Սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայացած «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. հետկոնֆլիկտային արդարադատության ուղիներ» խորագրով երրորդ ամենամյա միջազգային համաժողովին փաստաբան Սիրանուշ Սահակյանը արժանացավ «Տարվա փաստաբան 2024» մրցանակին:
Համաժողովի շրջանակում, որ կազմակերպել էր «Ճշմարտության և արդարության կենտրոնը», Հայաստան էին ժամանել միջազգային իրավունքի մասնագետներ և իրավապաշտպաններ Եվրոպայից և ԱՄՆ-ից։
«Մեր մասնագիտության մեջ մենք եզակի արտոնություն ունենք պայքարելու հանուն արդարության: Այս մրցանակը վերահաստատում է իմ հանձնառությունը՝ շարունակելու պայքարը հանուն հայերի պաշտպանվածության մեծացման,- ասել է Ս. Սահակյանը՝ հավելելով, – սա չափազանց կարևոր ձեռքբերում է ինձ համար, քանի որ արտացոլում է ոչ միայն իմ աշխատանքը, այլև արդարության այն սկզբունքները, որոնք ես ամեն օր ձգտում եմ պահպանել»:
Սեպտեմբերին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախը էթնիկ զտումների ենթարկելու մեկ տարին։ Կոնֆերանսի նպատակն է անդրադառնալ այն հարցերին, թե ինչպես կարելի է հետկոնֆլիկտային իրավիճակում հասնել տևական խաղաղության:
Կարդացեք նաև
Համաժողովի առաջին օրը քննարկվել են Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների դերն ու պարտականությունները և միջազգային քրեական արդարադատության մեջ զոհերի ներկայացվածությունն ու աջակցությունը ուժեղացնելու ռազմավարությունները:
Երկրորդ օրը տեղի ունեցան պանելային քննարկումներ «Միջազգային հանցագործությունների հետապնդման գլոբալ մոտեցումներ և համընդհանուր իրավասություն», «Հաղթահարելով մարտահրավերները և նորարարությունները միջազգային քրեական իրավունքի ոլորտում» և «Ճշմարտության, արդարադատության և հատուցման ճանապարհին. հայցադիմումների միջազգային հանձնաժողովների տեսանկյունից» խորագրերով։
Երրորդ օրը պանելային քննարկումները հետևյալ թեմաներով էին՝ «Լեռնային Ղարաբաղը նորություններում, կամ դրա բացակայությունը», «Ընդլայնելով մարդու իրավունքները», «Ադրբեջանը և COP29 գագաթնաժողովը»: