Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում են մեր երեխաների միջոցով մեզ զրկել արմատներից, որ երեխաները համակերպվեն «Արցախը Ադրբեջան է» մտքի հետ»․ Արմեն Պետրոսյանը՝ Հունգարիայի ճամբարի մասին

Սեպտեմբեր 17,2024 12:37

Ինչպես հայտնի է, Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի։ Ըստ տեղեկությունների՝ եւս 1000 երեխաներ պետք է մեկնեն։ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը Արցախի երեխաների համար Հունգարիայում ճամբարներ կազմակերպելը էժանագին «հումանիտար ժեստ» էր որակել։

Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մեծ վտանգ է տեսնում այս ծրագրի մեջ։

Լուսանկարը՝ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

«Ես Արցախյան ամենամեծ մարզական ակումբի՝ Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահն եմ, իմ ակումբում Արցախից բռնի տեղահանված մոտ 80 երեխաներ կան։ Ես չեմ կարող ծնողներին կոչ անել, ասել, որ իրենց երեխաներին չուղարկեն Հունգարիա, բայց որպես երեխաների դաստիրակության համար պատասխանատվություն կրող անձ՝ ես դեմ եմ այդ ծրագրին։ Իմ սաներից որեւէ մեկն ընդգրկված չէ այդ ծրագրերում եւ չեն էլ ընդգրկվելու, որովհետեւ Հունգարիան այն երկիրն է, որը Սաֆարովին է արտահանձնել Ադրբեջանին։ Հունգարիան այն երկիրն է, որն ի սկզբանե կրել է պանթուրքիստական գաղափարները եւ ամենաբարձր մակարդակներով ողջունել է Ադրբեջանի այսպես կոչված «տարածքային ամբողջականության վերականգնումը»՝ վարչապետի մակարդակով մեկնելով Շուշի»,- ասաց նա։

Արմեն Պետրոսյանն Արցախի ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչն է եղել, ասաց, որ շատ լավ գիտե, թե ինչ աշխատանք է տարվում ճամբարներում։ «Ես սրա մեջ մեծ վտանգ եմ տեսնում։ Լինելով արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչը՝ ես հազարավոր ճամբարներ եմ կազմակերպել, գիտեմ, թե ճամբարներում ինչ աշխատանք է տարվում։ Բացի երեխաների ակտիվ հանգստից, այնտեղ տարվում է նաեւ քարոզչական, դաստիարակչական աշխատանք։ Ես հազարավոր ճամբարներ եմ կազմակերպել՝ 3 տարվա ընթացքում ավելի քան 12 հազար արցախցիների ընդգրկմամբ եւ չեմ հավատում, որ Հունգարիայում այնպիսի աշխատանք չեն տանելու երեխաների հետ, որը հետագայում կարող է նաեւ ազգային անվտանգության սպառնալիք լինել։ Եվ ես վստահ եմ, որ այնպիսի մասնագետներ են ընդգրկվելու, որ երեխաները դա նույնիսկ չեն հասկանալու, իրենց թվալու է, որ լավ բան են սովորելու։ Բայց եթե խորանում ես մասնագիտական տեսանկյունից, այնպիսի աշխատանք է տարվելու, որ հետագայում մեր երեխաները համակերպվելու են այն մտքի հետ, որ «Արցախը Ադրբեջան է», որ Հայաստանը զուտ այն քարտեզագրված տարածքն է, որը կա։ Այսինքն՝ մեր պատմական արմատներից մեզ զրկելու են մեր երեխաների միջոցով։ Հնուց մի ասույթ կա՝ եթե ուզում ես թշնամուդ ոչնչացնել, դաստիարակիր իրենց երեխաներին»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Նա հավելեց․ «Սա պատահական չէ, որ հենց կառավարական մակարդակով է այս ամենը կազմակերպվում։ Ես վստահ եմ, որ մեր երեխաներին Հունգարիա տանելու ուժերի թիկունքում կանգնած են նույն ուժերը, որոնք հեղափոխություն են արել, որոնք Արցախն են հայաթափել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Զրույցի ընթացքում գործընկերներն անդրադարձել են նաև օգոստոսին երկու երկրների համագործակցությամբ իրականացված նախաձեռնություններից մեկին, որի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի:

Նախարարներն ընդգծել են, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նոր փորձառություն ու լավ ժամանց են հաղորդում երեխաներին, այլև էապես նպաստում նրանց հուզական և հոգեբանական ապաքինմանը: Նշվել է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ ճամբար մեկնելու հնարավորություն տալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխայի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30