Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես ուզում եմ Ձեզնից հրթիռ գնել»

Սեպտեմբեր 16,2024 22:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի՞նչ է հայտնի Թրամփի դեմ մահափորձում կասկածյալի մասին

Reuters-ը LinkedIn-ում Facebook-ում և X-ում ուսումնասիրել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվող Ռայան Վեսլի Ռութի անվամբ էջերը, նախքան դրանց արգելափակումը։

Լրատվամիջոցը գրում է, որ 58-ամյա Ռութը իր էջերում աջակցություն է հայտնել Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմի ֆոնին։ Սույն թվականի ապրիլի 21-ին Ռութը X-ի իր միկրոբլոգից նամակ է հղել հարթակի սեփականատեր Իլոն Մասկին։

«Ես ուզում եմ Ձեզնից հրթիռ գնել։ Ես ցանկանում եմ մարտագլխիկ ուղղել Պուտինի սևծովյան առանձնատան բունկերին։ Կարո՞ղ եք ինձ գին տրամադրել»։

Բարու և չարի կռիվը

The New York Times-ը էլ տեղեկացնում է, որ 2023-ին զրուցել է Ռութի հետ Ուկրաինայում շարունակվող պատերազմի թեմայով։ Նա հայտնել է, որ 2022 թվականին մի քանի ամիս Ուկրաինայում է անցկացրել և փորձել աֆղան մարտիկներ հավաքագրել ռուսների դեմ կռվելու համար։

2022-ի հունիսին Newsweek Romania-ի հետ զրույցում էլ Ռութն ընդգծել է՝ «Շատ այլ հակամարտություններ մոխրագույն են, բայց այս մեկը միանշանակ սև-սպիտակ է։ Սա բարու և չարի կռիվ է»։

Ռումինական ԶԼՄ-ին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ ցանկացել է մասնակցել պատերազմին բայց մերժում է ստացել տարիքի և զինվորական փորձի բացակայության պատճառով։

Ուկրաինային աջակցելուց բացի, նա իր սոցիալական էջերում հանդես է եկել նաև պաղեստինամետ և թայվանամետ գրառումներով։

Ժողովրդավարությունը վտանգված է

Անդրադառնալով նոյեմբերին սպասվելիք ԱՄՆ նախագահական ընտրությանը՝ Ռայան Ռութը ասել է, որ ժողովրդավարությունը վտանգված է՝ շեշտելով, թե Թրամփը «փորձում է կրկին ամերիկացիներին ստրկացնել»։

Սիրող և հոգատար հայր

Կասկածյալի որդին՝ Ադամը, Reuters-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ որևէ տեղեկություն չունի կատարվածի առնչությամբ։ Ըստ նրա, իր հայրը այդպիսի բան չէր կարող անել։

Ռայան Ռութի մյուս որդին՝ Օրանը, CNN-ին փոխանցել է, որ որևէ բան չի կարող ասել, բացառությամբ նրա, որ նա «սիրող և հոգատար հայր է»։ Օրան Ռութի խոսքով՝ նա չգիտի, թե ինչ է կատարվել Ֆլորիդայում և հուսով է, որ «ամեն ինչ ուռճացվել է»։ Ավելի վաղ The Guardian-ին Օրանը հաստատել էր իր հոր համակրանքը Ուկրաինայի հանդեպ և այն փաստը, որ նա մի քանի ամսի այնտեղ է անցկացրել։ 

Այլ մանրամասներ

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել։ Այսպիսով, նա կմնա կալանքի տակ։

Ըստ CBS-ի աղբյուրի՝ Ռութը 2002-2010 թվականներին դատապարտվել է մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ անօրինական զենք կրելու, ոստիկանության պահանջները չկատարելու, առանց համապատասխան թույլտվության մեքենա վարելու և հափշտակության մեղադրանքներով։

Հիշեցնենք․ հուլիսի 13-ին  ևս Դոնալդ Թրամփի հրավիրած հանրահավաքի ժամանակ իր դեմ մահափորձ էր տեղի ունեցել։ 20-ամյա Մեթյու Քրուքսը հարևանությամբ գտնվող շենքերից մեկի տանիքից փամփուշտ էր արձակել նախագահի թեկնածու Թրամփի ուղղությամբ։ Վիրավորում ստանալով՝ Թրամփը հեռացվեց բեմից։ Հանրահավքի մասնակիցներից մեկը մահացավ, իսկ հրաձիգը Գաղտնի ծառայության դիպուկահարի կողմից հայտնաբերվեց և ոչնչացվեց։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30