Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այղր լիճը ցամաքում է, սակայն շրջակա միջավայրի նախարարությունը լճի մակերեսի փոփոխության վերաբերյալ տվյալներ չունի

Սեպտեմբեր 17,2024 13:41

Արարատյան դաշտում գտնվող Ակնա (Այղր) լճի 30 տոկոսը ցամաքել է, ափերը ճահճացած են, ցամաքել է նաև լճից սկիզբ առնող Մեծամոր գետի մի զգալի հատված։ Այս մասին բարձրաձայնում է հիդրոլոգ Բենիամին Զաքարյանն ու խնդիրը կապում Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարանների հետ, որոնք օգտագործում են ստորերկրյա քաղցրահամ ջրերը։

Հիդրոլոգ Բենիամին Զաքարյանը, ներկայացնելով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանը՝ նշեց, որ այն կազմված է երեք ջրատար շերտերից՝ առաջինը գրունտային շերտից, որը գտնվում է երկրի մակերևույթից 50-60 մետր խորության վրա, երկրորդը՝ արտեզյան՝ ճնշումային շերտից, որը գտնվում է 70-150 մետր խորության վրա, իսկ երրորդ շերտը՝ 150 մետրից ներքև ընկած հատվածն է՝ բնաղբյուրը․ «Մինչև 2005թ․ Արարատյան դաշտի գրունտային ջրերը հասնում էին երկրի մակերևույթ, որոշ վայրերում էլ ընդամենը 2-3 մետր խորության էին։ Երբ 2000-ականների սկզբին Արարատյան դաշտում սկսեց ինտենսիվ զարգանալ ձկնաբուծությունը, արտեզյան ավազանի ճնշումային ջուրն աստիճանաբար սկսեց նվազել և գրունտային ջրերն իջան»,-ընդգծեց հիդրոլոգը։

Նշենք, որ գրունտային ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով, արտեզյան քաղցրահամ ջրերը պիտանի են խմելու համար։

Հիդրոլոգի մեկնաբանմամբ՝ Ակնա (Այղր) լիճը սնվում է Արարատյան դաշտի արտեզյան առաջին ճնշումային շերտից, այսինքն՝ մոտ 80 մետր խորությունից դուրս եկող աղբյուրներից, բայց, քանի որ ջրի անխնա օգտագործման շնորհիվ այդ ճնշումային ջրերի մակարդակն իջել է, լիճը թերի է սնվում, ինչի պատճառով էլ Այղր լճի մակարդակն իր բնական վիճակից իջել է 2-3 մետր․ «Ակնա լճի տարածքում 20 տարի առաջ ճնշումային շերտից, ջուրը շատրվանելով դուրս էր գալիս երկրի մակերևույթից մոտ 10-15 մետր բարձրության վրա, իսկ հիմա չկա այդ ճնշումը, և փորելով ու հասնելով ճնշումային շերտին ջուրը նույնիսկ երկրի մակերևույթ դուրս չի գալիս»,-հավելեց Բենիամին Զաքարյանը։

Չնայած հիդրոլոգի այս մտահոգությանը՝ Շրջակա միջավայրի նախարարությունից ընդգծել են, որ Այղր լճի մակերեսի փոփոխության վերաբերյալ տվյալներ չունեն։ Ինչ վերաբերում է Մեծամոր (Սևջուր) գետի ջրի միջին տարեկան ելքին՝ տեղեկացրել են, որ այն աստիճանաբար նվազել է՝ 1993թ․ կազմել է 20,6 մ3վ, իսկ 2023թ․՝ 2,60 մ3վ։

Հիդրոլոգ Բենիամին Զաքարյանի խոսքով՝ Արմավիրի մարզի շուրջ 32 բնակավայրեր նախկինում ունեին գրունտային ջուր, որի շնորհիվ այգիներն էին ոռոգում, իսկ հիմա նույնիսկ խմելու ջրի հետ կապված խնդրի առաջ են կանգնել․ «Բնակավայրերում ստիպված են հողը 50-60 մետր ավելի խորը փորեն, որ խմելու ջուր ձեռք բերեն։ Դա մեծացնում է նաև կատարվող աշխատանքների ծախսերը, թե փորելու, թե պոմպերի հոսանքի ծախսը։»։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ի պատասխան այն հարցի, թե արդյոք Արարատյան դաշտում ստորերկրյա ջրեր օգտագործող ձկնաբուծարանների գործունեությունը նվազեցնու՞մ է ՀՀ որոշ բնակավայրերի խմելու ջրի օգտագործման ծավալը, նշել են, որ տեղեկատվությանը չեն տիրապետում։

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ ջրային պետական կադաստրում գրանցված է Արարատյան դաշտում (ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսներից) ձկնաբուծական նպատակով գործող 212 ջրօգտագործման թույլտվություն, որից 142-ը՝ ստորերկրյա ջրային ռեսուրսներից։

Փորձագետները պնդում են, որ խորքային հորերից օգտվում են ոչ միայն ձկնաբուծարանները, այլ նաև ՋՕԸ-երը, ինչպես նաև առանձին համայնքները ոռոգում իրականացնելու նպատակով։

Հիդրոլոգ Բենիամին Զաքարյանը վստահ է, որ եթե կանխվի ոռոգման, խմելու ջրի անօրինական ջրօգտագործումը, իսկ ձկնաբուծարանները ջուրն օպտիմալ օգտագործեն, ապա ջրաքանակի որոշակի խնայողություն կլինի և Արարատյան դաշտն աստիճանաբար կվերականգնվի ։

Շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվել էինք նաև, թե որքա՞ն է սահմանված Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարանների համար ստորերկրյա քաղցրահամ ջրերի ծավալը։ Ի պատասխան այս հարցի՝ նախարարությունից նշել են, որ համաձայն «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները տարեկան կազմում են 1.1 մլրդ մ3։

ՏԿԵՆ Ջրային կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն էլ՝ ջրօգտագործողների ընկերությունները ջրօգտագործման թույլտվություն ունեցող բոլոր ջրառի կետերում 2024թ․ մեկնարկից սկսած տեղադրում են առցանց տվյալներ փոխանցվող ջրաչափական սարքավորումներ, և աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Իսկ այն հարցին, թե ձկնաբուծարաններից քանի՞սն են 2015թ․ մինչ օրս ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման սահմանված ծավալը գերազանցել և ինչքա՞ն, Ջրային կոմիտեից ընդգծել են, որ բնական ռեսուրսների հաշվառման, ուսումնասիրության և օգտագործման նորմերի ու կանոնների սահմանման պատասխանատուն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է։ Սակայն նույնաբովանդակ հարցին ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարարությունից արձագանքել են, որ տեղեկատվությունը դուրս է նախարարության գործառույթներից։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացրել են նաև, որ ստորերկրյա ջրերի հոսք դեպի այլ երկրներ չի կարող տեղի ունենալ, քանի որ ստորերկրյա ջրերը (արտեզյան, գրունտային, բնաղբյուր) գտնվում են երկրակեղևը կազմող ապարների մեջ հեղուկ, գոլորշի կամ կարծր վիճակում, իսկ արտեզյան (ճնշումային) ջրերը՝ երկրաբանական կառուցվածքում վերևից և ներքևից ջրամերժ ապարներով սահմանազատված, ճեղքավոր, ծակոտկեն կամ կարստային ապարների շերտի մեջ տեղադրված ստորերկրյա ջրերն են։ Այս պատասխանից հետևում է, որ հարևան երկրներից դեպի Հայաստան ստորերկրյա ջրերի հոսք ևս չի կարող տեղի ունենալ։

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30