Սերգեյ Ումրոյանը սեպտեմբերի 3-ին Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից տեղեկացել է, որ դադարեցրել են իր անդամակցությունը միությանը, եւ հայտարարության տեքստում առկա չէ ոչ մի բացատրություն հեռացման պատճառների մասին: Մասնավորապես այնտեղ նշված է, որ հիմք ընդունելով Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության օգոստոսի 27-ի արտահերթ նիստի քննարկմամբ և վարչության ներկա անդամների ձայների պարզ մեծամասնության քվեարկությամբ ընդունված որոշումը՝ Սերգեյ Ումրոյանի ՀԿՄ անդամակցությունը դադարեցված է:
Լրատվամիջոցներին ուղարկված նամակում նշված է, որ Ումրոյանը Կոմպոզիտորների միությունից պահանջում է պատճառաբանված հիմնավորում եւ արդեն իսկ կազմված ու հաստատված արձանագրության հրապարակում. «Համացանցից հեռացմանս մասին տեղեկանալուց հետո՝ սեպտեմբերի 16-ին հարկ եմ համարել անձամբ գնալ և ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանից տեղեկանալ կատարվածի մասին: Պարոն Սաթյանը հաստատել է հեռացմանս լուրը, որից հետո պահանջել եմ ներկայացնել հեռացմանս մասին վարչության որոշման արձանագրությունը, ինչին ի պատասխան Սաթյանն ասել է, որ այս պահին չկա, բայց ինքը, ինչ-որ թուղթ ստորագրել է: Բարձր գնահատելով ՀԿՄ գործունեության կարևորությունը մեր երաժշտական կյանքում՝ չեմ կարող անտարբեր լինել և չբարձրաձայնել մեր ստեղծագործական կառույցում տիրող ամենաթողության և կառույցի հեղինակությունը վարկաբեկող աշխատելաոճի մասին, որը բազմիցս բարձրաձայնել եմ նաև կառույցի ներսում վարչության նիստերի և ժողովների ժամանակ»:
Aravot.am-ը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանից հետաքրքրվեց, թե որն է Ումրոյանի անդամակցությունը դադարեցնելու պատճառը: Պարոն Սաթյանն ասաց, որ հարմար առիթով հանդես կգա համապատասխան մեկնաբանությամբ:
Հավելենք նաեւ, որ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության օգոստոսի 27-ի արտահերթ նիստում վարչությունը միաձայն հաստատել էր շաբաթներ առաջ ՀԿՄ պաշտոնական էլ. հասցեին ուղարկված կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի դիմումը՝ ՀԿՄ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ավելի ուշ Panorama.am-ի հետ զրույցում Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասել է, որ Սերգեյ Ումրոյանը Կոմպոզիտորների միությանը վարկաբեկել է. «Մեր կանոնադրության համաձայն, եթե մարդ վարկաբեկում է միությանը՝ կամ հեռացվում է կամ նկատողություն ստանում։ Ինքը հեռացվել է։ Դա վարչությունն է որոշել, ոչ թե ես»։
Հարցին՝ ի՞նչ է ասել, որ վարչությունը դա դիտարկել է վարկաբեկում, Ա. Սաթյանը պատասխանել է. «Չեմ ուզում խորանալ, ի տարբերություն իրեն, բայց ինքը շատ վատ բան է արել։ «Փոխանակ սելը ճռռա, սելվորն է ճռռում»։ Այնպիսի բաներ է արել, որ իրոք, …։ Ես նման դեպք չեմ հիշում, առաջին անգամ է»։
Միության նախագահն ասել է, որ Սերգեյ Ումրոյանը վարչության անդամ է, բայց բացակայում էր վարչության նիստերից, արհամարհում Կոմպոզիտորների միությունը, «Այդ նիստին, որտեղ քննարկվել էր իր անդամակցությունը դադարեցնելու հարցը, ինքը պետք է ներկա լիներ, քանի որ վարչության նիստ էր, բայց ինքը բացակայել է»։
Ինչ վերաբերում է Նուբար Ասլանյանին, նա ասել է, որ կոմպոզիտորը բնակվում է Իսրայելում, անդամակցել է այդ երկրի կոմպոզիտորների միությանը. «Արդեն 80 տարեկան է, դժվարանում է գնալ-գալ։ Մենք միշտ հնչեցրել ենք իր ստեղծագործությունները»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ