Լրահոս
Օրվա լրահոսը

Միակողմանի զիջումների գնալը, Ադրբեջանի պահանջների հետ համաձայնելը զուտ Ադրբեջանին է ուժեղացնում. Ֆրանսիայի Հայ դատի ներկայացուցիչ

Սեպտեմբեր 17,2024 15:12

Սեպտեմբերի 15-ին Մարսելում առաջին անգամ «Հայ դատի ամառային համալսարան» անվան ներքո անցկացվել է եռօրյա համաժողով, որին ի թիվս այլոց, մասնակցել են ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հայ եւ ֆրանսիացի փորձագետներ, վերլուծաբաններ, խմբագիրներ, Հայաստանի եւ Արցախի նախկին պաշտոնյաներ։

«Հայ դատի համալսարաններն իրականացվեցին Համազգային դպրոցում: Խորհրդանշական էր դրանք անցկացնելը Եվրոպայի ամենամեծ հայկական դպրոցում: Միջոցառման ընթացքում 4 կլոր սեղան էր նախատեսված՝ առաջինը Հայաստանի ռազմական եւ ընդհանրապես միջազգային դաշինքների մասին էր, որին ներկա էին ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, խմբագիր Քրիստիան Մակարյանը, քաղաքագետ Եղիա Տաշչյանը, Հարութ Մարտիրոսյանը: Մեզ համար կարեւոր էր, որ ամբողջ օրվա ընթացքում Հայ Դատի կառույցների՝ տարբեր ուղղություններով գործունեության մասին խոսեինք, առաջինը միջազգային կապերն էին, երկրորդը Հայաստանի ու հայկական պատմամշակութային ժառանգության, իհարկե Արցախի հետ պատահածի մասին… Երրորդ կլոր սեղանն Արցախի մասին էր, ներկա էին Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, ՀՈՄ-ի ներկայացուցիչը, որը հսկայական աշխատանք է տանում արցախահայության հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը:

Վերջին կլոր սեղանին, որ նվիրված էր Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերին, ներկա են եղել ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը, Արմեն Սերոբյանը, որը զբաղվում է դպրոցներով եւ Դեպի Հայք հիմնադրամի տնօրեն Սեւան Կաբակյանը:

Հետաքրքրվեցինք՝ համաժողովի ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանին հարցեր ուղղվե՞լ են , թե ինչու է ինքը պաշտոնավարման կեսից հրաժարական տվել: «Արա Այվազյանը հիշեցրեց, որ ամենադժվար պահերին է այդ գործը ստանձնել, և, ըստ էության, իր առաջարկածն ու Նիկոլ Փաշինյանի առաջարկածը երկու արմատապես տարբեր գործունեություններ էին, Արա Այվազյանի առաջարկածը Հայաստանի շահերից էր բխում, Նիկոլ Փաշինյանի առաջարկածը՝ իշխանությունը պահելու համար էր »,-ասաց Անահիտ Հակոբյանը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ հայաթափված Արցախին, թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը, Խաղաղության պայմանագրին: «Դուք գիտեք, որ Հայ դատի բոլոր կառույցներն աշխատում են Արցախի հայության վերադարձի ուղղությամբ, այդ թեմաները մեզ համար շատ կարեւոր են, և, իհարկե, Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը բառիս բուն իմաստով անընդունելի է՝ լինի դա արցախահայության հանդեպ, Ադրբեջանի հետ երկխոսության առումով, թե այլ հարցերով:

Մենք, իհարկե, հասկանում ենք ժամանակ շահելու կարեւորությունը, բայց միակողմանի զիջումների գնալը, Ադրբեջանի պահանջների հետ համաձայնելը զուտ Ադրբեջանին է ուժեղացնում» ,- ասաց մեր զրուցակիցը:

Խոսեցինք նաեւ այն թեմայից, որ Սփյուռքի գործիչներից ով չի կիսում ՀՀ գործող իշխանությունների տեսակետը, անցանկալի անձ է համարվում եւ նրանց մուտքը Հայաստան արգելվում է: « Այս թեմային եւս անդրադարձ եղել է հատկապես վերջին կլոր սեղանին, որ թեման Սփյուռք-պետություն, Սփյուռք-Հայաստան կապերն էին, Մուրադ Փափազյանն էլ էր ներկա: Նա հիշեցրեց, որ տարբեր տարիների ՀՀ կառավարությունների վերաբերյալ լուրջ քննադատություններ եղել են՝ տարբեր հարցերի հետ կապված, սակայն երբեք, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը անցանկալի անձ չեն հայտարարել Սփյուռքի որեւէ ներկայացուցչի: Հետաքրքիր է, որ դեմոկրատիայի ժամանակ է persona non grata սիստեմն առաջ եկել»,-ասաց Անահիտ Հակոբյանը:

Հարցրինք՝ իր տպավորությամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ղեկավարած կառույցը ծառայո՞ւմ է իր նպատակին, թե անջրպետ է ստեղծում Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ, հատկապես որ մի շարք տարաձայնություններ կան այդ թեմայով: «Հետեւում ենք կառույցի գործունեությանը, սոցցանցերում տեսնում ենք հրապարակումներ Սփյուռքի անհատների հետ աշխատելու մասին, բայց ես ձեզ ուզում եմ վստահաբար ասել, որ այդ կառույցը Սփյուռքի կառույցների հետ չի աշխատում: Ըստ երեւույթին, իրենց հետաքրքրում են անձինք, այլ ոչ թե տասնամյակներով գործող կազմակերպված կառույցները, իրենք մեկ-մեկ էլ փորձում են քանդել այդ կառույցները, ինչը այս ժամանակահատվածում շատ վտանգավոր է»,- նշեց Ֆրանսիայի Հայ դատի ներկայացուցիչը:

Հայերենի եւ հայկականության նահանջի մասին խոսելիս նշեց, որ իրենց խնդիրն է հարստացնել լեզուն, ցանկացած ոլորտում ինչ-որ բան ավելացնել եղածի վրա, ոչ թե տուրք տալ պահպանողականությանը:

Անահիտ Հակոբյանը նաեւ ընդգծեց, որ Հայ դատի գրասենյակների մարտահրավերներից ամենաանհետաձգելին հայ գերիների ազատումն է, առաջնահերթություն է նաեւ Արցախի հայության վերադարձը. « Հայ դատի կառույցներն աշխատում են գերիների վերադարձի ուղղությամբ, բայց ոչ մի կերպ չենք հասկանում, թե ինչպես կարող է այսօրվա իրականության մեջ Հայաստանի կառավարությունն ընդունել, որ Հայաստանի քաղաքացին Բաքվի բանտերում է, որեւէ քայլ չանել, դեռ ասել, որ իր համար դա առաջնահերթություն չէ»:

Նա նաեւ նշեց, որ Հայ դատի կառույցների համար տարբեր երկրներում իրենց աշխատանքը դժվարացնում է այն փաստը, որ տվյալ երկրներում քաղաքական գործիչներն ասում են, թե Հայաստանի կառավարությունը իրենց նման բան չի խնդրել՝ լինի Արցախի, թե գերիների հարցով: Նրանք վկայակոչում են պաշտոնական Երեւանի դիրքորոշումը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Անահիտ Հակոբյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30