Այսօր Բագրատ Սրբազանը ԱԺ-ում հանդիպել է ընդդիմադիր խորհրդարանական «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների հետ: «Շատ կարեւոր հարցերի լայն սպեկտր է քննարկվել «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորների հետ: Այս ֆորմատով մեր հանդիպումներն ու քննարկումները շարունակվում են, գիտեք, որ ընդդիմությունն իր անվերապահ աջակցությունը հայտնել է «Սրբազան պայքարին»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ որոշ մանրամասներ ներկայացնելով:
Պատգամավորի խոսքով, սեպտեմբերի 22–ին Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու ակտիվի եւ ակտիվ համակիրների մեծ հավաքը, որի ընթացքում, նրա ձեւակերպմամբ, բազմաթիվ հարցերի պատասխաններ են տրվելու: «Այսօր քննարկվեց մեր հետագա համագործակցության ձեւաչափը՝ նոր իրողությունների պայմաններում, ֆրակցիաների դերի ավելի ուժեղացման, խորհրդարանական ընդդիմության ձեռքի տակ, ունեցած գործիքակազմերը կիրառելու եւ համագործակցության ընթացքը էլ ավելի բարելավելու ուղղությամբ, հատկապես, որ մեր պետության առջեւ մարտահրավերներն ավելի են խորանում: Այս ընթացքում բազմաթիվ ապազգային հայտարարություններ են հնչել իշխող խունտայի կողմից, տեսնում ենք, որ ազգակործանը հերթական զիջումների է պատրաստվում, մեր երկիրը տանում է նորանոր աղետների»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:
«Գիտեք, որ էսկալացիայի վտանգը շատ բարձր է, Ադրբեջանը զինխեխնիկա եւ զորախումբ է կուտակում, եւ այս ամենը չի կարող մեզ չմտահոգել, չնայած սրանով մտահոգված չէ իշխող ռեժիմը: Իրենք այս ընթացքում զբաղված են միայն կյանքը վայելելով, ուտել-խմելով եւ համարում է, որ մեր պետության 30 տարիների մեծագույն ձեռքբերումը Կիրանցի 20-30 մետրանոց պատն է»,-հավելեց պատգամավորը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ