Քիչ առաջ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը կարգապահական սանկցիա կիրառեց Հրայր Թովմասյանի նկատմամբ՝ նկատողության ձևով։
Այս միջադեպը սկսեց նրանից, որ նախագահող դատավորը Հրայր Թովմասյանի ճառն ընդմիջեց ու հորդորեց ներկայացնել այն հանգամանքները, որոնք ներկայացրել է իր ցուցմունքում․ «Ճառում ներկայացնում եք այնպիսի հանգամանքներ, որոնք Ձեր ցուցմունքում չեք նշել։ Դատարանն արդեն չգիտի»։
Հրայր Թովմասյանն արձագանքեց․ «Չգիտի, կարող է դադարեցնել, ինձ դահլիճից հեռացնել, գնալ որոշում կայացնել, քանի որ ամեն անգամ ինձ հորդորում եք․․»։
Դատավորը պատասխանեց՝ որևէ ժամկետային սահմանափակում դատարանը չի դնում, խոսեք դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների հիման վրա։
Կարդացեք նաև
Հրայր Թովմասյանն արձագանքեց՝ «Ես ցուցմունք եմ տվել ու ասել, որ այն հանդիպումը, որի մասին ասում է վկա Տարոն Թովմասյանը, չի եղել ու չէր կարող լինել»։ Դատավորն էլ ասաց՝ Ձեր ճառում ներկայացնում եք, թե քանի անգամ եք Ձեր պաշտոնավարման ընթացքում սրճարան գնացել, ինչը չկա Ձեր ցուցմունքում։
Այն ժամանակ, երբ հղում արվեց հանրային պաշտպան Զոյա Սակովայի հայտարարություններին, դատավորն ասաց․ «Տիկին Սակովային հանգիստ թողեք։ Դատարանը թույլ չի տալիս Ձեզ հայտարարություն անել»։
Հրայր Թովմասյանը վրդովվեց՝ սե՞նց ենք շարունակելու․ «Ես ավարտելու եմ իմ ճառը, եկեք վերջակետ դնենք։ Վերջացնենք․ ի՞նչ եք ուզում ինձնից»։ Նախագահող դատավորը փորձեց ընդմիջել՝ ասելով պարոն Թովմասյան, Հրայր Թովմասյանն էլ վրդովված ասաց․ «Ի՞նչ պարոն Թովմասյան, թողնելո՞ւ եք ավարտել, թե՝ ոչ․․․ եթե Ձեր նպատակն է ինձ չթողնել այս ամբողջը դարձնել հանրային սեփականություն․․․»։
Այս միջադեպից հետո Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ընդմիջում խնդրեց, սակայն դատավորը մերժեց։
Հրայր Թովմասյանը, անդրադառնալով վկա Տարոն Թովմասյանի այն պնդումներին, թե իրեն հանդիպել է, ասաց․ «Միտումնավոր այս վկան որևէ կոնկրետության մասին չի խոսում, քանի որ դրանք գոյություն չունեն։ Ցանկացած կոնկրետության սահմանում հեշտ է լինելու ապացուցել և այս ամենը հերքել։ Որ ապացուցի, ասի՝ որտեղ ենք հանդիպել, ես կապացուցեմ, որ կյանքումս այդ տեղում չեմ եղել։ Ամեն ինչ բոլորին պատմող այս վկան հանկարծ որևէ մեկին այդ մասին չի տեղեկացրել, չի խոսում, թե ով պայմանավորվեց գնալ իր ասած՝ եթե չեմ սխալվում սրճարան էր։ Բայց եթե ձմեռ էր՝ ի՞նչ սրճարան էր, կամ մոտավորապես ո՞ր տարածքում էր այդ սրճարանը գտնվում։ Խնդիրն այն է, որ այս մարդու ասածները անտրամաբանական և շատ հերքելի են։ Ըստ նրա՝ ես ինչ-որ գույք եմ ձեռք բերել, որի մասին, ակնհայտ է, որ Փանոսյանը տեղյակ է, ես չեմ ուզում, որ դրա մասին որևէ մեկը տեղյակ լինի և այն վաճառելուց չգիտես՝ ինչու ոչ թե հորինված հնարավոր գնորդ մարմնի հետ է նա բանակցում, այլ գալիս է ու բանակցում ինձ հետ։ Ըստ իր ցուցմունքի՝ ստացվում է՝ եկել, հարցրել է գինը, ասել եմ գին, ու գնացել է։ Եթե իրեն Փանոսյանն էր ասում, որ Հրայր Թովմասյանը դա վաճառում է, Փանոսյանին չէր կարող հարցնե՞լ՝ որքանով է վաճառվում։ Փանոսյանը պիտի հաջորդ հարցը տար, թե որքանով է վաճառվում։ Եթե Նորայր Փանոսյանը տեղյակ է, որ վաճառում եմ, ուրեմն Նորայրը պետք է տեղյակ լիներ, թե որքանով եմ վաճառում։ Անիմաստ էր նման հանդիպման կազմակերպումը ինքնին»։
Հրայր Թովմասյանը նշեց՝ այդ անձանց տեսել է մեկ-երկու անգամ Նորայր Փանոսյանի միջոցառումների ժամանակ։ Նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երբ լսում ենք Տարոն Թովմասյանի և նրա քրոջ հեռախոսային գաղտնալսումները, միանշանակ է վերջինիս կողմից թշնամական տրամադրվածությունն իր անձի նկատմամբ․ «Գաղտնալսումները ցույց են տալիս, որ նա ունեցել է թշնամանք ոչ միայն իմ նկատմամբ, այլև Նորայր Փանոսյանի։ Սա ևս խոսում է այն մասին, որ այս մարդու ասածներն արժանահավատության անգամ ամենաներքևի շեմը չեն հաղթահարում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ