Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԲ-ն հրաժարվում է Հրայր Թովմասյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագման գույքի մասին տեղեկատվություն տրամադրել Հակակոռուպցիոն դատարանին

Սեպտեմբեր 16,2024 15:56

ՀՀ կենտրոնական բանկը մերժել է Հակակոռուպցիոն դատարանին եւ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի մասին, տեղեկություն չի տրամադրի։ Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Հրայր Թովմասյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով նիստի ժամանակ, Հրայր Թովմասյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը տարակուսանք է հայտնել դատավորի փոխանցած այդ տեղեկությունից եւ նկատել, որ ԿԲ-ի վարքագիծը չի կարող հարգելի համարվել։ Նա առաջարկել է, որ դատարանը ԴԱՀԿ-ի միջոցով ստանա այդ տեղեկությունը։

«Կամ, եթե պետությունն ասում է, որ ինֆորմացիան ինձ մոտ է, բայց ես այն չեմ տրամադրում, դատարանը պետք է հաստատված համարի այն տեղեկությունը, որի մասով հավելյալ ինֆորմացիան ԿԲ-ն հրաժարվում է տրամադրել»,-Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց Հրայր Թովմասյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

Հարցի վերաբերյալ դատարանը հավելյալ որոշում կկայացնի։

Արթուր Հովհաննիսյանի լուսանկարը՝ www.dialog.am կայքից

«Մենք ասում ենք՝ անձի արդար դատաքննության իրավունք կա եւ հնարավոր չէ անհամաչափ միջամտություն անել։ Մարդը դատարանում իր սեփականության իրավունքը պետք է պաշտպանի ու պետությունը չի կարող այն կարեւոր ապացույցը, որը պահանջվում է եւ որին տիրապետում է պետությունը, չտրամադրել։ Ինչի՞ չեն տրամադրում։ Այդ ի՞նչ գաղտնիք է եղել Հրայր Թովմասյանի մասով, որի չտրամադրելն ավելի կարեւոր է, քան նրա արդար դատաքննության կամ սեփականության իրավունքը։ Պետության կողմից սահմանափակումն անհամաչափ է ու եթե անգամ կա ինչ-որ օրենք, համաձայն որի ԿԲ-ն կարող է այդ տեղեկությունը չտրամադրել, դատարանը պետք է Սահմանադրությունը կիրառի՝ անձի արդար դատաքննության նորմն ապահովելով եւ պարտադիր պահանջի տվյալ տեղեկատվությունը»,- մանրամասնեց Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենք կողմ են անգամ գաղտնիության կամ հույժ գաղտնիության գրիֆին, որի դեպքում միայն դատարանը կարող է ծանոթանալ տվյալ տեղեկատվությանը, ՄԻԵԴ-ը նման տարբերակ էլ է նախատեսում, բայց հօգուտ անձի եւ ի վնաս պետության տեղեկատվությունը չտրամադրել՝ պետությունը չի կարող։

Պաշտպանական կողմը երրորդ հնարավորությունն էլ է դիտարկում․ «Դատարանը կարող է նաեւ որոշել, որ Քաղաքացիական օրենսգրքով վաղեմության ժամկետներն անցել են եւ պետք է Դատախազության մասին նոր օրենքով սահմանված ժամկետները կիրառվեն։ Դա էլ տարբերակ է ու մենք արդեն հաջորդիվ ատյաններում պատրաստ ենք ցույց տալ, թե ո՞ր օրենքի կիրառումն էր ճիշտ»։

Հրայր Թովմասյանի շահերի ներկայացուցիչները վաղեմություն կիրառելու միջնորդություն էին ներկայացվել դատարանին, այն հիմքով, որ ժամանակին արված գործարքները եւ ձեռք բերված գույքերը, որոնք հիմա որակվում են ապօրինի ձեռք բերված, դրանց մասին համապատասխան տեղեկատվությունը ԿԲ-ն ստացել է։ Փողերի լվացման դեմ պայքարի օրենքով, նոտարների, կադաստրի ծառայողների, պետռեգիստրի աշխատակիցների կողմից կնքված պայմանագրերի մասին տեղեկությունները փոխանցվում են ԿԲ-ին, որն էլ ուսումնասիրում էր գործարքների հիմքերը, փողերի լվացման հնարավոր ռիսկերը, ապօրինությունների մեխանիզմները եւ այլն։

«Դեռեւս այդ գործարքների կատարման պահին, պետությունը մեխանիզմ ուներ ստուգելու այդ գործարքներ օրինականությունը, ձեռք բերված գույքի օրինական հիմքերը։ Հետեւաբար, դեռ այն ժամանակ պետությունն ամենն ուսումնասիրել է եւ եթե ինչ-որ խնդիր լիներ, պետությունը վաղեմության ժամկետ պիտի հաշվեր, որը երեք տարի էր։ Մինչդեռ, պետությունը ոչինչ չի արել, ապա, 2020 թվականին նոր օրենք է ընդունել եւ ասում է՝ ես մի հատ էլ եմ գալիս՝ ստուգելու, դուք էլ եկեք՝ ապացուցեք, թե այդ գույքերն ինչպե՞ս եք ձեռք բերել։ Դրա համար էլ, մենք ասում ենք՝ վաղեմության ժամկետն անցած է, գործը պետք է կարճել»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Դատախազությունն առարկում է՝ ասելով, որ Դատախազության մասին օրենքով վաղեմության նոր ժամկետ է գրված, դատախազությանը երեք տարի ժամանակ է տրվում ուսումնասիրելու համար, որից հետո, եթե ընթացքում հայտ չեն ներկայացնում, այլ ավելի ուշ են ներկայացնում, վաղեմության ժամկետն անցածի նորմն է կիրառվում։

«Մենք էլ պնդում ենք, որ վատթարացնող նոր օրենքը չի կարող կիրառվել մեզ վրա։ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետը վաղուց անցած էր։ Հետեւաբար, եթե Դատախազության մասին նոր օրենքով պետք է ասեք, որ վաղեմության ժամկետները վերակենդանացնում եք, դա նշանակում է՝ մեր նկատմամբ վատթարացնող օրենք եք կիրառում։ Մնացած փուլերով, բնականաբար, մենք պատրաստ ենք եւ գույքի օրինականությունը ցույց տալ, եւ գումարների աղբյուրները, որոնք իրենք չեն տեսել ու կիսատ-պռատ հայց են բերել»,- գործի ընթացքից մանրամասներ ներկայացրեց պաշտպանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30