UWC Դիլիջանի 2018թ. շրջանավարտ, այժմ արդեն UWC Դիլիջանում որպես մաթեմատիկայի ուսուցչի օգնական աշխատող Նուր Մուսսան բանախոսությամբ դիմել է Երևանում կայացած Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին:
Համաժողովը, որն այս տարի հյուրընկալվեց Երևանում, սեպտեմբերի 12-14-ը, Դվին համալիրի Սեվեն վիժնզ դահլիճում, ընթանում է «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» խորագրի ներքո:
Նուրի անցած ուղին դեպի UWC Դիլիջան և Հայաստան, որտեղ նա այժմ աշխատում և բնակվում է, ուղղակիորեն առնչվում է համաժողովի խորագրին: Նրա կյանքի պատմությունը հզոր և ոգևորիչ ուղերձ է մասնակից երիտասարդ խորհրդարանականներին՝ կոչ անելով նրանց գործել, որպեսզի ոչ ոք լուսանցքում չմնա:
Իր բանախոսության ընթացքում Նուրն ընդգծեց, թե ինչպիսի վերափոխիչ հնարավորություն է ընձեռվել իրեն UWC Դիլիջանի դպրոցի, Հայաստանի Հանրապետության և UWC Դիլիջանի դպրոցի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի շնորհիվ: Նա համոզված է, որ կրթությունն ուժ է՝ մեջբերելով 2023 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր Բաքվում ապօրինաբար բանտարկված Ռուբեն Վարդանյանի խոսքը. «Պատրաստ լինենք տալ ավելին, քան երբևէ հույս ունենք հետ ստանալ»:
Կարդացեք նաև
Նուրի ուղին դեպի Հայաստան սկիզբ առավ 2016թ., երբ նա ընդունվեց UWC Դիլիջանի դպրոց: Նա սուդանցի փախստականների ընտանիքից էր, որոնք ապաստան էին գտել Լիբանանում: Նուրին չէր հաջողվել Լիբանանի քաղաքացիություն ստանալ: Նրա ունեցած միակ փաստաթղթերն էին ծննդյան վկայականը և հոր փախստականի վկայականը: ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակի օգնությամբ Նուռը ստացավ լեսե-պասե փաստաթուղթ և կարողացավ ժամանել Հայաստան, որը նրա համար խաղաղ հանգրվան դարձավ:
UWC Դիլիջան ընդունվելուն պես երևաց Նուրի՝ ուսման հանդեպ սերը և հակումը դեպի ճշգրիտ գիտություններ: Նրա կրթությունը UWC Դիլիջանում հովանավորել է Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը, որը 2016-2018 թթ. կրթաթոշակներ է շնորհել հակամարտության գոտիներից ընդունված ուսանողներին:
UWC Դիլիջան ընդունվելը շրջադարձային էր Նուրի կյանքում: «Այստեղ սովորեցի, թե որքան կարևոր է ճանաչել մյուսներին, որպեսզի ճանաչես ինքդ քեզ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռոչեսթերի համալսարանն ավարտելուց հետո Նուրը վերադարձել է UWC Դիլիջան, որտեղ աշխատում է որպես մաթեմատիկայի ուսուցչի օգնական:
UWC Դիլիջանի մասին
UWC Դիլիջանը տարածաշրջանի առաջին միջազգային դպրոց պանսիոնն է, որը գործում էUWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Դպրոցն ունի 220 ուսանող աշխարհի 80 երկրից և 84 աշխատող 16 երկրից։
UWC Դիլիջանը UWC շարժման մաս է կազմում, որի կազմում ներառված են 18 միջազգային դպրոցներ և քոլեջներ և ազգային կոմիտեներ շուրջ 160 երկրում:
UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին որոնք այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների ավելի քան 70% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։
UWC Դիլիջանում դասավանդվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի (International Baccalaureate, IB) ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-18 տարեկան երեխաների համար: UWC Դիլիջանն ունի ունի շուրջ 1000 շրջանավարտ ամբողջ աշխարհում: