Թվային մոտեցումներն ու գործիքները ներխուժել են կյանքի բոլոր ոլորտներ, թվայնացման հետ առնչվում են բոլորը, երեխաները սմարթֆոնների հետ վարվում են ավելի լավ, քան մեծերը, դրանով էլ ոչ մեկի չես զարմացնի: Համացանցում ծրագրային ապահովման խնդիրների հետ այս կամ այն չափով աշխատում են շատ շատերը: Մինչդեռ այս դեպքում քննարկման առանցքը բիզնեսի թվայնացման հիմնախնդիրն է, որը միայն տեղեկատվական, հեռահաղորդակցության և ծրագրային տեխնոլոգիաները չեն, այն նոր փիլիսոփայություն է, բիզնես նոր մոդել, որն ունակ է՝ ստեղծել ավելացված արժեք: Նկատենք, որ այլ չափորոշիչ բիզնեսի համար չկա:
Այս առումով ի՞նչ է պետք Հայաստանի տնտեսությանը կոշտ արտաքին մրցակցությանը դիմակայելու, տնտեսական ինքնիշխանությունը ապահովելու, և հիմնական գերակայության՝ ռազմաարդյունաբերության զարգացման համար: Հիմնախնդրի լուծումը պահանջում է բիզնեսի թվայնացում՝ նրա տոկենիզացիայի կամ թվային ակտիվներով բիզնես մոդելի կառուցման հիմքով: Այն զարմանալիորեն հնարավորություն է բացում միաժամանակ լուծել եռամիասնական խնդիր, այդ թվում՝ բիզնեսի «աքիլեսյան գարշապարը»՝ իրական հատվածի ներդրումային ռեսուրսների դեֆիցիտի հիմնախնդիրը, որը լուծված չէ ակնհայտ պատճառով՝ երկրում չի ձևավորվել համարժեք կապիտալի կամ ֆոնդային շուկան:
Եվ այսպես, բիզնեսի թվային տոկենիզացիայի ճանապարհով հնարավոր է լուծել.
- այլընտրանքային ներդրումային հոսքերի ձևավորումը տնտեսության իրական հատվածի համար,
- արտադրողականության և կառավարման արդյունավետության կտրուկ բարձրացումը,
- նորարարությունների միջավայրի ձևավորում, որում ինքնին կխթանվեն և կգեներացվեն ինովացիաները:
Եռամիասնական նպատակադրումը տնտեսության իրական հատվածի զարգացման ու ներառական աճի, նրա բոլոր ոլորտների, ներառյալ՝ ռազմաարդյունաբերական համալիրի կոնվերգենտ զարգացման առանցքն է: Ըստ այդմ, բիզնեսի թվայնացումը պահանջում է տնտեսության երեք ոլորտների՝ իրական հատվածի, ֆինանսական ոլորտի և ՏՀՏ հատվածի կոնվերգենտ զարգացում կամ սերտաճում, որի հիմքում, իհարկե, պետք է լինի կրթական համակարգը:
Կարդացեք նաև
Այս առումով արձանագրենք, որ Հայաստանում անցումային ամբողջ շրջանում և ներկայում, նշված ոլորտները գործել են իրենց առաջնահերթությունների ու օրինաչափությունների շրջանակում, ինչպես հայտնի առակում՝ «կարապը, խեցգետինը և շնաձուկը»: Այն որ ունենք մրցունակ ՏՏ ոլորտ, լավ է, բայց այն մրցունակ է արտաքին պատվերների՝ «աուտսորսի» մոդելով աշխատելու ֆորմատում: Կրկին լավ է, միայն խնդիրը այն է, որ ՏՏ ոլորտի նորարարական պրոդուկտները տնտեսության իրական հատվածի հետ գրեթե ոչ մի կա չունեն կամ չեն ներթափանցում ՀՀ տնտեսության իրական հատված: Մատակարարման ինովացիոն շղթան այդպես է գործում, զարգացած երկրները նման «նվեր չեն մատուցում»:
Ոլորտի կարևորության առումով տեղին է հղումը մեր հայրենակից՝ Դարոն Աճեմօղլուի վերջին հարցազրույցներից մեկում այն մտքին, որ միայն տեխնոլոգիական սեկտորի միջոցով տնտեսական աճի չես հասնի, դա կբերի անհավասարության ճեղքվածքի աճի, հետևապես ցանկալի է որ ՏՏ սեկտորը լինի տնտեսության հենասյուներից մեկը, բայց ոչ միակը:
Տնտեսության ՏՏ և իրական հատվածների ու ֆինանսական ոլորտի, սերտաճումը կառաջացնի սիներգետիկ արդյունք երեք ոլորտների շահառու բիզնեսների համար, այն է՝ ծավալային ու ներառական աճ, մրցունակության որակական բարձրացում և ըստ այդմ՝ դրանից բխող երկրի ՀՆԱ-ի ցանկալի աճ, որի ներառական բնույթը շոշափելի կլինի:
Առաջ քաշված՝ բիզնեսի թվային տոկենիզացման հայեցակարգի հիմնավորումը ներկայացված է՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արա Քառյանի տեսանյութերի շարքում, հեղինակն ունի գործունեության երկարամյա փորձ ՀՀ կառավարման համակարգում՝ ՀՀ կենտրոնական բանկ, ֆինանսների նախարարություն, ՀՀ Ազգային Ժողով և համագործակցություն տարբեր պրոյեկտներում՝ միջազգային ֆինանսական կառույցների հետ, այդ թվում՝ WB, IMF, UNDP, USID, USDA և ԵԱՏՄ:
Մանրամասները` տեսանյութերում
Արա Քառյան