Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եկեղեցին չի հրաժարվել իր դիրքորոշումներից եւ լոյալություն չի դրսեւորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրված է իշխանությունների կողմից․ Արշակ սրբազան

Սեպտեմբեր 17,2024 15:42

«Շատ պարզ իրականություն է՝ եթե իշխանությունը ձախողել է գոյաբանական խնդիրների լուծման առաքելությունը, ինքը դառնում է սպառնալիք պետության համար։ Եվ այս ըմբռնումները նոր չէ, որ շարադրվում են։ Իշխանություններին հրավիրելը որևէ ձևով դիրքորոշումների փոփոխություն չի ենթադրում։ Եկեղեցու ողջ պատմության ընթացքում եկեղեցին աջակից է եղել պետությանը, իշխանություններին։ Երբեմն մենք իշխանություններին տարբերակում ենք պետությունից, այդ սահմանագիծը շատ նուրբ է։ Չափազանց դժվար է իշխանություններին քննադատություն ուղղել՝ առանց մտահոգություն ունենալու, որ պետությանը չես վնասի։ Բայց երբ իրավիճակը հասնում է մի հանգրվանի, երբ այլ տարբերակ չկա, նշանակում է՝ պետք է գնալ այդ ճանապարհով»,- այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մայր Աթոռի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնի օրհնության արարողություններին իշխանություններին ուղարկված հրավերների մասին հարցերին, այն պարագայում, երբ իշխանության ներկայացուցիչները պարբերաբար քննադատական եւ սուր են արտահայտվում հոգեւոր դասի մասին։

Սրբազանը տեղեկացրեց, որ հրավերներ ուղարկվել են բոլորին, իր մասնակցության մասին տեղեկացրել է միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նաեւ ասաց, որ իշխանական վերնախավին հրավիրել-չհրավիրելու հարցում տարակարծություններ են եղել եւ հարցը քննարկվել է բարձրագույն հոգեւոր խորհրդում։

«Ինչպե՞ս համատեղել Եկեղեցու դիրքորոշումները իշխանություններին հրաժարվելու հորդոր ուղղելու եւ միաժամանակ հրավեր ուղղելու: Կարծում եմ, այս հարցերը հստակ պետք է տարանջատվեն: Միջոցառումներին, համազգային արարողություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այն իմաստով, որ Եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից եւ ամբողջական լոյալություն է դրսեւորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրված է իշխանությունների կողմից: Եկեղեցին շարունակելու է իր մտահոգություններն ու դիրքորոշումներն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնվի»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքագիտության բոլոր տեսաբանները պետության նպատակների մեջ սահմանել են երկու գործառույթ՝ երկրի քաղաքացիների անվտանգության ապահովումը և հանրային համերաշխության ապահովումը, հետագայում պետության նպատակների հիմքում դրվել են նաև այլ գործառույթներ ու տեսլականներ, ու եթե դու չունենաս անվտանգ միջավայր, ավելորդ է խոսել ժողովրդավարությունից, իրավականությունից, սոցիալական ապահովվածությունից։

«Եկեղեցին միշտ պատրաստակամություն ունեցել է աջակցելու իշխանություններին, վկան վերջին 30 տարիների պատմությունն է, որի համար մեզ մեղադրել են իշխանահաճոյության մեջ։ Բայց մեզ առաջնորդող գաղափարը բացարձակապես դա չի եղել, այլ՝ լինել նեցուկ իշխանություններին, որպեսզի լուծենք մեր առջև ծառացած խնդիրները, որոնցից առաջինը հենց Արցախի հարցն էր»,- ասաց սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ը հիշեցրեց, որ ապրիլի 24-ին, Ցեղասպանության հուշահամալիրում ինքը նզովք ուղղեց առ նրանց, ովքեր ուրանում են ազգի անցյալը, ջնջում են պատմական հիշողությունը, հրաժարվում են պահանջատիրությունից, Արցախից եւ այլն, իսկ նման քաղաքականության կրողը հենց գործող իշխանությունն է։ Զուգահեռաբար, հոգեւոր դասը խոսում է միջոցառումներին իշխանությանը հրավիրելու անհրաժեշտության մասին, ինչը պարադոքս է առաջացնում։ Սրբազանից հետաքրքրվեցինք՝ հոգեւոր դասը կողմնորոշվե՞լ է՝ ի՞նչ է ուզում եւ ինչ քայլեր է պատրաստ կատարել՝ դրան հասնելու համար։

Սրբազանը պատասխանեց, որ Ցեղասպանության հուշահամալիրում ինքը խոսել է երևույթների մասին, անձնավորվածություն չկար իր խոսքում․ «Մենք խոսում ենք գոյություն ունեցող արատների, մեղքերի, սխալ ընթացքների մասին։ Եթե մենք նզովքի մասին խոսում ենք, որպես ինստիտուցիոնալ երևույթ, ապա դա կյանքի է կոչվում համապատասխան գործիքակազմերով։ Մինչդեռ Ծիծեռնակաբերդի բարձունքում հնչեցրած խոսքս վերաբերում էր ինձ՝ իմ դիտարկումներն ու գնահատականներն էին։ Խոսքը վերաբերում էր բոլոր նմանօրինակ երևույթներին։ Չեմ կարծում, որ պետք է Մյուռոնօրհնեքի արարողությանը իշխանություններին հրավիրելու և Ծիծեռնակաբերդի խոսքում կատարված շեշտադրումների միջև անջրպետ ու ջրբաժան տեսնել»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30