Հարութ Սասունյան
Աներևակայելի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռանար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արցախյան պատերազմի ավարտին ստորագրած փաստաթղթի կարևոր մանրամասները։
Առավել աներևակայելի է այն փաստը, որ մինչ Փաշինյանը խեղաթյուրում է 2020 թվականի համաձայնագրի որոշ դրույթներ, նա մեղադրում է ուրիշներին այն սխալ ներկայացնելու համար: Անհավատալի է, որ այնուհետև նա կոչ է անում նրանց կարդալ համաձայնագրի տեքստը՝ հիշեցնելով, որ այն հասանելի է հանրությանը:
Կարդացեք նաև
Փաշինյանը ստորագրել է 2020 թվականի համաձայնագիրը, որը կոչ է անում ապաշրջափակել «տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը», մասնավորապես նշելով մի ճանապարհ, որն անցնելու է Հայաստանով՝ ցամաքային Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու համար։ 2020 թվականից ի վեր նա տասնյակ անգամ կրկնել է, որ Հայաստանը պատրաստ է «այս առավոտ» թույլ տալ ադրբեջանցիներին Հայաստանի տարածքով մեկնել Նախիջևան, և ոչ մի անգամ, մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ի իր մամուլի ասուլիսը, չի նշել, որ հայերը նույնպես իրավունք ունեն Ադրբեջանով մեկնել Ռուսաստան։
Բարեբախտաբար, Ադրբեջանը խոչընդոտել է 2020 թվականի համաձայնագրի այս դրույթը՝ պնդելով, որ Հայաստանով անցնող ճանապարհը պետք է լինի «միջանցք», ինչը նշանակում է, որ հայկական տարածքը, որով անցնելու են ադրբեջանցիները, պետք է լինի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սա հակասում է 2020 թվականի համաձայնագրի դրույթներին և խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Եթե չլինեին Ալիևի խոչընդոտները, ապա ադրբեջանցիներն արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի տարածքով կանցնեին Նախիջևան։
Իրավիճակն ավելի է սրվում, քանի որ ռուս խաղաղապահների կողմից արցախահայությանը պաշտպանելու իրենց պարտականությունները չկատարելու և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջությամբ գրավելու թույլտվության պատճառով Հայաստանի և Ռուսաստանի միջև վեճի հետևանքով Փաշինյանը սխալմամբ պնդում է, որ Ռուսաստանը ոչ մի դերակատարություն չունի Զանգեզուրի ճանապարհի վրա։ Նա, հետևաբար, անտեսում է 2020 թվականին իր ստորագրած համաձայնագրի 9-րդ կետը, որտեղ ասվում էր. «Տրանսպորտային հաղորդակցության [Հայաստանի և Ադրբեջանի միջև] նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային սահմանապահ ծառայության մարմինները»։
Փաշինյանը կարող էր արդարացված լինել Ռուսաստանի դերից հրաժարվելու մեջ, եթե ասեր, որ 2020 թվականի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէ, քանի որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը խախտել են դրա դրույթներից շատերը, ինչպիսիք են Արցախի հայերի պաշտպանության բացակայությունը, Արցախի ամբողջական բռնագրավումը և բոլոր հայ ռազմագերիներին չվերադարձնելը: Սակայն Փաշինյանը պնդում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը դեռ ուժի մեջ է, դրանով իսկ հակասելով ինքն իրեն։
Ավելին, Փաշինյանը սխալմամբ պնդում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրում Զանգեզուրի ճանապարհի համար ռուսական որևէ դերակատարություն չի նշվում։ Նա կոչ է անում բոլորին կարդալ 2020 թվականի համաձայնագրի տեքստը, այնուհետև մեջբերում է դրա 9-րդ կետից՝ բաց թողնելով այն նախադասությունը, որում նշված է, որ ռուս սահմանապահները վերահսկելու են Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային ճանապարհը:
Շփոթությունն ավելացնելով՝ պնդելուց հետո, որ Ռուսաստանը դերակատարություն չունի այս ճանապարհին, Փաշինյանը ևս մեկ անգամ հակասում է ինքն իրեն՝ հայտարարելով, որ Ռուսաստանը պետք է «մոնիտորինգ անի» ճանապարհը, այլ ոչ թե «վերահսկի» այն։ Իր փաստարկն ավելի տարօրինակ դարձնելով՝ Փաշինյանն ասում է, որ ռուս դիտորդները պարտադիր չէ, որ ֆիզիկապես ներկա գտնվեն Հայաստանի սահմանին՝ Զանգեզուրի ճանապարհը վերահսկելու համար, և որ նրանք կարող են հեռավար հսկողություն իրականացնել ցանկացած այլ վայրից, օրինակ՝ Մոսկվայից:
Այդ ընթացքում Զանգեզուրի ճանապարհը վերածվել է քաղաքական ֆուտբոլի Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Երկար ժամանակ Ռուսաստանը ձգտել է բացել Զանգեզուրի ճանապարհը, որպեսզի կարողանա վերահսկել այս կարևոր զարկերակը, որը Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրները կապելու է Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ մինչև Եվրոպա: Եթե Ռուսաստանի փոխարեն Արևմուտքը վերահսկի այս առանցքային ճանապարհը, դա կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։
Փաշինյանը փորձեց գոհացնել այս հակասության մեջ ներգրավված բոլոր կողմերին՝ հանկարծ հայտարարելով, որ միջազգային մի կազմակերպություն կարող է վերահսկել ադրբեջանական ապրանքների և մարդկանց տարանցումը։ Սակայն նույնքան արագ նա հետ վերցրեց իր առաջարկը, քանի որ Ադրբեջանը երբեք չէր ընդունի, որ նույն երրորդ կողմը վերահսկի նաև հայկական ապրանքների տարանցումը Ադրբեջանի տարածքով։
Ադրբեջանն ու Իրանը այլընտրանքային լուծում են առաջարկել։ Նրանք պայմանավորվել են թույլատրել ապրանքների տեղափոխումը ցամաքային Ադրբեջանից Նախիջևան Հյուսիսային Իրանի ճանապարհով։ Թեև Ադրբեջանը և Թուրքիան ճնշում էին գործադրում Հայաստանի վրա՝ բացելու «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդավոր կերպով որոշեցին Զանգեզուրի հարցը բացառել իրենց խաղաղ պայմանագրի բանակցություններից։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանին մեղադրեց Զանգեզուրի ճանապարհը խափանելու մեջ, Իրանը խստորեն նախազգուշացրեց, որ թույլ չի տա «Զանգեզուրի միջանցքի» անցումը Հայաստանով։ Ռուսաստանն արագ հարթեց իր տարաձայնությունները Իրանի հետ և հանդարտեցրեց վեճը:
Այս խառնաշփոթ իրավիճակից կարելի կլիներ խուսափել, եթե Փաշինյանը չառաջարկեր Զանգեզուրի ճանապարհը ներառել 2020 թվականի համաձայնագրում։ Ահա թե ինչ է լինում, երբ վարչապետ Փաշինյանը Հայաստանի խնդիրները լուծելու փոխարեն իր անկարողության պատճառով դրանք ավելի է խորացնում։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի