Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիա» միջազգային փառատոնի մեկնարկը՝ Եղիազարյանի, Շորի եւ Ռախմանինովի գործերով

Սեպտեմբեր 17,2024 16:14

Սեպտեմբերի 𝟏𝟔-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տրվեց «Արմենիա» միջազգային երաժշտական 𝟖-րդ փառատոնի մեկնարկը: Ծրագրում ներառված էին Գրիգոր Եղիազարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը, Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթատետր» դաշնամուրի կոնցերտը եւ Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ կորեացի դաշնակահար Եկվոն Սունվուն, իսկ համերգը ղեկավարեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Սունվուի կատարումները հիացրին դահլիճին, ինչի վկայությունն էին հոտնկայս ծափահարությունները՝ ուղղված նրան եւ նվագախմբին::

Գրիգոր Եղիազարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը, որն այս կոմպոզիտորի առաջին մեծածավալ ստեղծագործությունն է, 40-ականներին ազգային սիմֆոնիկ երաժշտության լուրջ նվաճումների խորհրդանիշ էր ընկալվում: Սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է Եղիազարյանին: 2018-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ իրականացվող հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը նվիրված է եղել Գրիգոր Եղիազարյանի ծննդյան 110-ամյակին: Ինչ վերաբերվում է Ռախմանինովին, այս կոմպոզիտորը եւս հաճախ է կատարվում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:

Ընդհանրապես Սերգեյ Սմբատյանը եւ նրա ղեկավարած նվագախումբը կարողանում են հպվել համաշխարհային երաժշտական զարկերակին ու կատարել այնպիսի կոմպոզիտորների գործեր, որոնք կարող են լինել ոչ միայն մասնագիտական շրջանակների, այլ սովորական ունկնդրի նախասիրությունների դաշտում: Նրանց թվում է մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը, որի գործերը ստեղծագործությունը սիրված են հայաստանցի ունկնդրի կողմից եւ սիմֆոնիկի մեկնաբանությամբ:

Սերգեյ Սմբատյանն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վաղուց կոտրել են այն կարծրատիպը, թե դասական երաժշտության ունկնդիրը հիմնականում միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչներն են, նրանց համերգներին ոչ միայն մեծ թվով երիտասարդներ ու անգամ դպրոցական տարիքի երեխաներ կան, այլեւ բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկներ: Նման համերգները, հաստատ նպաստում են զբոսաշրջության խթանմանը Հայաստանում, որովհետեւ բարձրակարգ երաժշտության առաքելություններից մեկը նաեւ դա է:

Հավելենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30