Իրական եւ պատմական Հայաստանների հետ կապված թեզը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը համարում է արհեստական եւ շատ վտանգավոր․ այդ մասին այսօր նա ասաց՝ ի պատասխան լրագրողի հարցի, որ Նիկոլ Փաշինյանը կրկին ասպարեզ է բերում իրական եւ պատմական Հայաստանների մասին իր հայտնի թեզը։
«Պատկերացրեք անհատ, որը կորցնում է իր հիշողությունը, նման մարդկանց ասում ենք, որ հիվանդ է՝ տարբեր տեսակի դիագնոզներով: Վտանգը իրականի եւ պատմականի այն է, որ եթե մենք պատմականը մեզնից հեռացնում ենք, դրանով ջնջում ենք մեր պատմական հիշողությունը: Մենք դրանով նաեւ փոխում ենք մեր հիշողության գենետիկ կոդը: Ինչի՞ համար է արվում հիշողության այդ ջնջումը: Այսօր բոլորդ գիտեք, որ համակարգչի հիշողությունը մաքրում են, որ մեջը նոր ինֆորմացիայի տեղ լինի: Իսկ այդ ինֆորմացիան դնում են նոր ձեւով աշխատելու համար: Ազգը երբեւէ այդ ինֆորմացիայի փոփոխության կարիքը չունի, մեր պատմական հիշողությունը մեզ համար առաջընթացի նպատակով է մնում»,- ասաց սրբազանը՝ հավելելով, որ Հայ եկեղեցին իր պատմական բոլոր շրջաններում եղել է քրիստոնեական եկեղեցիների մեջ ամենաառաջադեմն ու ժամանակակիցը»։
«Եթե մենք մեր հիշողությունից կորցնենք Արեւմտյան Հայաստանը, կորցնելու ենք Արեւմտյան Հայաստանի՝ որեւէ ժամանակի համար իրականանալիք պահանջատիրությունը: Եթե մենք մեր հիշողությունից ջնջենք Հայոց ցեղասպանությունը, ուրեմն մենք այսօր համակերպվում ենք, որ կարելի է ցեղասպանություն անել, կարելի է մեզ կոտորել ու մենք դա կարող ենք հանդուրժել»,- հավելեց սրբազանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ