Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով շուրջ մեկ տարի առաջ ամբողջությամբ հայաթափվեց Արցախը։ Ֆիզիկական ներգործությունն Ադրբեջանի քաղաքականության միայն մի բաղադրիչն է․ անհրաժեշտ է նաև կատարածն «օրինականացնել» միջազգայնորեն։ Այդ նպատակով Ադրբեջանը երկար ժամանակ առաջ է տարել Արցախը, Նախիջևանը և հայկական մյուս տարածքներն ինքնությունից զրկելու, մշակութային ու պատմական ժառանգությունը բռնայուրացնելու քարոզչական արշավ՝ սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ից, վերջացրած բազմաթիվ այլ կառույցներով։
Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին միջազգային կառույցների արձագանքը հաճախ եղել է անհամարժեք։ Վերջիններիս կողմից փորձ է արվել պահպանել թվացյալ չեզոքություն, որն իրականում ագրեսորի օգտին էր։ Ագրեսիայի ենթարկվածին և ագրեսորին հավասարապես զսպվածության կոչ անելն իրականում ագրեսորի համար ստեղծում է անպատժելիության մթնոլորտ՝ հետագայում տալով գործելու նոր հնարավորություններ։ Այս երևույթը հայտնի է բոֆսայդսիզմ (bothsidesism) եզրույթով, որի իմաստն, անկախ հանգամանքներից, երկու կողմերին էլ հավասարապես մեղադրելն է։
Եթե քաղաքական բոֆսայդսիզմի դրսևորումները շարքային քաղաքացիներին մշտապես տեսանելի են եղել ու քաջածանոթ, ապա ակադեմիական և փորձագիտական բոֆսայդսիզմն այնքան էլ տեսանելի չէ լայն հանրությանը։ Մինչդեռ գիտական և փորձագիտական շրջանակները հարցին «չեզոքությամբ» անդրադառնալիս դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ նույն կերպ են գործում՝ խրախուսելով ագրեսորին։
Ակադեմիական և փորձագիտական բոֆսայդսիզմի հետևանքը միայն ագրեսորի ձեռքերն ազատելն ու հանցանքները մեղմացնելը չէ։ Երբեմն նման հեղինակները նաև խորհրդատվություն են տալիս իրենց երկրների կառավարություններին, միջազգային տարբեր կազմակերպություններին, ինչն էլ իր հերթին ազդում է համապատասխան քաղաքականության մշակման վրա, նպաստում խնդրի մասին աղավաղված պատկերացումներ ձևավորելուն։
Կարդացեք նաև
Վերջերս «Հարավարևելյան Եվրոպայի և Սև ծովի ուսումնասիրություններ» հեղինակավոր գիտական պարբերականում լույս է տեսել ԱՄԷ Ռաբդանի ակադեմիայի պրոֆեսոր Արսեն Սապարովի հոդվածը, որն ուղղված է «չեզոքության» դրսևորումների ուսումնասիրությանը։ Հոդվածի վերնագիրն ինքնին շատ խոսուն է՝ «Նորմալացնելով կոնֆլիկտը՝ թաքցնել ցեղասպանությու՞նը։ Փորձագիտական չեզոքությունը հայ-ադրբեջանական հակամարտությունում»։
Հեղինակն ուսումնասիրել է միջազգային մի շարք հարթակներում Արցախյան հակամարտության վերաբերյալ հրապարակված փորձագիտական հոդվածները, որոնք հավակնում են խնդիրը ներկայացնել չեզոք դիրքերից։
Սապարովն ուշադրություն է հրավիրել հատկապես Թոմաս դե Վաալի և Լոուրենս Բրոերսի փորձագիտական հրապարակումներին։ Այս երկու հեղինակներն ամբողջ աշխարհում համարվում են հայ-ադրբեջանական հակամարտության հարցի հեղինակավոր հետազոտողներ, իսկ նրանց աշխատանքները մեծ հղվածություն ունեն գիտական շրջանակներում։
Արսեն Սապարովը ներկայացնում է, թե մասնավորապես այս երկու հեղինակներն ինչպես են թվացյալ չեզոքության և հավասար հեռավորություն պահելու անվան տակ իրականում աղավաղում երևույթների էությունը։
Ըստ հոդվածագրի՝ նման փորձագետները գրեթե միշտ անտեսում են ավելի լայն համատեքստը, ինչը վերլուծություններում կարող է խանգարել հավասարություն պահելու նպատակին, և չեն անդրադառնում այն փաստերին, որոնք չեն տեղավորվում բոֆսայդսիզմի մեջ։ Հեղինակն իրավացիորեն նշում է, որ նման մոտեցումը միջազգային լսարանի համար նորմալացնում է հակամարտությունը՝ ստեղծելով վտանգավոր նախադեպ, և միջազգային լսարանի ուշադրությունից հաջողությամբ քողարկում է ծրագրվող ցեղասպանությունը։
Հոդվածում Սապարովը համատեքստի անտեսման բազմաթիվ օրինակներ է բերում։ Այսպես՝
Բրոերսը գրում է․ «Ինչու՞ է Ադրբեջանը, որն այդքան երկար ժամանակ իրեն դիրքավորում էր որպես իռեդենտիզմի (խմբ․՝ տարածքային նկրտում) զոհ, կրկնում լրիվ նույն քաղաքականությունը (խմբ․՝ նկատի ունի Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունը 1994 թվականից սկսած) 2020 թվականի հաղթանակից հետո»։
Սապարովը, վերլուծելով այդ պնդումը, նշում է՝ «այս տրամաբանությամբ, քանի որ երկու կողմն էլ իռեդենտիստական ցանկություններ են արտահայտել, ուրեմն դա նրանց հավասարեցնում է։ Բայց այս պարզ համեմատությունը թաքցնում է ավելի լայն համատեքստը։ Բանն այն է, որ հայկական հավակնությունները երբևէ նպատակ չեն հետապնդել վերացնել Ադրբեջան պետությունը, այլ սահմանափակվել են միայն ԼՂՀ-ով։ Մինչդեռ ադրբեջանական հավակնությունները նախատեսում են Հայաստանի ոչնչացում՝ որպես պետություն, կամ Գազայի օրինակով՝ ռեզերվացիայի վերածում»։
Համատեքստից զուրկ նման համեմատությունը թաքցնում է ռազմական երկու հաղթանակների երկարաժամկետ հետևանքները։
Բոֆսայդսիզմի մեկ այլ օրինակ է ադրբեջանական բանտերում հայ գերիներին տանջելուն, որպես համարժեք, «ադրբեջանական տառապանք» հայտնաբերելը։ Թե՛ Բրոերսը, թե՛ դե Վաալը դա անում են կասկածելի նմանությամբ՝ նշելով Արցախում տեղադրված ականների պատճառած տառապանքներն ադրբեջանցիներին։ Սապարովը հիշեցնում է՝ ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա հայ գերիները դեռ վաղուց պետք է ազատ արձակված լինեին, իսկ ինչ վերաբերում է ականներին, ապա Հայաստանը որևէ բան անելու հնարավորություն չունի այն վայրերում, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։
Այնուհետև հեղինակը ներկայացնում է այն բացը, ինչը «չեզոք» փորձագետները դուրս են թողել տեքստից, որով էլ բացահայտվում է նրանց կանխակալությունը և տեխնիկան։ Օրինակ՝ անդրադառնալով 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումներին, նրանք խոսում են բռնության նոր ալիքի մասին, բայց «մոռանում են» պատմել ադրբեջանական բանակի՝ տեսանյութերով փաստագրված ռազմական հանցագործությունները։ Այլ դեպքերում նրանք լռության են մատնում նաև հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, չեն հիշատակում Ադրբեջանի բռնապետական բնույթը։ «Չեզոք հեղինակները» 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա ադրբեջանական հարձակման մասին գրելիս համառորեն խուսափում էին «էթնիկ զտում» բառակապակցությունն օգտագործելուց։ Բրոերսն էթնիկ զտման փոխարեն օգտագործում էր «բնակչության հյուծում՝ վախեցնելու միջոցով» բառակապակցությունը։
Այսպիսով՝ Սապարովը բացահայտում է «չեզոքության» հասնելու երեք հիմնական տեխնիկա՝
1․ Գտնել նմանություն երկու կողմի գործողություններում՝ ընտրողաբար ներկայացնելով փաստերը (բոֆսայդսիզմ)։
2․ Չներկայացնել իրավիճակի լայն համատեքստը։
3․ Դուրս թողնել այն փաստերը, որոնք կարող են քանդել հավասարության տպավորություն ստեղծելու մտադրությունը։
Սապարովի եզրահանգմամբ՝ այս տեխնիկաների կիրառումը տպավորություն է ստեղծում, որ տեղի ունեցողը սովորական տարածքային վեճ է երկու երկրների միջև, արտառոց որևէ բան տեղի չի ունենում աշխարհի այդ հեռավոր կետում։
Հոդվածագիրը նկատում է նաև, որ «չեզոք» փորձագետները թաքցնում են այն փաստը, որ 2020 թվականի պատերազմից հետո հայ չի մնացել այն տարածքներում, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, և որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ համակարգված ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգությունը, և նույնն էլ սպասվում է Արցախում հայկական ժառանգությանը։
Երկու կողմին հավասարեցնելով՝ չեզոքության հասնելը պետք է անընդունելի որակվի։ Ինչպես և Սապարովն է նշում․ «իրական պատկերի աղավաղումը կարող է նպաստել ցեղասպան քաղաքականությունը թաքցնելուն և անուղղակիորեն ցեղասպանության իրագործմանն աջակցելուն»։
Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
«ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ