Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես բազմիցս նշել եմ, մեր երկրում քաղաքական բռնության կամ որևէ այլ տեսակի բռնության տեղ չկա»․ Բայդեն

Սեպտեմբեր 16,2024 17:30

Ջո Բայդենի, Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի արձագանքները վերջինիս դեմ ենթադրյալ մահափորձի առնչությամբ

Իր դեմ երկրորդ մահափորձից հետո, ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել։

«Ես լավ եմ և առողջ։ Ոչ ոք չի վնասվել։ Փառք Աստծո։

Բայց այս կյանքում կան մարդիկ, որոնք ամեն ինչ կանեն մեզ կանգնեցնելու համար։

Ես չեմ դադարի պայքարել ձեզ համար։

Ես երբեք չեմ հանձնվի։

Ես միշտ կսիրեմ ձեզ ինձ աջակցելու համար։

Մեր ՄԻԱՍՆՈՒԹՅԱՄԲ մենք Ամերիկան կրկին փառապանծ կդարձնենք»։

Նախագահ Թրամփը հայտարարությունը տեղադրել է իր պաշտոնական կայքում, որտեղ մուտք գործելու դեպքում անմիջապես հայտնվում է վերը նշված տեքստը։ Կարմիր տառերով ընդգծվում է՝ «ՉՎԱԽԵՆԱ՛Ք»։

 

 Ես հանգիստ եմ, որ նախկին նախագահն անվնաս է. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է կատարվածին, նշել՝ տեղեկացվել է նախագահ Թրամփի դեմ հնարավոր մահափորձի մասին։ Բայդենը գրել է․

«Բերման ենթարկված կասկածյալ կա։ Ես գովերգում եմ Գաղտնի ծառայության և օրինապահ մարմինների գործընկերների զգոնությունը և նախկին նախագահին և իր շուրջը գտնվողներին անվտանգ պահելուն ուղղված ջանքերը:

Ես հանգիստ եմ, որ նախկին նախագահն անվնաս է։

Ակտիվ հետաքննություն է ընթանում դեպքի առթիվ։ Օրինապահները կատարվածի մասին մանրամասներ են հավաքվում։

Ինչպես բազմիցս նշել եմ, մեր երկրում քաղաքական բռնության կամ որևէ այլ տեսակի բռնության տեղ չկա։ Ես իմ թիմին հրահանգել եմ, որպեսզի շարունակեն ապահովել Գաղտնի ծառայությանը բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով, կարողություններով և պաշտպանիչ միջոցներով՝ նախկին նախագահի շարունակական անվտանգությունն ապահովելու նպատակով»։

 

Ես դատապարտում եմ քաղաքական բռնությունը․ Հարիս

Ֆլորիդայում տեղի ունեցած միջադեպին արձագանքել է նաև Դոնալդ Թրամփի դեմոկրատ մրցակից, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

«Խորապես տագնապած եմ նախկին նախագահի դեմ հնարավոր մահափորձի լուրերով։ Մինչ մենք փաստերն ենք հավաքում, թույլ տվեք հստակորեն ասել՝ ես դատապարտում եմ քաղաքական բռնությունը։ Մենք բոլորս պետք է մեր բաժին աշխատանքը կատարենք, որպեսզի այս միջադեպը չհանգեցնի ավելի մեծ բռնության։

Ես գոհունակություն եմ հայտնում, որ նախկին նախագահ Թրամփը անվնաս է։ Ես գովերգում եմ ԱՄՆ Գաղտնի ծառայությանը և օրինապահներին իրենց զգոնության համար», – նշվում է Սպիտակ տան կայքում։

Փոխնախագահը վերահաստատել է, որ Գաղտնի ծառայությունը օժտված կլինի «բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով, կարողություններով և պաշտպանիչ միջոցներով իր կրիտիկական առաքելությունն իրականացնելու համար»։

 

Համատեքստ

 

Հիշեցնենք․ հուլիսի 13-ին ևս Դոնալդ Թրամփի հրավիրած հանրահավաքի ժամանակ իր դեմ մահափորձ էր տեղի ունեցել։ 20-ամյա Մեթյու Քրուքսը հարևանությամբ գտնվող շենքերից մեկի տանիքից փամփուշտ էր արձակել նախագահի թեկնածու Թրամփի ուղղությամբ։ Վիրավորում ստանալով՝ Թրամփը հեռացվեց բեմից։ Հանրահավաքի մասնակիցներից մեկը մահացավ, իսկ հրաձիգը Գաղտնի ծառայության դիպուկահարի կողմից հայտնաբերվեց և ոչնչացվեց։

 

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30