«Սուրեն Պետրոսյանն ինքը ցույց է տվել, թե որքանով է ընդգրկված այս շարժմանը եւ որքանով են արդյունավետ նրա գործողությունները: Ինքը չէ, որ պետք է ասի՝ ընդդիմադիր խմբակցությունները պե՞տք է լինեն Ազգային ժողովում, թե՞ չլինեն»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Սուրեն Պետրոսյանի դիտարկումները, թե քանի դեռ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն են խորհրդարանում ընդդիմություն, Նիկոլ Փաշինյանը մշտապես մնալու է իշխանության:
«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանի հետ ԱԺ-ում հանդիպմանն անդրադառնալով՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Սրբազան հայրը «Սրբազան շարժման» շրջանակներում ցանկացել էր հանդիպել ընդդիմադիր խմբակցությունների հետ: Այսօր այդ հանդիպումը տեղի ունեցավ: Ինչպես գիտեք, այս պահին «Սրբազան շարժման» վերլուծության, վերագնահատումների նաեւ հաջորդ փուլին անցնելու միջոցառումներ են, ինքը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական գործիչների, ուժերի ու անհատների հետ»:
Նրա խոսքով, իրենք աջակցել են շարժմանն ու շարունակելու են աջակցել. «Գործիքակազմեր են քննարկվել, որոնք վերաբերում են ԱԺ գործունեությանը , ընդդիմադիր խմբակցությունների գործողություններին: Դրանք վերաբերում են ե՛ւ իշխանափոխությանը, ե՛ւ իշխանություններին անվստահություն հայտնելուն»:
Պատգամավորի խոսքով, իրենք պայմանավորվել են, որ հետագայում եւս իրենց աջակցությունը շարժմանը կցուցաբերեն նաեւ ԱԺ-ում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության կողմից իշխանություններին անվստահություն հայտնելուն, Սեյրան Օհանյանն ասաց՝ այդ հարցը օրակարգում է, բայց Բագրատ սրբազանն ինքն էլ է գիտակցում , որ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունները կարող են գործել շարժման արդյունքից ելնելով. « Պետք է լինի ժողովրդական լայն համախմբում, ինչը կարող է պարարտ հող ստեղծել նման գործողությունների դիմելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից