Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասես հոր նմանակը լիներ․ որտեղ դժվար տեղեր կար, այնտեղ էր». որդուն ու ամուսնուն կորցրած կինը չի կարողանում հարմարվել իրականության հետ. «Ապառաժ»

Սեպտեմբեր 17,2024 16:52

«Ապառաժ». Երջանիկ ընտանիք էին։ Մեկ տարի առաջ՝ օգոստոսին, նրանց օջախում մեծ իրադարձություն էր․ մինուճար որդու՝ Սուրենի, հարսանեկան արարողությունն էր։ Շրջափակված Արցախի վերջին հարսանիքներից մեկը, որտեղ նորափեսան ու նորահարսը իրար սիրելու հավերժ երդում տվեցին։ Հայրը՝ Մխիթարը, հպարտ էր․ որդին մեծացել, ընտանիք է կազմում։ Մայրը՝ Մարիան, չէր դադարում երջանիկ հայացքով նայել որդուն, իսկ քույրերը թռչկոտում էին նորափեսա եղբոր շուրջը։ Բոլորն ուրախ էին նրանց համար։ Աշխատասեր ու գեղեցիկ այս ընտանիքը մեծ հարգանք էր վայելում Ասկերանում։

Հարսանիքից հետո երջանիկ ծնողներն օրեր շարունակ շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր էին լսում․ ի՞նչ իմանային, որ որդու ամուսնական կյանքն ընդամենը 27 օր է տևելու․․․ 2023-ի սեպտեմբերի պայթյունը անողոքաբար վերջակետ դրեց Հայրիյանների լիակատար երջանկությանը։

Սեպտեմբերի 19-ին թշնամու առաջին զարկերի հետ հայր ու որդի արդեն առաջնագծում էին։ Վերադարձան ողջ ու առողջ, սակայն օրեր անց վառելիքի պայթյունի զոհ դարձան․․․

Այսօր Մարիան աղջիկների, թոռնիկի ու փեսայի հետ ապրում է Կոտայքի մարզի Քասախ գյուղում։

Որդուն ու ամուսնուն կորցրած կինը չի կարողանում հարմարվել իրականության հետ։ Պատմում է մերթ որդուց, մերթ ամուսնուց․

-Տղաս ծնված օրից տեսել է, որ հայրն անվերապահորեն ծառայում է հայրենիքին․ նա դաստիարակվել է միայն այդ ոգով։ Ասես հոր նմանակը լիներ․ որտեղ դժվար տեղեր կար, այնտեղ էր։ Ժամկետային ծառայությունն անցկացրել է Մատաղիսում։ Ծառայում էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Տղաս հաղթահարեց այդ արհավիրքը և անձնվեր ծառայության համար պարգևատրվեց «Անձնուրաց պաշտպան» մեդալով:

Զորացրվելուց հետո ծառայությունը շարունակել է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում, որի ընթացքում բազմիցս ծանր կացության մեջ է ընկել, բայց միշտ էլ պատվով է դուրս եկել։ Հայր ու որդի նաև աշխարհազորում էին ընդգրկվել, որ տեր կանգնեն հայրենի հողին։

Մխիթարն ու Սուրենն այնքան դժվար տեղերից են փրկվել, ողջ մնացել և հանկարծ զոհ դարձել սարսափելի արհավիրքին, որ պատուհասեց արցախցիներիս։ Երբ հայտնի դարձավ, որ պետք է ստիպված լքենք Արցախը, տղաները կանգնեցին փաստի առաջ․ վառելիք չկար։ Սեպտեմբերի 25-ին շատերի հետ իրենք էլ գնացին բենզին հայթայթելու։ Պայթյունի պահին հայր ու որդի այնտեղ էին։ Ճակատագրի անգութ նախախնամություն։ Սուրենը ծանր վիրավորվել էր, իսկ Մխիթարը չկար։ Տղայիս հասցրին Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղից էլ հաջորդ օրն ուղղաթիռով տեղափոխեցին Երևան։ Աղջիկներիս հետ սեպտեմբերի 27-ին բռնեցինք դժոխքի ճանապարհը։ Թե ինչպես հասանք Երևան, չեմ կարող արտահայտել։

Հասանք Երևան ու անմիջապես գնացինք հիվանդանոց՝ որդուս մոտ։ Բժիշկներն անզոր էին փրկել սարսափելի այրվածքներ ստացած տղայիս։ Սեպտեմբերի 30-ին անմահացավ պատերազմներով անցած, մահվան աչքերին բազմիցս առերեսված Սուրենս։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30