Արդեն տեղեկացրել ենք, որ Վրաստանի սահմանապահ ծառայությունը արգելել է ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա» վերլուծական-լրատվական կայքի հիմնադիր Արսեն Խառատյանի մուտքը երկիր: Համանման դեպք տեղի էր ունեցել գրեթե մեկ շաբաթ առաջ, երբ առանց նշելու պատճառը` Արսեն Խառատյանին օդանավակայանում Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությունից հայտնել էին, որ արգելվում է նրա մուտքը Վրաստան, բայց 2 ժամ հետո թույլատրել էին։ Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում այժմ մանրամասնել է կատարվածը
Երբ սեպտեմբերի 16-ին Եվրոպայից վերադառնում էի Թբիլիսի, Վրաստանի սահմանապահ իշխանությունները կրկին մերժեցին իմ մուտքը երկիր: Այս անգամ նրանք ինձ 4 ժամով ձերբակալեցին, իսկ հետո նստեցրին ինքնաթիռ՝ հետ ուղարկելով Եվրոպա: Սեպտեմբերի 18-ի համար Թբիլիսիից Երեւան վերադարձի տոմս ունեի, սակայն ասացին, որ Վրաստանի օրենսդրությամբ եթե անձին մերժում են մուտքը, պետք է հետ ուղարկեն մեկնելու երկիր:
Այս ամենը տեխնիկական մանրամասներ են, ամենամեծ խնդիրն այստեղ այն է, որ ոչ ոք ինձ չի բացատրել, թե ինչու են մերժել մուտքս Վրաստան, որտեղ ապրել եմ ավելի քան 5 տարի, ստեղծել եմ լրատվամիջոց, համահիմնադրել տարբեր կազմակերպություններ, օգնել Հայաստան-Վրաստան կամուրջներ կառուցել եւ այլն:
Վրաստանն ինձ համար եղել է եւ կա երկրորդ հայրենիք եւ ինձ ճանաչողները հասկանում են, թե որքան մեծ նշանակություն ունի այս մերժումն ինձ համար:
Կարդացեք նաև
Հիմա ես կասկած չունեմ, որ այս մուտքի մերժումը/արտաքսումը քաղաքական է, ինչը, ի վերջո, նշանակում է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները կամ ինձ նման մարդկանցից են վախենում, կամ ունեն ղեկավարներ Մոսկվայից կամ Բաքվից, որոնք նրանց թելադրում են «տարածքը մաքրել» ընտրություններից առաջ:
Խորհրդարանական ընտրություններից վեց շաբաթ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծես թե թքած ունի նոր ընկերներ ձեռք բերելու վրա, բայց նման գործողություններով նոր թշնամիներ է ձեռք բերում: Մի բան ավելի քան պարզ է ինձ համար, ես կվերադառնամ Վրաստան եւ դա կլինի շատ շուտով:
Հնարավոր չէ, որ աշխարհում որեւէ ուժ Վրաստանը կարող է դարձնել Բելառուսի նման երկիր. Վրաստանի ժողովուրդը պարզապես չափազանց հասուն եւ ուժեղ է որպես քաղաքացիական հասարակություն, այսպիսով սա կարող է լինել միայն կարճ ավտորիտար շարժում՝ «բելառուսական արձակուրդ», ինչպես դա անվանել էր ամերիկացի մի մեծ ընկեր, բայց այս իրականությունը չի հարատեւի:
Կեցցե Վրաստանը:
Լուսանկարը՝ Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան էջից
Եղբայր, ժողովրդավարության առումով գրածիդ հետ համաձայն եմ, բայց մոտս մի քանի հարց առաջացավ.
1. Գրում ես որ հինգ տարի ապրել ես Վրաստանում և Վրաստանը եղել է ու կա քո երկրորդ հայրենիքը – ինձ հետաքրքրեց ՝ այդքան շու՞տ են երկրորդ հայրենիք ձեռք բերում, հետո էլ հայտարարում ես. «Ես կվերադառնամ Վրաստան» վերջում էլ՝ «կեցցե Վրաստանը»: Իսկ դու պատկերացնու՞մ ես, որ որոշ հայեր էլ մի քանի տարի ապրեին մեկը Կամբոջայում, մյուսը՝ Հորդանանում, երրորդն էլ՝ Կոնգոյում, հետո հանկարծ քո նման չկարողանային մտնել իրենց «երկրորդ հայրենիքը» ու վիրավորված գրեին «Ես կվերադառնամ Կամբոջա», «կեցցե Կամբոջան», մյուսն էլ գրի «Ես դեռ կվերադառնամ Հորդանան», «կեցցե Հորդանանը», երրորդն էլ նույն կերպ գրի Կոնգոյի վերաբերյալ:
Իսկ նման հայերից ո՞վ է ասելու «ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ բոլոր աշխարհասփյուռ հայերը վերադառնան Հայաստան», «կեցցե Հայաստանը»:
2. Քո սիրելի նիկոլի գլխավորած իշխանությունը իրեն քննադատող մի քանի ֆրանսահայերի մուտքը Հայաստան արգելել է: Նրանցից մեկն էլ՝ լրագրող Լեո Նիկոլյանը որպես բողոք 41 օր «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ արեց, բայց միևնույնն է, չթողեցին Հայաստան մտնի, սոված ու հյուծված վիճակում ետ ուղարկեցին Ֆրանսիա: Ինչու՞ այդ մասին էլ քո ֆեյսբուքյան էջում չգրեցիր ու չավարտեցիր՝ «Նա կվերադառնա Հայաստան», «կեցցե Հայաստանը»: