Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն, երկու երիտասարդի կազմակերպած հանդեսի հետ եք համեմատո՞ւմ. Հովիկ Աղազարյանը՝ Եռաբլուրի միջադեպի մասին

Սեպտեմբեր 17,2024 20:02

«Ես գնահատական չեմ կարող տալ: Ոնց կարող եմ որոշել, կյանքի փորձից գիտեմ՝ ցանկացած դատաիրավական գործընթաց մի կողմի համար ընդունելի է,մյուս կողմի համար ընդունելի չէ: Հազվադեպ է, որ բոլոր կողմերը հաշտ լինեն որոշման հետ»,- այսօր Երևան քաղաքի դատարանի «Շենգավիթ» նստավայրում Եռաբլուրի միջադեպի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց այդ գործով տուժող ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ է տեղի ունեցել՝ զոհված զինծառայողի ծնողների և ԱԺ «ՔՊ»-ական պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ, որի ընթացքում ծնողներից մեկը՝ Արմեն Գալստյանն ապտակել է Հովիկ Աղազարյանին։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև Արմեն Գալստյանի կրտսեր որդուն՝ Տիգրան Գալստյանին, ինչպես նաև մեկ այլ քաղաքացու՝ Արսեն Աբրահամյանին:

«Մեղադրյալներից մեկի՝ Արմեն Գալստյանի հանդեպ ոչ մի խնդիր չունեմ: Քննչական գործողությունների՝ առերեսման ժամանակ, հարցեր տվեցի նրան ու հասկացա, որ իր արարքը եղել է էմոցիաների ազդեցության տակ: Դրա համար իր հանդեպ որեւէ բան չունեմ: Ես խիստ պահանջներ ունեմ մյուս երիտասարդի՝ Արսենի ու նրա գործընկերոջ նկատմամբ, որը այս պահին այստեղ չէ, փախած է երեւի, որը նախաձեռնել էր այդ ամեն ինչը: Հրահրեցին, հայհոյանքներով էին խոսում պատգամավորների հետ: Եթե ես պատգամավոր եմ, այդպիսի բան է իմ հանդեպ տեղի ունենում, բա շարքային քաղաքացու նկատմամբ ի՞նչ կանեն: Նրանք սառնասրտորեն, իրենց տերերին՝ իրենց փող տվողներին ցույց էին տալիս, որ կատարում են այդ աշխատանքը: Որ շարքային քաղաքացին իմանա՝ Աղազարյան Հովիկին ինչ օրը գցեցինք, վաղը չէ մյուս օրը, որ հանրահավաք անենք, կգաս, էդտեղ խելոք կգտնվես: Այդ ամեն ինչը քաղաքական հեռահար նպատակ էր հետապնդում»,- հավելեց Հովիկ Աղազարյանը:

Հարցին, թե ինչ գնահատական կտա, երբ ընդդիմադիր հանրահավաքների ժամանակ քաղաքացիների իրավունքներն են խախտվում, բռնություն է կիրառվում նրանց նկատմամբ: Ի պատասխան Աղազարյանն ասաց՝ ոստիկանությունն իրավունք ունի ուժ կիրառել. «Հասարակական կարգի պահպանման համար, ողջ աշխարհում ընդունված ձեւ է: Զուգահեռը չհասկացա: Այսինքն՝ երկու երիտասարդի կազմակերպած հանդեսի հե՞տ եք համատում մեր հանդեպ կատարվածը, իհարկե հանդես էր: Որ իմանայինք հանդեսի մասնակիցներն այդտեղ էին, հետո կգայինք, ինչպես արեցինք հետագայում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30