Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պահանջ չենք ներկայացնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու համար: Ադրբեջանն է պահանջներ ներկայացնում, որ մենք մեր սահմանադրությունը փոխենք, մենք էլ փոխելու ենք». Էդգար Ղազարյան

Սեպտեմբեր 16,2024 17:14

Սյունիքի մատույցներում ադրբեջանական զինուժի կուտակման վերաբերյալ լրահոսում տարածվող տեղեկությունների եւ Հայաստանի շուրջ ահագնացող վտանգների համատեքստում երկրի իշխանության ներկայացուցիչների անհոգ պահվածքի եւ համացանցով տարածվող տեսանյութերի մասին ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում կարծիք հայտնեց, ար դա արվում է հանրությանը մոլորության մեջ պահելու եւ գալիք իրադարձություններից՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջներից, ուշադրությունը շեղելու նպատակով: Եվ հիշեցրեց վարչապետի՝ վերջին շրջանում արած հայտարարությունները:

«Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսում, դրանից հետո՝ ԱԳՆ կազմակերպած «Երեւանյան դիալոգ» ֆորումում հստակ ասել է այդ տարածքներն անուններով, տարածքներով. Վայոց Ձորի մարզը ամբողջությամբ, Սյունիքի մարզը ամբողջությամբ, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզից հատվածներ, ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ համարվում են Ադրբեջանի տարածքներ: Մենք պահանջ չենք ներկայացնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու համար: Ադրբեջանն է պահանջներ ներկայացնում, որ մենք մեր սահմանադրությունը փոխենք, մենք էլ փոխելու ենք: Մենք տարածքային պահանջ չենք ներկայացնում, իրենք ունեն ու իրենց սահմանադրությամբ դա ամրագրված է:

Հստակ է: Տիգրանաշենը որ տալիս է, Արարատի մարզը Տիգրանաշենից այն կողմ ընկած հատվածն է՝ Խոսրովի արգելոցով եւ այլնով: Գեղարքունիքի մարզը, որ ասում է, դա Սեւանա լիճն է ամբողջությամբ: Տավուշ, Լոռի, Շիրակ որ ասում է, դա Վրաստանի հետ սահմանը կտրելն է: Այսինքն, եթե Հայաստանը մնա, սահմանակից պետք է լինի միայն Ադրբեջանին ու Թուրքիային, որպեսզի դառնա մի պուճուր անկլավ: Այդտեղ էլ ասելու են, որ 170 հազար ադրբեջանցի պետք է գա ու ապրի: Եվ եթե այդ տարածքի անունը մնա Հայաստան, պիտի բնակեցված լինի առավելապես ադրբեջանցիներով»,-ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանը:

Էդգար Ղազարյանը իրավիճակի լրջությունն ավելի ընկալելի դարձնելու համար նշեց, որ ՆԳ նախարարության հարակից տարածքից մինչեւ Հանրապետության հրապարակ, գուցե, ավելի հեռու է, քան ադրբեջանցիների ներկայիս դիրքերը Սեւանա լճից: «Ադրբեջանցիք հո անասուն չե՞ն, որ չգան հասնեն Սեւան, եթե մի թեթեւ ռազմական կոնֆլիկտ լինի»,-ասաց նա:

Անդրադառնալով երկու տարի առաջ սեպտեմբերի 13-14-ին Վարդենիս, Ջերմուկ, Սիսիան եւ Սյունիքի մարզի ամբողջ ճակատային գծում սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին՝ Էդգար Ղազարյանը հիշեցրեց դրան նախորդած զարգացումները: «Ամբողջ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը Ալիեւի հետ բանակցություններ է վարել Բրյուսելում: Արդեն Մոսկվայից դուրս էին եկել: Բանակցությունները միայն Բրյուսելում էին ու իբր բանակցել են խաղաղության շուրջ: Փաստն այն է, որ այդ բանակցությունից հետո սկսվել է ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ, փաստն այն է, որ այդ ագրեսիայից տասն օր հետո ստորագրվել է Պրահայի հայտարարությունը, որը երկրորդ կապիտուլյացիոն հայտարարությունն է: Առաջին անգամ հայ պաշտոնյա է գտնվել, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Դրանից հետո է սկսվել է Արցախի շրջափակումը՝ 2022 թվի դեկտեմբերին, դրանից հետո է Հակարիի կամրջին անցակետ տեղադրվել»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30