Շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադայի վեցերորդ տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականը 1,5։2,5 հաշվով զիջեց Հնդկաստանի ուժեղ ընտրանուն եւ թիմային 10,0 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական։
Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը կեսական միավոր վաստակեցին, իսկ ահա Էլինա Դանիելյանը այս անգամ չկարողացավ օգտակար լինել հավաքականին։
Տուրը հաջող դասավորվեց մեր տղամարդկանց հավաքականի համար, որը ոչ այնքան հեշտ պայքարում 2,5։1,5 հաշվով պարտության մատնեց Ֆիլիպիններին։ Հաղթանակ տարան Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի արեց, իսկ Հայկ Մարտիրոսյանը առաջին անգամ պարտություն կրեց։
Կարդացեք նաև
Այդուհանդերձ, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը վեց տուրից հետո թիմային 10,0 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական։
Այսօր համաշխարհային օլիմպիադայում հանգստի օր է։ Վաղը 7-րդ տուրում մեր տղաները հանդիպում են Անգլիայի, աղջիկները՝ ԱՄՆ-ի հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ