Ինչո՞ւ մրցակցող նարատիվներից սովորաբար հաղթում է բացասականը
Զարմանալի հատկություններ ունի մեր հիշողությունը: Մենք կարող ենք տասնամյակներ շարունակ հիշել, որ առաջին դասարանում ուսուցիչը մեզ նվաստացրել է, բայց այն ուրախալի պահերը, որոնք հաստատ եղել են նույն ժամանակահատվածում, կարող ենք եւ չհիշել:
Այս երեւույթի ֆիզիոլոգիական կամ նեյրոքիմիական բացատրությունները բազմաթիվ են: Բայց այժմ մեզ հետաքրքրում է հոգեբանականը. բացասական երանգ ունեցող դեպքերի մասին մենք ավելի շատ ենք մտածում, որովհետեւ դրանք (գոնե մեզ այդպես է թվում) պահանջում են ավելի խորը իմաստավորում, քան դրականները, որոնք մենք ընդունում ենք որպես ինքնին հասկանալի՝ կարծում ենք, որ հենց այդպես էլ պետք է լիներ:
Բոլոր դեպքերում հենց նման՝ դրական կամ բացասական պատմություններից (պատումներից, նարատիվներից) է կազմվում մեր փորձը: Հոգեբանության ուղղություններից մեկը՝ նարատիվ հոգեբանությունը, իր խնդիրն է տեսնում վերակառուցել այդ փորձը, շեշտադրել դրականը՝ այդպիսով փորձելով լուծել մարդու հոգեբանական խնդիրները:
Կարդացեք նաև
Փորձը, որը հիմնված է նարատիվների մրցակցության վրա, չափազանց սուբյեկտիվ երեւույթ է: Օրինակ, գրեթե ցանկացած հասուն տղամարդ կարող է պնդել, որ կանայք իրեն սիրել են եւ բերել հօգուտ դրա բազմաթիվ փաստեր իր կենսագրությունից: Ճիշտ նույն ձեւով նույն մարդը կարող է պնդել, որ կանանց մոտ հաջողություններ չի ունեցել, եւ իր հիշողությունից հանել այդ թեզը հաստատող պատմություններ:
Հենց այս կերպ մենք կարող ենք ասել՝ «իմ բախտը չի բերում» եւ, հակառակը՝ «ես երջանիկ աստղի տակ եմ ծնվել»: Կամ՝ «ես թուլակամ եմ ու ծույլ» եւ՝ «ես ուժեղ կամային հատկություններ ունեմ»: Սովորաբար մարդկանց հետ պատահում է թե՛ մեկը, թե՛ մյուսը:
Անձնական հոգեբանական խնդիրը կարելի է բարձրացնել սոցիալական մակարդակի վրա եւ նկատել, որ նման նարատիվներից է կազմվում ոչ միայն անձի, այլեւ պետության, ազգի պատմությունը: Եվ այստեղ արտաքին միջամտությունը, մասնավորապես, քարոզչության տեսքով, որոշիչ է դառնում, կերտում է հիշողություններն ու դրանց հետ կապված նարատիվները:
Հայտնի փաստ է՝ մարդիկ պատմում են դրվագներ կինոնկարներից որպես իրենց սեփական հիշողությունները: Այդ՝ քարոզչական պատմությունները հաճախ ավելի հետաքրքիր են լինում, քան մեր սովորական եւ հիմնականում միապաղաղ առօրյան:
Օգտատերերից մեկը վերջերս ինձ հավատացնում էր, որ անձամբ, իր ականջով է լսել, թե ինչպես էր Լեւոնը ժողովրդին խորհուրդ տալիս իրարից պարտք վերցնել:
Ճիշտ նույն ձեւով կարելի է հիշել, որ «կոմունիստների վախտ մարդիկ սովից կոտորվում էին» կամ՝ որ կուշտ ու երջանիկ էին: Հստակեցնեմ. խոսքը իմ սերնդակիցների` 1960-70-ականների վերաբերյալ մանկական եւ պատանեկան հիշողությունների մասին է՝ ավելի վաղ ժամանակներում իսկապես կային համատարած սովի տարիներ: Մեր հիշողությունների տարբերությունը պայմանավորված է ոչ միայն ընտանեկան կենցաղի առանձնահատկություններով (պարզ է, որ կենցաղը տարբեր էր), այլեւ, ավելի շատ, նրանով, թե ինչ ենք մենք լսել կամ կարդացել այն ժամանակ ու հետագա տասնամյակների ընթացքում խնդրո առարկա ժամանակաշրջանի մասին:
Անկախ Հայաստանի պատմության մեջ նույնպես եղել են ու կան մրցակցող նարատիվներ: Օրինակ. «ցրտի-մթի տարիներ»-«հաղթանակների տարիներ», «տարածաշրջանի ամենահզոր բանակ»– «բանակ, որտեղ հրամանատարները զբաղված էին միայն վառելիք գողանալով»: Նարատիվների այդ մրցակցությունն, անշուշտ, ազդում է այսօրվա հասարակական մթնոլորտի եւ, հետեւաբար, պետության ճակատագրի վրա: Մի բան է՝ «1988-ի ազատագրական, ժողովրդավարական շարժում», մեկ այլ բան է՝ «1988-ի շարժում, որը կազմակերպված էր խորհրդային ԿԳԲ-ի կողմից, նպատակ ուներ մեզ կախվածության մեջ դնելու Ռուսաստանից եւ «աչք էր դրել» ուրիշի տարածքի վրա»:
Ինչո՞ւ է 2018 թվականից սկսած հաղթում երկրորդ՝ բացասական նարատիվը, ինչը եւ դարձավ 2020 թվականի պարտության պատճառներից մեկը՝ դրա համար նույնպես կան բազմաթիվ պատճառներ, այդ թվում՝ վերը նշված հոգեբանական պատճառը:
Բացատրություններից մեկը ես գտա ռուսաստանցի եւ իսրայելցի սոցիոլոգ Վիկտոր Վախտայնի մոտ. «Պատմությունը գրում են ոչ թե հաղթողները, այլ հաղթողների երեխաները: (Մեր դեպքում խոսքը 1992-94 թվականների պատերազմում հաղթողների մասին է – Ա.Ա.): Իսկ երեխաները միշտ չէ, որ ծնողների կողմից են: Նրանք միլիոն պատճառ ունեն կանգնելու պարտվողների կողքին»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.09.2024
Վերջին պարբերությունը շատ հարցեր է առաջացնում։ Լավ կլիներ, եթե կոնկրետ նշեիք, թե որ գրքից կամ հոդվածից եք վերցրել այդ մեջբերումը:
Խնդրեմ https://www.youtube.com/watch?v=O23eomZMy6s&t=734s