Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական պետական քաղաքականություն դարձած հայատյացությունն արդեն ավելի քան մեկ հարյուրամյակ է՝ խոչընդոտում է հայության բնականոն կենսագործունեությանը տարածաշրջանում. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Սեպտեմբեր 17,2024 17:53

106 տարի առաջ այս օրերին Բաքվի հայությունը, հիրավի, ապրում էր իր պատմության դաժանագույն էջերից մեկը, երբ ռասիզմի բարձրագույն դրսևորում հանդիսացող ցեղասպանության քաղաքականությունը տարածվեց նաև Բաքվի, և առհասարակ նախկին Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների հայության նկատմամբ։ 1918 թ․ սեպտեմբերի 15-ին Բաքուն գրավվեց թուրք-ադրբեջանական բանակի կողմից և երեք օր շարունակ քաղաքի հայությունը ենթարկվեց աննկարագրելի հաշվեհարդարի՝ կոտորածի, բռնությունների և թալանի։

Բաքվում 1918 թ․ ջարդի նախօրյակին գրանցված հայերի թիվը կազմում էր 88,673, սակայն մեծ քանակությամբ հայեր թուրք-ադրբեջանական զորքի ճնշման տակ հարակից բնակավայրերից գաղթել և ապաստան էին գտել Բաքվում։ Բաքվի հայության իրական թվաքանակը կարող էր լինել 100-110 հազարից ավելին։ Այսինքն` քաղաքի ընդհանուր բնակչության մի տեսակարար հատվածը կազմող հայությունը երեք օր շարունակ ապրեց գոյութենական ժամանակներ։ Բնակչության մի մասը միայն կարողացավ նավերով հեռանալ Բաքվից, սակայն թուրքական բանակը չէր խորշել ռմբակոծել նաև փախստականներով բեռնված մի նավ։ Հայության մնացյալ հատվածը, մնալով քաղաքում, կա՛մ դարձավ ադրբեջանական ջարդարարության ուղղակի զոհ, կա՛մ ստիպված եղավ ապաստան փնտրել քաղաքի օտարազգի բնակչության մոտ։ Հայերի նպատակադիր կոտորածի մասին է վկայում Ադրբեջանի նորաստեղծ կառավարության ներքին գործերի նախարար Բեհբութ խան Ջիվանշիրի ցուցումը․ «Անհրաժեշտ է ոչնչացնել հայերին՝ նրանց դիակների վրայով անցնելու և մեր նպատակներին հասնելու համար: Մի՛ խնայեք ոչ ոքի և հավատարմորեն կատարեք ձեզ տրված հրահանգները»:

Բաքվի սարսափների մասին վկայություններ են թողել իրադարձությունների ականատեսները՝ գերմանացի սպաներ մայոր Մայռը, լեյտենանտ Վ. Ութերմարկը, Բարոն ֆոն դեր Գոլցրը, փոխգնդապետ Պարակեն, չեզոք երկրների հյուպատոսները և ուրիշներ, որոնք միաբերան հաստատում են, որ հայերի կոտորածը կանխամտածված էր, որի հետևանքով ավելի քան 30 հազար հայեր ենթարկվել դաժան կոտորածի և թալանի, 4 հազարից ավելի հայեր գերվել են, որոնցից 445՝ մահացել ծեծի և տաժանակիր աշխատանքի հետևանքով, անհետ կորածների թիվը 3572 է, բանտարկվել են 553 հայեր։ Հայ բնակչության կրած միայն նյութական վնասների գումարը անցնում էր 1 միլիարդ ռուբլուց (1919 թ.-ի դրությամբ)։

Բաքվի հայության 1918 թ․ սեպտեմբերյան կոտորածն իր բնույթով երկրորդն էր 1905 թ․ փետրվարին տեղի ունեցած կոտորածից հետո, սակայն իր ծավալներով բազմակի գերազանցում էր վերջինիս։ Հայության հանդեպ ջարդի, կոտորածի, ցեղասպանության քաղաքականությունն արդեն իսկ ստացել էր կանոնակարգված տեսք և վերածվել պետական քաղաքականության՝ ընկնելով նորաստեղծ Ադրբեջան պետության գաղափարական հիմքում։ Սակայն 1918 թ․ Բաքվի հայության կոտորածն ամենևին վերջինը չէր լինելու։ Դրանից 72 տարի անց Բաքվի հայությունը կրկին ճաշակելու էր ադրբեջանական ռասիզմի հետևանքներն՝ ի դեմս 1990 թ․ կոտորածի։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր հարգանքի տուրքն է մատուցում 1918 թ․ սեպտեմբերի 15-17-ը Բաքվում ադրբեջանական ցեղասպանության զոհը դարձած հայության վառ հիշատակին։ Այսօր մենք կրկին ցանկանում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ադրբեջանական ծայրահեղ ազգայնականության և պետական քաղաքականություն դարձած հայատյացության խնդրին, որն արդեն ավելի քան մեկ հարյուրամյակ է, ինչ խոչընդոտում և անհնար է դարձնում հայության բնականոն կենսագործունեությանը տարածաշրջանում։ Այսօր ինչպես Բաքուն, այնպես էլ պատմական հայկական Գարդմանն ու Նախիջևանը հայազրկված և հայաթափված են, հայկական ազգային-հոգևոր մշակութային միջավայրը ոչնչացված կամ ոչնչացման եզրին։ Պատմությունն այսօր ապացուցում է, որ ինչպես 106 տարի առաջ մայոր Մայռի, լեյտենանտ Վ. Ութերմարկի, Բարոն ֆոն դեր Գոլցրի, փոխգնդապետ Պարակենի և ռազմական ու դիվանագիտական այլ գործիչների արձանագրումները, կոչերը, հայտարարությունները չեն փրկել Բաքվի հայությանը, այնպես էլ մերօրյա մտահոգ գործիչների ջանքերը ապարդյուն կդառնան, եթե դրանց չհետևեն հստակ գործողություններ՝ առարկայաբար դատապարտելու ինչպես 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության, այնպես էլ 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ գործված պատերազմական և հումանիտար հանցանքները։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30