Լրահոս
Օրվա լրահոսը

«Gyumri Art Week-ը Գյումրիի բիենալեի ոգով արված միջազգային փառատոն է». Արման Թադեւոսյան

Սեպտեմբեր 18,2024 12:30

Ժամանակակից արվեստի փառատոնը հիմնադրել են Արման Թադեւոսյանը, Ալեքսեյ Մանուկյանը եւ Սարգիս Հովհաննիսյանը

Օգոստոսի 2-18-ը կայացել է Gyumri Art Week 2024 ժամանակակից արվեստի ամենամյա 3-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին: Փառատոնը իրականացվել է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Երեւանում, կրել է «Քաղաք եւ Անդին» խորագիրը:

«Առավոտի» հետ զրույցում «5-րդ հարկ» ստեղծագործական մշակութային խմբի եւ Gyumri Art Week-ի համահիմնադիր, ֆրանսաբնակ նկարիչ Արման Թադեւոսյանը նշեց, որ պարբերաբար ծրագրեր են իրականացնում Հայաստանում, մասնավորապես՝ Գյումրիում, հրավիրում արվեստի ներկայացուցիչների եւ փորձում ակտիվ պահել միջմշակութային երկխոսությունը:

«Gyumri Art Week-ն էլ դրա կուլմինացիան է, որն այս 15 տարիների մեր «5-րդ հարկի» գործունեության հանգուցալուծումը կարծես լինի: Մենք ժամանակակից արվեստի փառատոնը հիմնեցինք՝ Ալեքսեյ Մանուկյանի, Սարգիս Հովհաննիսյանի հետ միասին: 3 տարի առաջ ես 10 հոգանոց ֆրանսիական խմբով եկա Հայաստան, ֆրանսիական խումբն էլ այնպես էի կազմակերպել, որ լինի մշակութային տուրիզմ, մեզ հետ արվեստի մարդիկ կային՝ համադրողներ, կոլեկցիոներներ, արվեստագետներ: Հետաքրքիր զուգադիպություն եղավ, ծագումով հայ, ֆրանսիացի արվեստագետ եւ մեր ավագ ընկեր Հովհաննես Փանոսյանը երազում էր, որ իր գործերը մայր հայրենիքում ցուցադրվեն: Ահա այդ ֆենոմենը, մեր տուրիստների Հայաստան գալը, արվեստագետների ցանկությունը, Հովհաննես Փանոսյանի՝ Հայաստանում ցուցադրվելու կիրքը նպաստեցին, որ իմ, Սարգսի եւ Ալեքսեյի մոտ գաղափար ծնվի իրագործել այս ծրագիրը: Որոշեցինք իրականացնել Gyumri Art Week-ը, Սարգիսն էլ վերնագիրը մտածեց, եւ փառատոնի հիմքը դրվեց:

Հիմնական հատվածը Գյումրիում է անցկացվում, նաեւ Երեւանում, տարբեր համայնքներում՝ Օձուն, Արմավիր, Ստեփանավան, Շորժա… Փառատոնը ներառում է ցուցադրություններ, աշխատարաններ… Ընդ որում, ժամանակակից արվեստի փառատոնը ենթադրում է ժամանակակից էլեմենտներ, փերֆորմանսային արվեստ, մեդիա արվեստ, թվային արվեստ…

Ունենալով շատ սերտ կապեր թանգարանների հետ, օրինակ, Երեւանում՝ Ռուսական արվեստի թանգարանի, Չարենցի տուն-թանգարանի, Գյումրիում՝ Ասլամազյան քույրերի թանգարանի, փորձում ենք նաեւ համագործակցել տրադիցիոն թանգարանների հետ՝ բերելով ժամանակակից արվեստի էլեմենտներ այդ թանգարանների պատերից ներս:

Օրինակ, անցյալ տարի ժողարվեստի թանգարանում այդ թանգարանի պատմության մեջ առաջին անգամ ցուցադրեցինք վիդեո ինստալացիա, որը կարծես առաջին հայացքից անհամապատասխան էր այդ թանգարանին, բայց շատ հետաքրքիր ընդունվեց, եւ թանգարանի տնօրինությունն էր գոհ, եւ մենք ոգեւորվեցինք, որ նոր մեդիաարվեստը, որն աշխարհում զարգանում է մեծ թափով, բերել ենք այդ թանգարան: Մի խոսքով, փորձում ենք կամուրջ ստեղծել աշխարհի, եվրոպական նոր ուղղությունների եւ Հայաստանի միջեւ, ընդ որում՝ Գյումրին ունենալով մշակույթի, արվեստների, արհեստների քաղաքի համբավ, պատահական չի ընտրվել»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ 1998թ.-ին հիմնադրված Գյումրիի բիենալեին, որի հիմնադիրներից մեկը Վազգեն Պահլավունի-Թադեւոսյանն է՝ ՎԱԶՕ-ն:

«Գյումրիի բիենալեն տեւեց շուրջ 10 տարի, վերջինը կայացավ 2012թ., որից հետո, ցավոք, չունենալով կայուն ֆինանսավորում եւ պետական աջակցություն՝ այն անկում ապրեց, գոյացավ վակուում, ապա հիմնադրվեց Gyumri Art Week-ը, որը լցրեց այդ վակուումը: Ցավոք, Գյումրին լինելով մշակութային քաղաք՝ այսօր չունի ժամանակակից արվեստի թանգարան: Gyumri Art Week-ի միջոցով մենք ուզում ենք բերել այն գիտակցության, որ ժամանակակից արվեստի թանգարանն անհրաժեշտ է քաղաքին՝ կրթական մակարդակով, նոր սերունդներին արվեստի հետ հաղորդակցվելու համար: Եթե չկա հանդիսատես, չկա նաեւ արվեստ: Մենք ցանկանում ենք շեշտը դնել հենց կրթական ասպեկտի, լուսավորչական ֆենոմենի վրա…»,-ասաց Արման Թադեւոսյանը:

Արվեստագետը նշեց, որ ամեն անգամ փառատոնի այցելուների թիվը կրկնապատկվում է, օրինակ, այս տարի 600 այցելու են ունեցել: «Արդեն 3 տարի է, մեր գործընկերը՝ Սարգիս Հովհաննիսյանը, որն արվեստագետ է, նաեւ համադրողական աշխատանքով է զբաղվում, Gyumri Art Week-ի համադրողական մասը հիմնականում ինքն է իրականացնում»,-ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, քանի որ այս տարի Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակն էր, փորձել են առանցքում ունենալ Քոչարին. «Gyumri Art Week-ի աշխատարանների հատվածն էր հիմնականում նվիրված Քոչարին, որովհետեւ երեխաների հետ աշխատելու, Քոչարի արվեստի հետ հաղորդակցվելու պրոցեսը հենց նրա հետ էր կապված, ինչն արժանացել էր ԿԳՄՍ նախարարության խրախուսանքին եւ դրամաշնորհին: Առաջին անգամ ԿԳՄՍ նախարարությունը Սարգսի ջանքերով հետաքրքրություն ցուցաբերեց մեր գործունեության հանդեպ, դրամաշնորհ հատկացվեց կրթական ծրագրի համար, որպեսզի փորձենք լուսավորչական ասպեկտն իրագործել Gyumri Art Week-ին զուգահեռ՝ աշխատարանների միջոցով»:

Ի դեպ, Gyumri Art Week-ի հատուկ հյուրն է եղել ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, նրա մենահամերգը նվիրված է եղել Կոմիտասի ծննդյան 155-ամյակին: «Չէինք կարող չանդրադառնալ Կոմիտասի 155-ամյակին, որը ֆենոմենալ կերպար է մեր հայկական քաղաքակրթության մեջ: Ունենալով բարեկամ, ընկեր, Կոմիտասի լավագույն կատարող աշխարհահռչակ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի աջակցությունը՝ խնդրեցինք նրան համագործակցել մեզ հետ»,-նշեց Արման Թադեւոսյանը եւ հավելեց, որ արդեն հաջորդ տարվա ծրագրի վրա են աշխատում: Ընդգծեց, որ Gyumri Art Week-ը Գյումրիի բիենալեի ոգով արված միջազգային փառատոն է, որին մասնակցել է 70 արվեստագետ՝ շուրջ 20 երկրից (Հայաստան, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իտալիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Հնդկաստան, Ճապոնիա եւ այլն):

Ալեքսեյ Մանուկյանի ձեւակերպմամբ, Art Week-ն ամբողջ աշխարհում կիրառվող մոդել է, որն իրականացվում է քաղաքները մշակութայնացնելու համար, հիմնական նպատակը մեդիա արվեստ ներկայացնելը, նոր մեդիաները մարդկանց հանրամատչելի դարձնելն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Խմբանկարը՝ հեղինակի:

Gyumri Art Week-ի մասին այլ մանրամասներ՝ հաջորդիվ:

«Առավոտ» օրաթերթ
17.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30