Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Չպետք է թույլ տալ, որ անցյալի տրավմաները որոշեն քո ներկան ու կառավարեն այն»

Սեպտեմբեր 18,2024 12:00

Վերջերս Երեւանյան գրքի փառատոնի ընթացքում տեղի ունեցավ սլովենացի գրող Գորան Վոյնովիչի «Թզենին» վեպի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ։ Էջ հրատարակչությունը 2022թ.-ին նաեւ հրատարակել էր հեղինակի «Հարավսլավիա, իմ հայրենիք» վեպը։ Երկու գրքերի թարգմանիչն է Աստղիկ Աթաբեկյանը։

–  Գորան, դուք հրավիրվել էիք Հայաստան՝ ներկա գտնվելու «Թզենին» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսին։ Ի՞նչ տպավորություններ ստացաք մեր երկրի ու մարդկանց մասին։

– Սա իմ առաջին այցն էր ոչ միայն Հայաստան, այլեւ այս տարածաշրջան։ Ընդամենը հինգ օր եմ անցկացրել այս հրաշալի երկրում հրաշալի մարդկանց հետ, բայց շուտով հասկացա, որ ոչ միայն երկրի անցյալն է դժվար եղել, ինչի մասին ես որոշակի պատկերացում ունեի, այլեւ ներկան է ավելի փխրուն, քան կարող էի պատկերացնել։ Առաջին հայացքից շատ նմանություններ կան Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ, քանի որ երկուսն էլ շատ տարբեր երկրների խաչմերուկներում գտնվող փոքր երկրներ են, որոնք շատ բարդ եւ սարսափելի անցյալ են ունեցել։ Բայց Սլովենիայում մարդիկ անցյալով չեն ապրում եւ հիմա շատ անհոգ ու ապահով են զգում իրենց՝ նույնիսկ Ուկրաինայի պատերազմի ֆոնին։ Ահա թե ինչու իմ հայ ընկերները ինձ հիշեցնում էին բոսնիացի հարազատներիս, ովքեր Հարավսլավիայի պատերազմից երեսուն տարի անց անգամ ապրում են նոր պատերազմի վախով։ Նրանք ինչ-որ տեղ դեռ այսօր էլ ականատես են լինում պատերազմի հետեւանքներին։

–  Կարծում եք մեր երկրները նմա՞ն են միմյանց հասարակության եւ տրավմայի առումներով։

– Սլովենիայում ժողովրդի տրավման կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ դրան հաջորդած զանգվածային սպանությունների հետ, երբ պատերազմում հաղթանակած Տիտոյի պարտիզանները սկսեցին վրեժ լուծել նացիստների հետ համագործակցած անձանցից, նրանց ընտանիքներից, ում շարքերում շատ անմեղներ կային։ Այս սպանությունների մեծ մասը տեղի ունեցավ պատերազմին հաջորդած առաջին մի քանի տարիներին, բայց հաջորդ 45 տարիների ընթացքում ոչ ոք չէր խոսում այդ մասին, այսպիսով, տրավման ավելի խորացավ զոհերի սերունդների համար, մինչդեռ մյուսները դիտարկում էին եղածը որպես հեռավոր անցյալում տեղի ունեցած մի բան, որը պարզապես պետք է մոռանալ ու առաջ շարժվել։ Դա սերունդների կոնֆլիկտ էր, ուր յուրաքանչյուրն իր ճիշտն ուներ։ Պետք է հիշես անցյալդ ու հաղթահարես տրավմաները, միեւնույն ժամանակ չպետք է թույլ տաս, որ անցյալի տրավմաները որոշեն քո ներկան ու կառավարեն այն։ Իմ առաջին տպավորությունը, հուսամ այն սխալ է, որ Հայաստանում տրավմաները չափազանց շատ են առկա ներկայում։

–  Կարծում եք ձեր ստեղծագործություններում քաղաքական ենթատեքստը շա՞տ է։

– Ես այսպես կասեի, իմ ստեղծագործություններում կա քաղաքական երանգ, քանի որ քաղաքականությունն առկա է իմ կյանքում։ Տասնմեկ տարեկան էի, երբ քաղաքականությունը բռնի ուժով ներխուժեց իմ կյանք։ Սկսվեց պատերազմը ու ամեն բան փոխվեց։ Ահա այդ պահից կսկսեք չհասկանալ, թե ինչ պատահեց ընտանիքիս հետ կամ ընտանիքիս մեջ, եթե քաղաքականությունից գլուխ չհանեք։ Հիմա  այս առումով ավելի հանգիստ է ամեն բան, բայց միեւնույն է՝ չեմ կարող պատկերացնել մի  պատմություն, որտեղ քաղաքականությունը՝  մեծ կամ փոքր չափաբաժնով, դեր չխաղա։ Եվ իհարկե՝ ես հստակ տեսակետներ ունեմ, որոնք ինչքան էլ փորձեմ մի կողմ դնել գրելիս, միեւնույն է՝ մի տեղից դուրս կպրծնեն։

–  Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Երեւանի գրքի փառատոնի շրջանակներում։ Ի՞նչ տպավորություն ստացաք փառատոնից։

– Գրքի փառատոնի եւ գրքի ցուցահանդեսի համահունչ խառնուրդ էր, որը շատ հավանեցի։ Իմ կարծիքով, սա գրքերի եւ գրականության առաջխաղացման հիանալի ձեւ է։ Շատ տպավորիչ էր նաեւ տեսնել գրքերը Ազգային պատկերասրահի շլացուցիչ շինության ֆոնին։ Շատ էին երիտասարդները, ինչը շատ լավ է։ Բայց զարմացա, երբ տեղեկացա, որ փառատոնը ամեն տարի տարբեր վայրերում է անցկացվում ու տարբեր օրերի։ Լավ կլիներ նաեւ, որ տաղավարների մոտ գրքերի առաջխաղացման միջոցառումներ անցկացվեին, որպեսզի մարդիկ կարողանային նաեւ զրուցել հեղինակների հետ։

–  «Թզենու» շնորհանդեսին ներկաների մեծ  մասը երիտասարդներ էին։ Ի՞նչ եք կարծում, սա կապվա՞ծ է այն փաստի հետ, որ վեպում արծարծվել են այնպիսի թեմաներ, որոնք շատ հոգեհարազատ են մեր երիտասարդությանը, քանի որ նրանք էլ են վերջերս նման բաների միջով անցել։ Նկատի ունեմ ընտրություններ, որոնք մարդիկ կայացնում են պատերազմի, տեղահանության հետեւանքով։ Գուցե նրանք իրենց հուզող հարցերի պատասխաններն էին փնտրում ։

– Կարծում եմ երիտասարդները ամենահետաքրքրասերն են։ Փառատոնին արտասահմանցի հեղինակներ շատ չկային, ու ինչպես հասցրեցի նկատել՝ իմ տարածաշրջանի թարգմանական գրականությունն էլ շատ չէ։ Հավանաբար երիտասարդներն ուզում էին ինչ-որ տարբերվող բան լսել, իմանալ։ Շատ հաճախ ես գրում եմ պատերազմի մասին երեխայի պատկերացրածով, եւ հայերը ընդամենը մի քանի տարի առաջ են անցել նման բանի միջով։ Գուցե նրանք սպասում էին, որ կստանան պատասխաններ այն հարցերի շուրջ, որոնք առաջանում են պատերազմի պատճառով։ Բայց կարծես ամենից շատ հարցերը ես ունեմ։

–  Աշխատո՞ւմ եք նոր վեպի վրա։ Ինչի՞ մասին է լինելու գիրքը։

– Վերջին հրատարակված գիրքս «Վախերի հավաքող»-ն է՝ ինքնակենսագրական էսսեների ժողովածու է, որն ասես հենց կենսագրությունս լինի։ Շատ անձնական է եւ նույն թեմաների մեջ, ինչ նախորդ գրքերիս դեպքում, բայց գրված մի փոքր այլ, ոչ գեղարվեստական ոճով։ Որոշ չափով նման է «Թզենուն», բայց նաեւ տարբերվում է։ Այս անգամ փորձում եմ քաղաքականությունը եւ պատերազմը մի կողմ դնել, բայց չգիտեմ՝ որքանով կհաջողեմ։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30