Երեւանի «Incourt Tennis Club»-ում WTA վարկանիշային դասակարգման TOP 50-ում տեղ զբաղեցնող (49-րդ ռակետ) Էլինա Ավանեսյանը, որն օգոստոս ամսից միջազգային մրցաշարերում սկսել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, առաջին անգամ հանդիպեց Հայաստանի լրատվամիջոցներին։
Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրեն Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու իրավունք ձեռք բերելուն աջակցել են եւ այսօրվա միջոցառման կազմակերպիչներին՝ Էլինան ասաց, որ անհամբեր սպասում է հետագա բոլոր միջոցառումներին։ Նա նշեց, այս ամենը տեղի ունեցավ նախ եւ առաջ իր թիմի ջանքերի շնորհիվ եւ գործընթացին միացան «Կերոն» զարգացման հիմնադրամը, Հայաստանի թենիսի ֆեդերացիան։
«Ամեն ինչ շատ արագ կատարվեց, որոշումներն արագ ընդունվեցին եւ այս ամենի համար շատ ուրախ եմ։ Տեղի ունեցածը ինձ իսկապես հետաքրքիր է եւ դրա համար ես այսօր այստեղ եմ։ Եթե խոսեմ պատճառների մասին, առաջինը, իհարկե, Հայաստանում թենիսի զարգացումն է։ Ես կարծում եմ, որ Հայաստանում թենիսը մինչ օրս այնքան էլ մեծ համբավ չի վայելել։ Վստահ եմ, որ այս գործընթացը կփոխի իրավիճակը եւ ապագայում Հայաստանի դրոշի ներքո ավելի շատ հայտնի մարզիկներ կխաղան։ Իմ հիմնական նպատակը դա է»,-ասաց թենիսիստուհին։
Էլինա Ավանեսյանը նշեց, որ իր ընտանիքը Արցախից է, որ ինքը հայերեն ամեն ինչ հասկանում է, սակայն վստահ չէ, որ կարող է հայերենով պատշաճ շփվել ու դրա համար ամաչում է։ Բայց հույս հայտնեց, որ ամեն մի հաջորդ հանդիպմանը ավելի ու ավելի լավ կխոսի հայերեն։ Թենիսիստուհին նաեւ խոստացավ, որ ամեն ինչ կանի TOP 10-ում հայտնվելու, ինչու չէ, նաեւ աշխարհի թիվ 1 ռակետը դառնալու համար։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ