«Մեզ հարկավոր է մուրճերի զարկ, այլ ոչ թե ատամների կրճտոց, բարություն, այլ ոչ թե չարություն եւ նախանձ, կոնսոլիդացում, այլ ոչ թե հաշիվների մաքրում»: Սրանք Հայաստանի համար հավերժ արդիականություն ունեցող բառեր են, մանավանդ, եթե մենք ցանկանում ենք այս տարածքում պետություն ունենալ: Պարզ է, որ այդպես կարող է մտածել նախեւառաջ պետական, եւ հետո միայն քաղաքական մտածողություն ունեցող մարդը, այս դեպքում՝ Կարեն Դեմիրճյանը: Ակնհայտ է նաեւ, որ այս խոսքերն ասվել են 1998-ի փետրվարից հետո, երբ Քոչարյանն ու իր թիմը մեծ խանդավառությամբ «նախորդ» իշխանության եւ անկախության նախորդ շրջանի հետ «հաշիվներ էին մաքրում»: Ինչը եւ հիմք դրեց հետագա «հաշիվների մաքրմանը»:
Այստեղից գալիս է սոցիալական հիմնական պառակտումներից մեկը (այն, ինչ սոցիոլոգներն անվանում են cleavage)՝ «ներկա-անցյալ»: Կարեւոր է հասկանալ, որ Հայաստանի նման երկրներում պառակտումները քաղաքական չեն, ի տարբերություն, ասենք, Միացյալ Նահանգների: Պարզ օրինակ. երբ մեզանում իշխանության հակառակորդներն ասում են՝ «ՔՊ-ական», նրանք նկատի չունեն այդ կուսակցության չունեցած քաղաքական գաղափարախոսությունը, որի բացակայությունն, ի դեպ, հաստատվում է պաշտոնական մակարդակով: Նկատի է առնվում բախտի բերմամբ, թե պատահմամբ իշխանության եկած խումբը, որը կործանել է Արցախը եւ կործանում է Հայաստանի Հանրապետությունը: Երբ իշխանության կողմնակիցներն ասում են՝ «ՀՀԿ-ական», նրանք մտածում են ոչ թե նժդեհականության կամ տարոնականության, այլ «թալանի» մասին:
Հետեւաբար, մեր՝ հայաստանյան cleavage-ներում բուն քաղաքականությունը որեւէ դեր չի խաղում: Պառակտումները «ներկա-անցյալ», «ներկա-նախկին», «կործանող-թալանող», «հայաստանցի-ղարաբաղցի», «տեղացի-սփյուռքահայ», «հարուստ-աղքատ», «քյարթու-առաջադեմ», «սորոսական-ռսաստրուկ» եւ բազմաթիվ այլ գծերով են: Սոցիոլոգները, երեւի, կարող են այդ գծերն ավելի մանրամասն նկարագրել:
Նույն գիտությունը նկարագրում է, թե ինչպես է ուժեղանում բեւեռացումը. երբ ուժեղ կապերը (ընկերական շրջապատը), ինչպես նաեւ թույլ կապերը (ծանոթ-բարեկամները) դառնում են ավելի սերտ, բայց վերանում են «կամուրջները»: «Կամրջի» տակ հասկացվում է մի վիճակ, երբ հակադիր խմբերում կան մարդիկ, որոնք կարող են իրար հետ համագործակցել: Ոչ թե՝ «ես ՔՊ-ում էլ, ՀՀԿ-ում էլ ընկերներ ունեմ» (ինչը, որքան տեսնում եմ, հիմա ավելի ու ավելի հազվադեպ է հնչում), խոսքն ավելի լուրջ սոցիալական, կասեի՝ պետականաստեղծ համագործակցության մասին է: Խմբերը գնալով ավելի շատ են մտնում իրենց պատյանի մեջ եւ չեն ցանկանում իրար մասին լսել: «Կամուրջներ գցելու» համար պետք են երկուստեք ընդունելի գաղափարներ, որոնք վերը նկարագրված cleavage-ներից բարձր են:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պառակտումը թուլացնել կարելի է երկու կողմի համար էլ կարևոր բանի վրա աշխատելու արդյունքում: Հարկավոր են խստագույն չափանիշներ:
Կամուրջներ կառուցողները ցեմենտը ճի՞շտ կլցնեն: Գծագրո՞վ կկառուցեն, թե աչքաչափով: Գծագիր կա՞: Կամրջի տակ կկանգնե՞ն շահագործմանը հանձնելուց: Քանդվելու դեպքում կբանտարկվե՞ն, գնդակահարվե՞ն, պաշտոնա՞նկ արվեն… Կա՞ պատիժ ասած բանը Հայաստանում:
Մի ‘կամուրջ’ նախագծի գաղափար`
‘Azerbaijan accused of hypocrisy after calling for Cop29 global truce’ այս խորագրով այսօր The Gardian-ը հոդված է զետեղել: Անդրադառնում է Ադրբջանի փորձին գորգի տակ ավլել 2023-ին Արցախահայության բռնի տեղահանման, Ethinc Cleansing մեղադրանքը:
Հետաքրքիր է, օրինակ ի՞նչ երկուստեք ընդունելի գաղափար կարող է լինել ՔՊ-ի ու Դաշնակցության միջև 🤔🤔
“Կամուրջներ գցելու” համար եթե անգամ առկա չեն երկուստեք ընդունելի գաղափարներ, կարևոր է, որ երկուստեք լինի սեր առ հայրենիք։ Համոզված եմ, որ այդ դեպքում կծնվի երկուստեք կոմպրոմիս հանուն ընդհանուր կարևոր գործի։
Սակայն վատն այն է, որ մեր հասարակության մի մասը հայրենիքը սիրում է սրտով (ինպես սիրում էին Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը), ավելի շատ մասն էլ սիրում է խոսքով, իսկ դրանք իրար հետ չհատվող հարթություններ են։ Կարծում եմ դա է պատճառը, որ ասածս կոմպրոմիսն էլ չի ստացվում, պարոն Ա.Աբրահամյանի նշած երկուստեք ընդունելի գաղափարներ էլ չեն ծնվում։
Հայրենիքը շատ լայն հասկացություն է։ Վստահ եմ, որ ամեն մեկը յուրովի է ընկալում այդ բառը։ Բայց ինչ ձևով էլ որ այն ընկալեն, միևնույն է, մարդ կամ սիրում է այն, կամ չի սիրում։ Չկա «սիրում եմ, բայց…»: Խնդիրը, իմ կարծիքով, հենց դրա մեջ է, որ շատերը «սիրում են, բայց…»։ Իսկ խոսքերով սիրելու մեջ, ես վատ բան չեմ տեսնում։ Գրողները, երգիչները հենց այդպես են արտահայտում իրենց սերը և դրանով վարակում մնացածին։
Դիտողությունը բառա-իմաստային տեսանկյունից ընդունում եմ, բայց գրածիս ընդհանուր իմաստն այն է, որ հասարակության մի մասը հայրենիքը սիրում է սրտով (այսինքն՝ սրտանց, անկեղծ, նվիրումով), սակայն հասարակության ավելի շատ մասը հայրենիքը սիրում է խոսքով (նկատի ունեմ՝ հիմնականում առատ խոսքեր են, որոնց տակ նվիրումը քիչ է կամ էլ չկա):
Ինչ վերաբերում է հասարակության ավելի փոքր մաս կազմող գրողներին, երգիչներին (հատկապես՝ հայրենասիրական երգեր երգող), ապա այս մարդկանց ես համարում եմ հայրենիքը սրտով (սրտանց) սիրողներ և դրա հետ մեկտեղ՝ այդ սերը շատ գեղեցիկ ձևով վերարտադրողներ (իհարկե՝ խոսքերով, որոնց տակ այս դեպքում նաև սեր կա):