Խմելու ջուրն Արմավիրի մարզում համապատասխանում է արդյոք առողջապահական նորմերին․ պատասխանում է ՀՀ առողջապահության նախարարությունը
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն Արմավիրի մարզի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ մարզում ծորակներից հոսող անորակ ջրի պատճառով խմելու ջուրը գնում են շրջիկ ավտոցիստեռներից կամ ստացիոնար կետերից։ Սակայն վաճառվող ջրի անվտանգության, նորմերի համապատասխանության վերաբերյալ որևէ վերահսկողություն չկա։ «Ավտոցիստեռներով բերվող ջուրը լաբորատոր քննության չի ենթարկվում։ Մենք չգիտենք՝ ինչ կերպ են մաքրվում ցիստեռնները։ Մենք հաստատ գիտենք, որ երբ Թալինից ջրով մեքենան լցվում է, որևէ մեկը ստուգում չի իրականացնում, չի կապարակնքում։ Ո՛չ բուժհաստատությունը, ո՛չ համայնքի պատասխանատուն չի հաստատում, որ այդտեղից գալիս է մաքուր ջուր։ Իսկ ստացիոնար վաճառքի կետերում՝ բուդկաների մեջ, չգիտենք՝ ինչ տարաներ են դրված, ինչ պարբերականությամբ են մաքրվում, ինչ ջուր է դատարկվում։ Արմավիրում սա լավագույն բիզնեսն է, որը չվերահսկվող է, և որևէ մեկը պատասխանատվություն չի կրում ժողովրդի առողջության համար, մինչդեռ համայնքի ղեկավարը, բնակավայրի վարչական պատասխանատուն, բուժհաստատությունները, տեսչական մարմինը պարտավոր են վերահսկողություն սահմանել», – Էկոլուրին հայտնել են բնակիչները։
Մասնագիտական ուսումնասիրությունները փաստում են, որ Արարատյան արտեզյան ավազանում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման հետևանքով տեղի է ունեցել ջրերի հանքայնացման աստիճանի բարձրացում: Արարատյան դաշտի ստորգետնյա ջուրը բնութագրվում է բարձր հանքայնացմամբ՝ կալցիումի, մագնեզիումի և հիդրոկարբոնատների գերակշռմամբ, ինչպես նաև խմելու ջրի որակական փոփոխություններից մեկն էլ կոշտության մակարդակի բարձրացումն է: Դեռ 2021թ-ին «Էկոլուր» մամուլի ակումբում անցկացված «Հայաստանում ջրային ռեսուրսների անվտանգությունը՝ կլիմայական կանխատեսումների սցենարի ներքո» կլոր սեղանի ժամանակ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային հաղորդագրության ջրի որակի հարցերով փորձագետ Լիանա Մարգարյանը հայտնել էր, որ խմելու ջրի այլ աղբյուրներ չունենալու պատճառով Առողջապահության նախարարությունն ավելացրել է խմելի ջրի նորմը Արարատյան դաշտի համար՝ 7 մգ էկվ/լ-ը դարձնելով 15 մգ էկվ/լ:
Արմավիրի մարզում խնդիրներից է նաև այն, որ Արմավիրի կեղտաջրերի մաքրման կայանի չաշխատելու արդյունքում կոյուղաջրերը լցվում են ոռոգման համակարգ և այդ ջրերով Արտաշարի բնակիչներն իրականացնում են ոռոգում։ Գյուղում տարածվում է գարշահոտություն և հակասանիտարական վիճակ։ Կա ռիսկ, որ կոյուղաջրերը կարող են թափանցել խմելու ջրի համակարգ։
Կարդացեք նաև
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն ս․թ․ հուլիսի 31-ին հարցում է ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Հարցմանը ս․թ․ օգոստոսի 6-ին պատասխանել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արմինե Ավոյանը։
ԷկոԼուր․ Արդյո՞ք ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է Արմավիրում վաճառվող շրջիկ ավտոցիստեռներից և ստացիոնար կետերից վաճառվող ջրի ուսուﬓասիրություն և վերահսկողություն։ Եթե այո, խնդրում ենք հայտնել արդյունքների մասին։
ՀՀ առողջապահության նախարարություն․ Շրջիկ ավտոցիստեռներից և ստացիոնար կետերից վաճառվող խմելու ջուրը հանդիսանում է «փաթեթավորված խմելու ջուր», համաձայն «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017 «упакованная питьевая вода» – питьевая вода, соответствующая требованиям настоящего технического регламента, разлитая в упаковку, предназначенную для продажи, или упаковку, предназначенную для первичной упаковки продукции, реализуемой конечному потребителю): ԵԱՏՄ ՏԿ 044/2017-ը սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտ է, որի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է համապատասխան տեսչական մարմնի կողմից։
Էկոլուր․ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերում հանքայնացման բարձրացումը ի՞նչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել այդ ջուրը խﬔլու և լվացվելու նպատակով օգտագործելու դեպքում։
ՀՀ առողջապահության նախարարություն․ «Հանքայնացում» ցուցանիշը, ըստ ներկայիս գիտական տվյալների, հիմնականում ազդում է ջրի զգայորոշական հատկությունների վրա և ապացուցված չէ ջրի հանքայնացման բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաև եվրոպական երկրներում խմելու ջրի որակին ներկայացվող պահանջները սահմանող Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2020/2184 հրահանգն անդրադարձ չեն կատարում խմելու ջրի հանքայնացմանը։
Միաժամանակ, ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի միջոցով բնակչությանը մատակարարվող խմելու ջրի բարենպաստ զգայորոշական հատկություններն ապահովելու նպատակով՝ ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանով սահմանվել է «Ընդհանուր հանքայնացում (չոր մնացորդ)» ցուցանիշը, որի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) կազմում է ոչ ավելի, քան 1000 (1500) մգ/լ։
Էկոլուր․ Արդյո՞ք Առողջապահության նախարարությունն ավելացրե՞լ է խﬔլի ջրի նորմը Արարատյան դաշտի համար՝ 7 մգ էկվ/լ-ն դարձնելով 15 մգ էկվ/լ Արարատյան դաշտում խﬔլու ջրի այլ աղբյուրներ չլինելու պատճառով։ Եթե ավելացրել է, խնդրում ենք նշել, թե որ թվականից և որ ենթաօրենսդրական կամ օրենսդրական ակտում է համապատասխան փոփոխությունն արվել։
ՀՀ առողջապահության նախարարություն․ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի՝ «Ընդհանուր կոշտություն» ցուցանիշի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) կազմում է ոչ ավելի, քան 7․0 (10) մմոլ/լ, այն հրամանի ընդունումից ի վեր փոփոխության չի ենթարկվել։
Էկոլուր․ Որքանո՞վ է առողջության համար անվտանգ Արտաշարում մշակաբույսերի ոռոգումը կոյուղաջրերով։
ՀՀ առողջապահության նախարարություն․ Կեղտաջրում առկա նյութերն անուղղակի ազդում են մարդու առողջության վրա (միայն սննդամթերքի և (կամ) կեղտաջրերի ջրամատակարարման համակարգ ներթափանցման միջոցով)։ Սննդամթերքի միջոցով ազդեցությունը կախված է մի շարք գործոններից, մասնավորապես՝ հողի տեսակից և որակից, սննդամթերքի տեսակից (միրգ, բանջարեղեն), տվյալ սննդատեսակի ընդունման չափաբաժնից, սննդամթերքի մշակման ձևից և այլ գործոններից։ Հարկ է նշել, որ սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման նպատակով, սննդամթերքի անվտանգության ոլորտի, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված են սննդամթերքում մանրէաբանական և քիմիական կազմի անվտանգության ցուցանիշներ։
Հարկ է նշել, որ նշված ոլորտներում քաղաքականությունը մշակվում է պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների, իսկ վերահսկողությունն իրականացվում է համապատասխան տեսչական մարմինների կողմից։
Էկոլուր․ Նախարարությունն ի՞նչ հաճախականությամբ է Արտաշարի խﬔլու ջրի ուսուﬓասիրություն իրականացնում և արդյո՞ք հայտնաբերել է շեղուﬓեր։
ՀՀ առողջապահության նախարարություն․ Խմելու ջրի որակին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանով, որի համաձայն՝ խմելու ջրի որակի հսկողության համատեքստում, ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպության կողմից պետք է իրականացվի արտադրական հսկողություն։ Հարկ է նշել նաև, որ նշված հրամանի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից։
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվում է բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի անկախ պետական մոնիթորինգ, ինչի արդյունքների համաձայն՝ Արտաշար բնակավայրում 2023 թվականի ընթացքում վերցված խմելու ջրի նմուշների 5․6 %-ում, իսկ 2024 թվականի ընթացքում՝ 16․7 %-ում արձանագրվել են շեղումներ, որոնց մասին տեղեկատվությունն անմիջապես ներկայացվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Հարկ է նշել, որ շեղումներն արձանագրվել են միայն մանրէաբանական ցուցանիշներում։
ԷկոԼուր