Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում՝ Աբովյանի «Գայի պոստի» հարևանությամբ։ Տնտեսվարողները ցանկանում են անհնազանդության գործողություններ իրականացնել, քանի որ կարծում են, որ Աբովյանի ոստիկանության կողմից ճաղավանդակների տեղադրումը հիմնավոր չէ։
Aravot.am-ի հետ զրույցում «Զովք» ընկերության փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանն ասաց, որ տեղում են Աբովյանի ոստիկանության աշխատակիցներ ու շարունակեց․ «Ոստիկանությունը ցանկանում է ճաղավանդակներ դնել՝ տնտեսվարողների շահերը հաշվի չառնելով։ Շուրջ 70 տնտեսվարող տուժում է։ Մենք էլ որոշում ենք ուզում, որ հատակագիծը տեսնենք՝ ճաղավանդակները որտեղից են սկսվում ու ավարտվում, չեն տալիս այդ որոշումը։ Մենք էլ ասում ենք՝ խաղաղ անհնազանդություն ենք իրականացնում։ Ոստիկանները մեզ ուզում են առգրավեն, տանեն ոստիկանություն։ Որոշում ցույց չեն տալիս ու մեզ պրովոկացիայի են տանում, որ տանեն ոստիկանություն»։
Ռաֆայել Խաչատրյանը վրդովվեց՝ չգիտեմ՝ ում շահն են իրենք հետապնդում, արդյոք պետական շա՞հ են հետապնդում․ «Հո բեսպրեդելի երկիր չէ, օրենքի երկիր է, մենք էլ ուզում ենք օրենքով շարժվենք, տեսնենք՝ ինչ է»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ունե՞ք արդյոք տարածքի հանդեպ սեփականության իրավունք, սեփականության վկայական ունե՞ք, Ռաֆայել Խաչատրյանը պատասխանեց՝ ունենք, ո՞նց չունենք։
Քիչ անց կներկայացնենք նաև պատասխանատու մարմինների պարզաբանումը, թե ինչու են նման գործողություններ կատարվում և ինչ հիմքով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ