YouTube դրամայնացման ակտիվացման խնդիր և Google քարտեզների ճշգրտում.
Քննարկվել են Google-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Google» ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:
Կարդացեք նաև
Նախարարը, անդրադառնալով ԲՏԱ նախարարության գործունեության շրջանակներին, ընկերությանը ներկայացրել է ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթությունները, համագործակցության ակնկալվող ոլորտները, մասնավորապես, արհեստական բանականության և ամպային լուծումների ոլորտում, որոնք կխրախուսեն Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել գործուն մակարդակի հասցնելու հնարավորություններն, անդրադարձ է եղել նաև Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցերին:
««Google»-ի տարբեր ծառայություններ հասանելի են մեր երկրում, սակայն մենք տեսնում ենք ավելի մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները զարգացնելու առումով՝ ամպային ծառայություններից մինչև արհեստական բանականության կիրառումը տարբեր ոլորտներում»-ընդգծել է նախարարը:
Ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով համագործակցության նախադրյալներին և հնարավորություններին, ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ մշակույթի պահպանումից մինչև տեխնոլոգիական ոլորտ՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում մարդկային ռեսուրսի դերն ու նշանակությունը:
Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն ապագայում կյանքի կոչելու, երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:
«Լիահույս եմ, որ բաց երկխոսության միջոցով հնարավոր է հասնել արդյունավետ, հասցեական և թիրախային համագործակցության»,-նշել է նախարար Հայրապետյանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրություն