավուշի համար եւ համոզված եմ՝ հիմա էլ է ցավում։ Սա անհերքելի է։ Սրբազանին պիտակավորումներն անընդունելի են, իր նկատմամբ մեծ հարգանքը չի փոշիանա։

Ինչ վերաբերում է նրա գլխավորած շարժմանը. եթե որեւէ մեկը դուրս է գալիս քաղաքական բեմ, կարծում եմ, նախ պետք է իր թիմն ու ծրագիրը ներկայացնի։ Փրկչի դրոշի տակ չպետք է գնալ, պետք է լինի հավասարների թիմ, որպեսզի ցանկացած պահի հնարավոր լինի մեկին մյուսով փոխարինել։ Ու թիմը պետք է կազմված լինի մասնագետներից, իրենց ոլորտի պրոֆեսիոնալներից։ Այլ տարբերակ ես չեմ տեսնում։ Կարծում եմ, որ միայն այդ պարագայում է հնարավոր իրավիճակ փոխել եւ ես չէի ասի, որ հնարավորությունները զրոյական են. մնում է՝ քաղաքական եւ կուսակցական այրերը լեզու գտնեն, անձնականը ստորադասեն երկրի եւ պետության շահին։ Չեմ ուզում վերամբարձ հնչի, բայց հորդորում եմ բոլորին՝ մոռացեք ձեր ամբիցիաների մասին, որովհետեւ մենք հիմա շատ վատ վիճակի մեջ ենք. չկա ընդդիմություն, չկա մեր երազանքի իշխանությունը, կաք դուք, որ կարող եք որոշակի բան փոխել, եթե կամքի ուժ ունեք։ Հակառակ պարագայում, շարժումը երկար չի կարող գոյատեւել։ Ավելին, հնարավոր է իրավիճակ, երբ պարզապես օգտագործվի՝ այլ հետաքրքրությունների բավարարման համար, անկախ դրա առաջնորդի ցանկությունից կամ գիտությունից։ Այս իմաստով, հստակություն եւ արագ քայլեր են պետք ու այս տեսակետից, ըստ իս, Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը ձախողվել է։ Չգիտեմ, միգուցե ինքն ունի, այսպես կոչված, պահուստային տարբերակ։ Կտեսնենք, բայց երբ անընդհատ ասվում է՝ մենք վաղն ասելիք ու անելիք ունենք ու այդ վաղը չի գալիս, դա Ալեն Սիմոնյանին հնարավորություն է տալիս նման հայտարարություններ անել։

Մինչ այս շարժումը Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բավական ցածր էր, Կիրանցի դեպքերի ժամանակ՝ բավական ընկավ, իսկ հետո՝ կրկին բարձրացավ։ Այսինքն, կամա թե ակամա, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարժումը պահեց։ Թե ինչո՞ւ այդպես ստացվեց՝ չեմ կարող պարզաբանել, գործընթացներում ներգրավված չեմ, բայց փաստ է, որ այդպես եղավ։ Սա ապագայի գործողությունների համար լուրջ մտորումների դաշտ է տալիս։

Ամեն դեպքում, սրբազանի գլխավորած շարժումը մեկ մեծ դրական բան տվեց. մինչ այդ, բոլորն այն կարծիքին էին, որ ժողովուրդը թմբիրի մեջ է, անտարբեր է։ Սրբազանը ցույց տվեց, որ կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր անտարբեր չեն եւ կարող են շատ ավելին անել իրենց երկրի համար, եթե համապատասխան իրավակազմակերպական դաշտ ապահովվի։ Սա շարժման մեծ, բայց կարճատեւ հաղթանակն էր։

Ես վատատես չեմ, բայց տարօրինակ մի զուգադիպություն կա. Արցախը հանձնելուց առաջ, երբ անցնում էինք Շուշիի կողքով՝ Ստեփանակերտ մտնելու համար, ադրբեջանական դրոշներն էին առաջինն աչքի զարնվում։ Հիմա, Տավուշի բնությունը շատ նման է Արցախի բնությանը եւ Տավուշով անցնելիս՝ դարձյալ ադրբեջանական դրոշներն են աչքի զարնում՝ համարյա նույն տարածության վրա, ինչ Շուշիից էին երեւում… Սա մտածելու տեղիք տալի՞ս է։ Բնականաբար՝ այո։ Եթե որեւէ մեկը համարում է, որ զիջելով կամ սահմանամերձ բնակավայրերում պատեր կառուցելով հարցը լուծվում է… նույնիսկ բառեր չեմ գտնում՝ բնութագրելու համար։ Սրանք երկարաժամկետ լուծումներ չեն ու սա դեռ վերջը չէ եւ մի բան հստակ է՝ թույլ լինելով՝ Հայաստանը չի կարող գործընկերներ գտնել, հետաքրքիր չէ։ Բացի այդ, իսկ ի՞նչ ենք մենք արել, որ մեր թիկունքին կանգնեն, ո՞ւմ եւ ի՞նչ ենք տվել, որ ինչ-ինչ սպասելիքներ էլ ունենանք։

– Տնտեսական հզորությունները ՌԴ-ին ենք տվել, Արցախն Արեւմուտքին շնորհ արեցինք՝ տվեցինք։

– Միանշանակ չէ։ ՌԴ-ն Հայաստանի ամենամեծ շուկան է, մեր տնտեսությունը դրա հաշվին որոշակիորեն շնչում է, աճում է։ Վերաարտահանում էլ դեպի ՌԴ՝ մեծ է։ Այլ հարց, որ քաղաքական դաշտում մեծամասամբ բարձիթողի իրավիճակ է եղել՝ սկսած նրանից, որ 30 տարիների ընթացքում ՌԴ-ում մեր դեսպանները լուրջ եւ կարող ուժեր չեն եղել, բացառությամբ թերեւս միայն Վարդան Տողանյանի, ով փորձում էր ինչ-որ բաներ անել։

Այլ հարց է նաեւ, որ ՌԴ-ն Արցախում կարող էր իրեն այլ կերպ դրսեւորել։ Բնականաբար՝ կարող էր։ Բաց հարցեր շատ կան։ Բայց խզել կապերը ՌԴ-ի հետ՝ անմտություն է, անգամ տարրական կենցաղային մակարդակում եթե խնդիրը դիտարկենք՝ իսկ ինչպե՞ս ես կերակրելու քո ժողովրդին վաղը… Առահասարակ, ես կողմ եմ եւ-եւ-ի տարբերակին, հարաբերությունների եւ հնարավորությունների դիվերսիֆիկացիային ու մինչ մենք 25 տարի քնած էինք, մսխում էինք մեր հնարավորությունները, Ադրբեջանը կարողացավ հարաբերություններ կառուցել՝ խավիարով, գումարով, ինչպես կարողացան։

Երկարաժամկետ կտրվածքի համար Հայաստանը պետք է հարաբերություններ կառուցի ՌԴ-ի, Իրանի, Վրաստանի, որոշակի չափով նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պետք է հարաբերությունների ձեւաչափեր գտնել, բայց ոչ այնպիսիք, ինչպիսիք գործող իշխանությունն է առաջարկում։

– Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ պարտավորություն չունի Բաքվում գտնվող գերիներին վերադարձնելու։ Սպասե՞նք այդ մարդկանց, թե՞ արդեն վճռված է նրանց ճակատագիրը։

– Բաքվում գտնվող հայ ռազմագերիների մի մասը ՀՀ քաղաքացիներ են, այդ թվում նաեւ՝ Ռուբեն Վարդանյանը, մյուսներն էլ՝ հայ են ու եթե իշխանությունը չի պաշտպանում իր քաղաքացուն, մի քիչ անհասկանալի է, թե այդ դեպքում ո՞ւմ պետությունն է այդ պետությունը։ Հրապարակային հնչած վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ն ոչինչ էլ չի անում գերեվարված անձանց վերադարձի համար։ Անգամ հասարակական դաշտն է բավական պասիվ արձագանքում այս հարցին։ Ու գերիներին, մանավանդ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում պահելու փաստարկը ուժեղացնում են հենց Հայաստանից, անգամ Ադրբեջանի որեւէ պահանջի դիմաց պայման չեն առաջադրում։ Այնպես որ՝ լավատես չեմ ու նույնիսկ չգիտեմ, թե այդ հարցի լուծումը ո՞րն է։ Պետությունը պետք է անի եւ պետք է անի շատ հստակ։ Մեծ եւ արագ կատարելու աշխատանք կա, եթե չենք ցանկանում, որ այդ մարդիկ մահկանացուն կնքեն Բաքվի բանտերում։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30