Սեպտեմբերի 19-21-ը Երեւանում կկայանա «Հայերի ցեղասպանությունը. անցյալի եւ ներկայի ներհայեցումներ» խորագրով գիտաժողով, որը նվիրված է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 90-ամյակին: Գիտաժողովի կազմկոմիտեի անդամ Հովիկ Ավանեսովը ներկայացնելով գիտաժողովի առանձնահատկությունը, կարեւոր շեշտադրումները՝ Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Արդի ժամանակաշրջանում, երբ անընդհատ բախվում ենք ցեղասպանությունների նոր դրսեւորումների, որի վառ ապացույցը Արցախի ամբողջական հայաթափումն ու բռնազավթումն էր, ցեղասպանական բնույթի գիտաժողովների կազմակերպումը դառնում է ավելի արդիական: Աշխարհի տարբեր երկրներից ոլորտի մասնագետների մասնակցության պարագայում հնարավորություն է ստեղծվում բարձրաձայնելու այս խնդիրները, հատուկ շեշտադրումներ կատարելու, որ ցեղասպանության կանխարգելումը ու պատժի կիրառումը կարեւոր նշանակություն ունեն հետագայում նման դեպքերից խուսափելու կամ նվազեցնելու առումով:
Գիտաժողովում հստակ ընդգծվում է, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է իր հետ բերում: Մյուս կարեւոր շեշտադրումը ցեղասպանական արդի գրականության միտումներին անդրադառնալն է, եւ պատահական չէ, որ գիտաժողովը նվիրված է Ֆրանց Վերֆելի սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող աշխատության 90-ամյակին»:
Հովիկ Ավանեսովի խոսքով. «Գիտաժողովում առանձնակի տեղ է հատկացված Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությանը: Դա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք շարունակական ցեղասպանության հետ. գիտաժողովի շրջանակներում բոլոր թեմաների մեջ գրեթե կարմիր թելով անցնում է ցեղասպանության շարունակական բնույթը՝ Արեւմտյան Հայաստանից սկսած մինչեւ Արցախ-Նախիջեւան:
Հետաքրքիր զուգադիպությամբ՝ գիտաժողովի մեկնարկը սեպտեմբերի 19-ին է, երբ Ադրբեջանը հերթական անգամ սանձազերծեց պատերազմական գործողություններ Արցախի նկատմամբ, որով էլ սկիզբ դրվեց Արցախի ամբողջական հայաթափման ու բռնազավթմանը: Գիտաժողովի շրջանակներում առանցքային ուշադրություն է դարձվում նաեւ մշակութային ցեղասպանությանը: Մի քանի զեկույցներ կան, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվում եւ Արեւմտյան Հայաստանում, եւ Արցախում իրականացված մշակութային ցեղասպանությանը, ցեղասպանական նույն մեթոդաբանության կիրառմանը եւ այն հանգամանքին, որ քանզի դեռ ցեղասպանություն իրականացնողները պատասխանատվության չեն ենթարկվել, ցեղասպանական գործությունները շարունակվելու են: Առանցքային ուշադրություն է դարձվում ընդհանրապես ցեղասպանական թեմայի արդի միտումներին: Նման ուսումնասիրությունները եւ գիտաժողովները թույլ կտան ձեւավորելու մի այնպիսի հարթակ, որով հնարավորություն կտան պարզել, թե ցեղասպանական բնույթի թեմաների հետ կապված ինչպիսի խնդիրներ կան, այդ կարեւոր հիմնահարցերը լրատվամիջոցներն ինչ ձեւաչափով պետք է լուսաբանեն:
Կարդացեք նաև
Գիտաժողովը նաեւ փորձի փոխանակման լավագույն հարթակներից մեկն է հանդիսանում; Տարբեր երկրների գիտնականների եւ փորձագետների մասնակցությունը թույլ կտա էլ ավելի ամրապնդել ցեղասպանական բնույթի հետազոտությունները, տեղյակ լինել, թե ոլորտում ինչպիսի հետազոտություններ կան հրապարակված, նաեւ հիմք կհանդիսանա համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու համար:
Նման բնույթի գիտաժողովների կարեւորությունն էլ ավելի է բարձրանում, երբ դրանք կազմակերպվում են այն պետությունների եւ ազգերի կողմից, որոնք բախվել են ցեղասպանությունների: Սա նաեւ աշխարհին ցույց է տալիս, որ դա մարտահրավեր է բոլորի համար, քանի դեռ իրականացնողները չեն պատժվել, այդ մարտահրավերները թակելու են ցանկացած պետության եւ ազգի դուռը»:
Հովիկ Ավանեսովը նաեւ հավելեց. «Գիտաժողովի շրջանակներում առանձին մասնախմբային զեկույցներ նվիրված են Արցախի նկատմամբ իրականացված եւ իրականացվող ցեղասպան քաղաքականությունը: Խոսքը վերաբերվում է ոչ թե Արցախի Հանրապետությանը, այլ պատմական Արցախին, այսինքն` ամբողջական՝ նաեւ Հյուսիսային Արցախը ներառված, դրան զուգահեռ նաեւ անդրադարձ է կատարվելու Գանձակ-Կիրովաբադում տեղի ունեցածին:
Այս գիտաժողովը ամբողջականացնում է զեկույցներով այն ամբողջ ցեղասպանական գործընթացները, որը Արեւմտյան Հայաստանից մինչեւ Արցախ տեղի են ունեցել: Եվ բնականաբար հենց Արցախի ամբողջական բռնազավթումը եւ հայաթափումը հաշվի առնելով եւս լայն քննարկումներ են լինելու, որտեղ անդրադարձ կարվի վերջին իրադարձություններին, որոնք ցեղասպանական գործողություններ են իրենց մեջ պարունակում:
Հետաքրքրական է, որ միջազգային քրեական դատարանի երկու զեկույց է հրապարակվել դեռեւս Արցախի շրջափակման ընթացքում եւ շրջափակումից հետո, եւ այդ ամենը որակվել է որպես ցեղասպանություն: Մենք ոչ միայն խոսելու ենք Արցախի հայաթափման, այլ այն գործողություների մասին, որոնք նախորդել են շրջափակմանը, որպես ցեղասպան քաղաքականության մի բաղադրիչ:
Եվ գիտաժողովի կազմակերպումը սեպտեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում առիթ է լինելու ահազանգ է լինելու այն ամենի մասին, ինչին բախվել ենք Արցախում, ինչ տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում, դրանք մարդկության դեմ իրականացված հանցագործություններ են, որոնց մասին պետք է անընդհատ խոսել: Նաեւ համեմատականներ են լինելու, թե անպատժելիության մթնոլորտի հետեւանքով աշխարհի տարբեր երկրներում ինչպիսի նմանատիպ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել»
Նշենք, որ գիտաժողովը նպատակ ունի արժևորելու Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի արդիականությունը, պատմաքաղաքական ու գրական նշանակությունը, ներկայացնելու Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը և իրավական ու նյութական պատասխանատվության խնդիրները, բնութագրելու Թուրքիայի նկատմամբ հայ ժողովրդի պահանջատիրությունը և հայերի ցեղասպանության՝ Թուրքիայի իրական գնահատականի բացակայությունը՝ որպես նոր ցեղասպանությունների նախադրյալ, քննության առնելու հայերի ցեղասպանության պատմագիտական, կինեմատոգրաֆիական և գրական անդրադարձերը, քննելու հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի՝ որպես 20-րդ դարում թուրքական նախաձեռնությամբ ստեղծված պետության ցեղասպան քաղաքականությունն ու դրա դրսևորումները, վեր հանելու տեղեկատվական դաշտում հայերի ցեղասպանության խնդրի ներկայացվածությունը և վերջինիս ժխտման կամ խեղաթյուրման թուրք-ադրբեջանական կեղծարարական քարոզչությունը։
Միջազգային գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բազային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան էջից